«168 Ժամը» թերեւս փոխարժեքի խնդրին ամենահաճախ անդրադարձող թերթն է, եւ այդ պատճառով ուղղում եմ նամակս Ձեզ: Խիստ ուրախալի է, որ մակրոտնտեսական քաղաքականությունն ընդհանրապես, եւ դրամավարկային քաղաքականությունը մասնավորապես դարձել են հասարակական լայն քննարկումների առարկա: Ցավալի է, որ դա տեղի է ունենում միայն այժմ, երբ ունենք փոխարժեքի կտրուկ արժեքավորում: Հուսադրող է, սակայն, այն փաստը, որ հարցը դարձել է հասարակական հնչեղության առարկա այժմ՝ շարունակվող տնտեսական աճի ժամանակ, ինչը մեզ կարող է հնարավորություն ընձեռել նվազագույն կորուստներով իրականացնել տնտեսական աճին մշտապես ուղեկցող կառուցվածքային փոփոխությունները:
Բանավեճն օգտակար դարձնելու տեսակետից կուզեի առաջադրել հարցերի շրջանակ, որ ցավոք, համարյա չի արծարծվում մամուլում: Հարցերի նման շրջանակը կարող է իրեն հեշտորեն չտրամադրել կովկասյան վագրի ուրվականն ամենուր անշեղորեն հետապնդողներին, ու խաթարել երջանկահիշատակ տուզիկների զետեղումը վերնագրերում: Սակայն, քանի որ կարծում եմ, որ թերթն ունի մակրոտնտեսական քաղաքականությունը քննարկելու իրական շահագրգռվածություն, ցանկանում եմ առաջարկել եթե ոչ փոխել, ապա գոնե լրացնել քննարկման դիտակետը:
Բնականաբար, մակրոտնտեսական քաղաքականության քննարկումը չի բացառում օլիգարխներին, մենաշնորհները, անկատար շուկաները ու այլ հարցեր քննարկելը, սակայն բացառում է տեւական կառուցվածքային տեղաշարժերը միայն օլիգարխներով բացատրելը, կամ նրանց հարստացնող բոլոր տնտեսական երեւույթներն արհեստական անվանելը:
Կենտրոնական բանկը բազմիցս կրկնել է, որ արագ տնտեսական աճն առաջացնում է փոփոխություններ, որոնք հաճախ ցավոտ են, եւ այդ փոփոխությունների ազդեցությունը մեղմելու համար միշտ պետք է գին վճարել, այն է` ընտրել իրար հաճախ բացառող, սակայն ցանկալի երեւույթների միջեւ: Կամ, ինչպես սիրում են ասել տնտեսագետները, ձրի ճաշ չի լինում:
Այդ թվում տրանսֆերտներով ֆինանսավորված արագ տնտեսական աճը (այն միտքը, որ փոխարժեքի արժեքավորումը տրանսֆերտների, եւ ոչ թե աճի արդյունք է, մեթոդաբանորեն ճիշտ չէ՝ տրանսֆերտները բերում են տնտեսական աճի) փոքր բաց տնտեսության համար բերում է աներկբա երկընտրանքի խնդիր՝ գնա՞ճ, թե՞ փոխարժեք: Թե՛ մենաշնորհները, թե՛ ստվերային տնտեսությունը ազդում են գնաճի եւ փոխարժեքի վրա, եւ դրանց նվազեցումը միանշանակ կմեղմի գնաճի կամ փոխարժեքի աճը, սակայն չի վերացնի դրանց միջեւ առկա հիմնարար երկընտրանքը: Ահա այստեղ է, որ գործ ունենք տնտեսական զարգացման ռազմավարության հետ, ինչը ոչ միայն իշխանությունների (հաճախ հասարակ քաղաքացու կողմից առանձնապես չզանազանվող մարմինների, այդ թվում` կառավարության եւ ԿԲ-ի) խնդիրն է, այլեւ ամբողջ հասարակության (հետազոտողների, հասարակական կազմակերպությունների, մամուլի) տեղեկացված եւ ոչ զգայական քննարկման առարկան: Իհարկե, կարելի է նաեւ ավելի հարմար դիրք ընդունել՝ թող իշխանություններն իրենցն ասեն (ի վերջո, պարտավոր են որպես իշխանություններ դա անել, ինձ չի հուզում թե ով, թե ԿԲ-ն դրա օրենսդրական իրավունքն ունի՞, թե՞ ոչ), դուրս կգա` լավ, դուրս չի գա` բարոյական գերազանցության դիրքերից դաս տալը միշտ կա: Սա նույնպես կենսունակ, սակայն, ըստ իս, ոչ շատ օգտակար՝ այլընտրանքների խորը քննարկման բացակայության դեպքում, առավել քննարկված տարբերակը որոշում ընդունողների համար միշտ էլ նախընտրելի է թվալու:
Հայաստանում լողացող փոխարժեքի եւ շարունակական ներհոսքի պայմաններում դրամավարկային քաղաքականության մասին բազմիցս ենք նշել: Միգուցե ուշացումով, միգուցե ոչ անմիջապես եւ հրապարակայնորեն, սակայն նշել ենք, որ գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում խնդիրը ոչ թե Տիգրան Սարգսյանի կողմից ՀՀ ֆինանսական շուկայում փոխարժեքի անհատապես սահմանման սյուրռեալ տեսլականն է, այլ տնտեսական զարգացման ժամանակ իրար հաճախ հակասող տնտեսական արժեքներին համապատասխան քաղաքական կշիռներ տալը:
Գնաճ-փոխարժեք երկընտրանքը նշանակում է ընտրություն ոչ միայն տրանսֆերտ ստացողների եւ ներմուծողների միջեւ, այլեւ տնտեսության որոշակի ճյուղերի առաջընթաց զարգացման եւ բնակչության ավելի լայն խավերի եկամուտների վերաբաշխման (այդ թվում` հարկերի միջոցով) միջեւ: Ցավոք, տնտեսագիտության տեսությունը դեռեւս լուծումներ չի առաջարկել, որ աճի հետ կապված կառուցվածքային խնդիրները հավասարաչափ տարածվում են բոլոր ճյուղերի եւ խավերի վրա:
Փոխարժեքի ամրակցումը այլ երկրի արժույթի ՀՀ պայմաններում թե՛ տեսականորեն, թե՛ պրակտիկորեն խնդրահարույց է, թե՛ ցանկալիության, թե՛ կայունության առումով: Փոխարժեքի ավելի սահուն ուժեղացումը նշանակում է գին վճարել՝ ավելի բարձր գնաճի կամ ավելի դանդաղ տնտեսական աճի ձեւով, ինչն էլ ունի իր ազդեցությունն աղքատության նվազման վրա:
ՀՀ-ում առնվազն տասը տարի գործող լողացող փոխարժեքի ռեժիմը ծառայել է երկրին բավականաչափ լավ՝ ապահովելով տնտեսական աճ եւ զերծ պահելով էական ցնցումներից: Տարիներ շարունակ արժեզրկվող փոխարժեքը հիմնականում էժան աշխատուժի հաշվին թույլ է տվել ձեւավորվել համեմատաբար մրցունակ արտահանող հատված: Այժմ հիմնականում դրսի հոսքերի հաշվին ֆինանսավորվող շինարարության եւ ծառայությունների աճը ստեղծում են իրավիճակ, երբ էժան աշխատուժի վրա հիմնված տնտեսական աճի մոդելն ապրում է իր ոչ լավագույն օրերը՝ գնալով ծանրացող պայմանների մեջ դնելով աշխատատար արդյունաբերական արտադրանք արտահանողներին: Նմանատիպ արդյունաբերությունը, Չինաստանի եւ Հնդկաստանի՝ միջազգային շուկաներում ինտեգրվելու հետ մեկտեղ, երկարատեւ առումով Հայաստանում ապագա չունի: Բերեմ միայն մեկ թիվ՝ ՀՀ-ում ՀՆԱ-ի մեջ աշխատավարձերի կշիռը չի անցնում 40%-ից, երբ այլ երկրներում դա կարող է լինել կրկնակին: Միջազգային շուկաներին ինտեգրվելու դեպքում, եթե գոյություն ունի տնտեսական աճ, ապա այս ցուցանիշն անպայմանորեն ճշգրտվում է: Խնդիրն այլ է՝ արդյո՞ք տնտեսության կայուն զարգացմանն անհրաժեշտ էր արգելակել նրանց մրցունակության կորստի էական տեմպը, եւ ի՞նչ գին պետք էր տալ դրա համար: Կարո՞ղ է արդյոք տեմպը լինել շատ արագ եւ էապես վնասել ինքնահարատ տնտեսական աճի ներուժը:
Ցածր գնաճի դեպքում երկնիշ տնտեսական աճը նշանակում է նաեւ եկամուտների էական աճ: Շինարարության ոլորտն ապահովում է եկամուտների ամենահավասար բաշխումը, երբ բանվորների աշխատավարձը կազմում է ճյուղի ընդհանուր աշխատավարձի ավելի քան 85%-ը: Տնտեսական աճին համահունչ բյուջեի եկամուտների աճը նշանակում է բյուջեից ֆինանսավորվողների (ուսուցիչներ, քաղծառայողներ) եկամուտների՝ գնաճի թե՛ դոլարային, թե՛ դրամային ցուցանիշներն էապես գերազանցող աճ (վիճակագրության անաչառ վերլուծության դեպքում սա ակնհայտ է): Սա իսկապես նշանակում է աղքատության նվազում: Այս առումով, գինն ակնհայտ է եւ գնահատելի՝ գնաճի եւ տնտեսական աճի տարբեր մակարդակների դեպքում:
Արդյոք մեր տնտեսությունն ունա՞կ է արագ վերակառուցվելու: Արդյոք այն պայմաններում, երբ արտահանողներն ու ներմուծողները, որպես կանոն, դժվար զանազանելի են, երբ ստվերը դարձնում է ճյուղերի եւ ձեռնարկությունների շահութաբերության գնահատականը լավագույն գուշակության մրցույթ, երբ մեր արտաքին շուկաներում եւս արժույթն արժեքավորվում է, մենք ի՞նչ չափով ենք կորցնում մեր մրցունակությունը: Եվ արդյո՞ք փոխարժեքի անխուսափելի արժեքավորման դանդաղեցումը միայն չի երկարեցնելու որոշ ձեռնարկությունների հոգեվարքը, այլ հնարավորություն է տալու նրանց վերակառուցվել եւ վերապրոֆիլավորվել: Թեեւ ունեմ իմ կցկտուր դատողություններն այդ առումով, ես դեռ սպասում եմ գնահատականների: Հարկավոր է գնահատական, որ դրվի կշեռքի մյուս նժարին:
Թեեւ կարծում եմ, որ արտագնա աշխատանքից ստացված դոլարային եկամուտներով անձանց բարեկեցության խնդիրը, ինչպես նաեւ բարձր տնտեսական աճի շնորհիվ նրանց Հայաստան վերադարձնելը կարեւոր հարց է, ես միտումնավոր կերպով չանդրադարձա այդ խնդրին: Որովհետեւ կարծում եմ, որ երկարատեւ զարգացման տեսակետից իմ առաջադրած խնդիրներն առավել կարեւոր են, քան ներկրողներն` ընդդեմ տրանսֆերտ ստացողների, դոլարով վարձատրվող ժուռնալիստներն` ընդդեմ դրամ ստացող պետական չինովնիկների հաճախ անպտուղ բանավեճերը:
Խմբագրության կողմից – Դրամի արժեւորման ու դրա հետեւանքների միակ պատասխանատուն, մեր կարծիքով, միայն ԿԲ-ն չէ: Չնայած նրա մեղքի բաժինը քիչ չէ: Հրապարակային վեճերին իշխանության մարմիններից հիմնականում ԿԲ-ն է մասնակցում: Նաեւ այս պատճառով է ԿԲ-ն հայտնվում քննադատությունների կիզակետում: Տարօրինակ է, սակայն, որ տարբեր մակարդակներում կայացած քննարկումներից ԿԲ-ն ոչինչ չի քաղում, նրա դիրքորոշումը որեւէ հարցում որեւէ փոփոխություն չի կրում: Մենք (կհանդգնենք պնդել` նաեւ շատերը) չենք կարող ենթադրել, որ հայ տնտեսական մտքի մեծերը միայն ԿԲ-ում են աշխատում` դրա համար էլ հաշվի չեն առնում մյուսների մանր-մունր կարծիքները: Այդպես չի լինում: Որովհետեւ` չի կարող լինել: