Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվել է միայն մեկ հարց՝ ԼՂՀ Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցումը։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փաստեց, որ առաջին ընթերցումից եւ հանրային քննարկման փուլն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ, այդ թվում՝ 127-ը՝ պատգամավորական խումբ-խմբակցություններից եւ առանձին պատգամավորներից։ Նիստի օրակարգը հաստատելուց հետո ներկայացված առաջարկությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, հանրապետության գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը։ Գլխադասային հանձնաժողովների զեկուցումներից ու մտքերի փոխանակումից հետո պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին երկրի Գլխավոր օրենքի նախագիծը, որը պետք է ներկայացվի համաժողովրդական քվեարկության: Հանրաքվեի օրը կնշանակվի հանրապետության նախագահի հրամանագրով: Նիստին 33 պատգամավորներից ներկա էին 31-ը, որոնցից 29-ը կողմ քվեարկեցին: Դեմ է քվեարկել միայն անկախ պատգամավոր Արմեն Աբգարյանը, որը նախկինում պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի տեղակալն էր: Ձեռնպահ է մնացել «ՀՅԴ – Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը:
Ա.Դ.