Թալան թիվ 1
Ընդամենը 600 հազ. ԱՄՆ դոլարով վաճառվել է Ագարակի լեռնահարստացուցիչ
ֆաբրիկան, որտեղ վաճառքի պահին առկա մետաղյա կոնստրուկցիաները որպես
մետաղի ջարդոն վաճառելու դեպքում կստացվեր 6 միլիոն ԱՄՆ դոլար զուտ
շահույթ: Հայտարարվել է, որ այն գնել են ամերիկացիները, իրականում միայն
գնորդ ընկերության անվանումն ու գրանցման վայրն է ամերիկյան, մնացյալը
մերն է՝ հայկական, դրան գումարած այն, որ վաճառքն էլ կատարվել է առանց
ներդրումային ծրագրի եւ որոշակի պարտավորությունների ստանձնման:
Թալան թիվ 2
1,2 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը:
Սցենարը եւ ձեռագիրը նույնն է, ինչ Ագարակինը, որն էլ հիմք է տալիս
ենթադրելու, որ թալանի այս երկու դեպքերի հեղինակները նույնն են: Փոխվել է
միայն գնորդի ծագումնաբանությունը: Գործարքին եվրոպական երանգներ
հաղորդելու նպատակով հայտարարվել է, որ այն գնել են շվեյցարացիները:
Հարցին՝ ինչպե՞ս են հաջողացրել այդքան էժան գնել, ոչ ոք չի պատասխանում,
բոլորը բազմանշանակ լռում են՝ հասկացնել տալով, որ Շվեյցարիան այստեղ
որեւէ կապ չունի, ամեն ինչ արված է «վերեւների կամքով», եւ գնորդներն էլ
մերոնք են՝ եվրոպական երեւակայությամբ:
Թալան թիվ 3
Վերջերս էլ 132 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային
կոմբինատը, որից «նաղդ» վճարել են 42 մլն ԱՄՆ դոլարը, մնացյալ 90 մլն-ը՝
հետո, երբ կլինի: Եվ կրկին ձեռագիրը նույնն է, այսինքն՝ դեպքը կատարվել է
այն անձանց կողմից, որոնք հեղինակն են վերոհիշյալ երկու դեպքերի: Այս
անգամ առքուվաճառքը ստացել է գերմանական երանգ: Առաջին ֆոնին «Քրոնիմետ»
ընկերությունն է, որը գործարքի իրականացման պահին ներկայացնում էր
ընկերության նախագահ պարոն Գյունտեր Պիլարսկին, այնուհետեւ՝ «Մաքուր
երկաթի գործարանը», որի բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը կրկին «Քրոնիմետ»
ընկերությունն է, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ընկերությունը
(նախագահ՝ Կարեն Կարապետյան) եւ, վերջապես, «Զանգեզուր մայնինգ»
ընկերությունը, որի նախագահը ոչ այլ ոք է, քան Զանգեզուրի ՊՄԿ-ի տնօրեն
Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը: Իսկ ինչո՞ւ ենք նշում պրն Հակոբյանի
հայրանունը: Դրանով ցանկանում ենք ցույց տալ այն կապը, որը կա երկրորդ եւ
երրորդ դեպքերի միջեւ: Բանն այն է, որ Կապանի ԼՀԿ-ի տնօրենը Մարտուն
Անուշավանի Հակոբյանն է՝ Մաքսիմ Հակոբյանի հարազատ եղբայրը:
Ինչով են փոխկապակցված այս երեք դեպքերը
Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան եւ Կապանի լեռնահարստացուցիչ
կոմբինատը չնչին կոպեկներով վաճառելուց հետո տեղի է ունեցել նախադեպը
չունեցող մի հետաքրքիր դեպք՝ այս ձեռնարկությունների կառավարումը հանձնվել
է Զանգեզուրի ՊՄԿ-ին, այսինքն՝ Մաքսիմ Հակոբյանին: Հիշեցնենք, որ այդ
պահին Զանգեզուրի ՊՄԿ-ն պետական ձեռնարկություն էր եւ աշխատում էր տարեկան
20 մլն ԱՄՆ դոլար շահույթով: Հավելենք, որ Ագարակի եւ Կապանի կոմբինատները
վերագործարկվել են Զանգեզուրի կոմբինատի շնորհիվ եւ կարող են լրիվ
հզորությամբ աշխատել Քաջարանից արդյունահանվող հանքաքարի ծավալի նույնիսկ
10%-ով: Թե ինչու Զանգեզուրի կոմբինատի տնօրինությունն ինքը չի գնել այս
երկու ձեռնարկությունները, մնում է անհայտ: Այս մասին լռում են թե՛
Երեւանում, եւ թե՛ Քաջարանում:
Վաճառքի առաջին երկու դեպքերն իրար նման են նաեւ նրանով, որ
սեփականաշնորհումից հետո այնտեղ որեւէ լուրջ ներդրում չի կատարվել: Երրորդ
դեպքում՝ գերմանական ընկերությունը պարտավորվել է որոշակի ներդրումներ
կատարել, որոնց մասին Արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը խոսեց
վաճառքի պայմանագիրը ստորագրելուց հետո միայն: Ըստ այդ ծրագրի, Քաջարանում
պետք է կառուցվի նոր մետալուրգիական գործարան, որի արժեքն, ըստ
մասնագետների, կազմում է նվազագույնը 500 մլն ԱՄՆ դոլար: Գործարանի
կառուցման նպատակը վերջնական արդյունքի ստացումն է, այսինքն՝ Զանգեզուրի
կոմբինատը ներկայիս արտահանվող խտանյութի փոխարեն հնարավորություն կունենա
վաճառել մաքուր մոլիբդեն, որի արժեքը միջազգային շուկայում վերջին
տարիներին աննախադեպ աճ է ապրել՝ 1995 թվին 1 կգ-ի դիմաց առաջարկվող 5 ԱՄՆ
դոլարից հասնելով 68 ԱՄՆ դոլարի: Սակայն ուշադիր կարդալով նախարար Կ.
Ճշմարիտյանի հրապարակած տվյալները՝ նկատում ենք, որ գնորդները պարտավորվել
են 2005-2008թթ. ներդնել 100-130 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչեւ 2012թ.՝
280-350 մլն ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում է նախկին ներդրումը, այսինքն՝
լավագույն դեպքում նրանք կներդնեն առավելագույնը 350 մլն ԱՄՆ դոլար, որով
հնարավոր չէ նոր մետալուրգիական գործարանի կառուցումը: Ծիծաղելի կհնչի,
եթե ասենք, թե այդ մասին տեղյակ չէ արդյունաբերության նախարարը: Այդ
դեպքում ինչո՞ւ է կառավարությունը որոշել վաճառել կոմբինատը, մանավանդ, որ
գնորդները մինչեւ տարեվերջ պետք է վճարեին միայն 42 մլն-ը: Սուտ է նաեւ
այն հայտարարությունը, որ միջազգային մրցույթ հայտարարելուց հետո ոչ մի
այլ ընկերություն ավելին չի ցանկացել վճարել: Հիշեցնենք, որ դեռ 1997թ.,
երբ հանրապետության վարչապետը Ռոբերտ Քոչարյանն էր, հարավաֆրիկյան JCI
ընկերությունը, որը մասնագիտացած է հանքարդյունաբերության ոլորտում,
Հայաստանի կառավարության հետ մտադրությունների համաձայնագիր է ստորագրել,
ըստ որի՝ ցանկություն է հայտնել Զանգեզուրի կոմբինատի տեխնիկական
վերազինման նպատակով ներդնել նախ 100 մլն ԱՄՆ դոլար, իսկ հետագայում՝ եւս
200 մլն, որը վերազինման իրականացման համար ավելի քան բավարար գումար էր:
Ընդ որում, այս ընկերությունը համաձայն է եղել համագործակցության ցանկացած
ձեւի: Առաջարկը մնացել է անպատասխան:
Ներդրումների ոլորտում երրորդ գործարքը արդեն իսկ նմանվում է առաջին
երկուսին եւ եթե դրան հավելենք, որ պարոն Գյունտեր Պիլարսկին Հայաստանում
աշխատելու 10-ամյա փորձ ունի եւ համոզված է, որ կարեւորը կոմբինատը ջրի
գնով ձեռք բերելն է, իսկ ներդրումներ կարելի է եւ չանել, ապա ամեն ինչ
պարզ կդառնա: Չէ՞ որ, իրենց ներդրումային պարտավորությունները չկատարած եւ
ոչ մի սեփականատեր մինչ օրս չի պատժվել՝ «ԱրմենՏելը» ակնառու օրինակ:
Նոր տերերի նպատակները եւ դրա հետեւանքները
Պարոնայք Պիլարսկու եւ Մաքսիմ Հակոբյանի ապագա ծրագրերը պարզ են դառնում՝
կտրուկ ավելացնելով հանքաքարի արդյունահանումը, հնարավորինս շատ շահույթ
կորզել: Իսկ այդ շահույթից կառավարությունը համեստաբար մեծ բաժին չի
ակնկալում՝ տարեկան 20 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի 32%-ը միայն:
Դրա պատճառը մեկը կարող է լինել, այն է՝ վաճառքի պահին յուրաքանչյուրն իր
փայաբաժինը ստացել է, եւ կոմբինատն էլ վաճառվել է ոչ թե օտարի, այլ շատ
յուրային մեկի, որի գրպանին պետք չէ դիպչել, մեկ է՝ դա էլ է իրենցը:
Պիլարսկու եւ Մաքսիմ Հակոբյանի հայտարարությունն արդյունահանման ծավալների
ավելացման մասին իր մեջ թաքնված վտանգ է պարունակում Քաջարան քաղաքի
համար, որովհետեւ այդ քայլն էլ ավելի կծանրացնի առանց այդ էլ ծանր
էկոլոգիական վիճակը: Նշենք միայն, որ Քաջարանի օդային ավազանում ծծմբի
քանակը թույլատրելի նորման գերազանցում է մի քանի տասնյակ անգամ: Այսօր էլ
Քաջարանում սովորական երեւույթ է թե՛ հանքավայրում իրականացվող
պայթեցումների պատճառով բնակչության տեղահանումը, որն իր հոգեբանական
ազդեցությունն է թողնում մարդկանց վրա, թե՛ քաղաքի վրա նստած ծխի ամպը,
որի մեջ ծծմբի պարունակության մասին բոլորը լռում են: Էկոլոգիական մեծ
վտանգ են պարունակում հանքավայրում առկա ռադիոակտիվ տարրերը, որոնք որպես
կանոն հանդիսանում են ուղեկցող նյութեր: Դրանց մասին նոր սեփականատերերը
շրջահայացորեն լռում են, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են խոշորածավալ
ծախսեր: Իսկ նրանք մտադիր չեն նման ծախսեր կատարել: Դեռեւս խորհրդային
տարիներին հանքավայրի որոշակի տարածքի բետոնապատման միջոցով այդ վտանգը
չեզոքացվել է, սակայն Քաջարանում ջրատար խողովակները քայքայվում են շատ
ավելի արագ, քան մեկ այլ վայրում, հիվանդությունների թիվը բարձր է
հանրապետության միջինից, մինչեւ վերջ ուսումնասիրված չեն արդյունահանվող
հանքաքարում առկա նյութերի ազդեցությունը դրանց հետ անմիջապես շփվող
մարդկանց առողջության վրա:
Ինչ կորցրեց պետությունը
Նշենք միայն, թե ինչ է իրենից ներկայացնում Քաջարանի հանքավայրը, որը 25
տարով կոնցեսիոն հիմունքներով կոմբինատի հետ հանձնվել է նոր
սեփականատերերին:
Կոմբինատը կառուցվել է համաշխարհային չափանիշներով հազվագյուտ հանքավայրի
կողքին: Այն պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների 7%-ը: Բացի
մոլիբդենից, հանքավայրում առկա են Մենդելեեւի պարբերական աղյուսակի
համարյա բոլոր մետաղները (ռենիում, թելուր, ոսկի, արծաթ, պղինձ, սելեն եւ
այլն), որոնց արդյունահանման համար անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաներով
հագեցած արտադրության կազմակերպում: Հանքավայրը եզակի է նաեւ իր
մեծությամբ՝ այն տարածվում է հարավում՝ մինչեւ Իրան, հյուսիս
արեւմուտքում՝ մինչեւ Սիսիան, որտեղ ժամանակին մոլիբդեն եւ ոսկի է
արդյունահանվել (Դաստակերտի Պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը
դադարեցվել է 1960-ական թթ., տարօրինակ հանգամանքներում՝ ոչ շահավետ
լինելու պատճառաբանությամբ): Հայաստանից բացի, մոլիբդեն պարունակող
հանքաքար արդյունահանում են Չիլիում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մոնղոլիայում,
նախկին ԽՍՀՄ տարածքում եւ Չինաստանում: Նախկին ԽՍՀՄ-ում Զանգեզուրի
կոմբինատը տալիս էր արդյունահանված մոլիբդենի մեկ երրորդը: Այն
հիմնականում օգտագործվում է պողպատաձուլության բնագավառում՝ որպես
ամրացնող տարր, բացի դրանից՝ մոլիբդենն օգտագործում են հրակայուն նյութերի
արտադրության մեջ, այսինքն՝ հանդիսանում է ռազմավարական նշանակության
մետաղ: Հայաստանը խորհրդային տարիներին երբեւիցե չի արդյունահանել
մոլիբդենի վերջնական արտադրանք, այլ՝ միայն խտանյութ, որի մեջ մոլիբդենի
տոկոսային պարունակությունը կազմում է 50%: Դրա հետ մեկտեղ, որպես օժանդակ
նյութ, արդյունահանվում է 25-27%-անոց պղնձի խտանյութ, որի ծավալները
կարող են հասնել մինչեւ 70 հազ. տոննայի՝ մոլիբդենի խտանյութի
արդյունահանման առավելագույնը 7 հազ. տոննայի պարագայում: