«Ցեղասպանությունը շարունակում են իշխանությունները»

03/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք տարբեր թեմաների շուրջ տաքսու վարորդների կարծիքների շարք ենք ներկայացնում: Վարորդներն անկեղծորեն ամեն ինչից դժգոհ են եւ հիմնականում իրենց վրդովմունքն են հայտնում Հայաստանում տիրող անարդարության, աղքատության, անբարոյականության, քրեականացված մթնոլորտի վերաբերյալ: Այս անգամ որոշեցինք լսել նրանց կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, սակայն նրանց առօրյա խնդիրներն այնքան շատ են, որ, միեւնույն է՝ խոսակցությունը տեղափոխում էին կենցաղային դաշտ: Նրանցից շատերը հրաժարվում էին խոսել այս թեմայի շուրջ՝ պատճառաբանելով, թե հոգսերն իրենց խեղդում են, եւ արտաքին քաղաքականությանը հետեւելու տրամադրություն չունեն: Ոմանք էլ պնդում են, որ հայերի դեմ կատարված ցեղասպանությունը շարունակում են ՀՀ իշխանությունները:

Վարորդ Գեւորգն ասածն ապացուցելու համար բերում է վառ օրինակ. «Հարեւանս, 15 տարի ա, չի աշխատում, առեւտուր արեց՝ տակ տվեց, ինչ էլ ուներ` վաճառեց՝ պարտքերը փակեց: Երեք երեխատեր տղամարդ ա, 2 տարի առաջ կնկան համոզեցին, թե Թուրքիայում կարա լավ փող աշխատի: Ինչ էլ որ մնացել էր՝ վաճառեց, կնկան ուղարկեց Թուրքիա: Կինը զանգում, ասում էր, ուրիշների տները մաքրելով ա փող աշխատում-ուղարկում տուն: Էդ տղեն մեռավ ասելով, որ վե՛ր կաց, արի, երեխեքը չեն դիմանում, ջհանդամին լինի էդ փողը: Կինն ամեն օր զանգում, ասում էր՝ էսօր, վաղը, մյուս ամիս, հետո էլ` մյուս ամիս, ու չէր գալիս: Անցյալ տարի հարեւանս պարտքով փող ճարեց, գնաց Թուրքիա, որ կնկան առնի գա: Գնաց ու ի՞նչ պարզվեց: Կինը թուրքերին վաճառվելով էր փող աշխատում: Հիմա դու էդ տղամարդու ու 3 երեխու վիճակը պատկերացրու. տունը քանդվեց: Կինն էլի էնտեղ ա, իսկ ամուսինը չի էլ ուզում երեսը տեսնի կամ փողն ընդունի, բայց դե էդ փողն երեխեքին պահում ա: Էդ ցեղասպանություն չի՞, որ 3 երեխեքը որբ մնացին…: Էն ժամանակ թուրքերը հայ կանանց բռնաբարում, տանջում, աշխատացնում էին, իսկ հիմա կանայք երեխա պահելու համար գնում, իրենք իրենց առաջարկում են թուրքերին: Մեր պաշտոնյաները, որ էդքան պահանջներ են դնում, թող մի հատ իրանք իրանց հարց տան, թե ինչքանո՞վ են տարբերվում թուրքերից»,- բարկացած ասում է վարորդ Գեւորգը՝ ավելացնելով, որ կանանց չի մեղադրում, որովհետեւ դժվար է սեփական երեխային սոված տեսնելը: «Շատ պարկեշտ մարդիկ էին, կինն էլ գրագետ կին էր, բայց ի՞նչ մեղադրես, 20 տարի ա իրանց ճանաչում եմ, ես հո գիտե՞մ, որ էդ կինն անճարությունից գնաց էդ քայլին: Որ ստեղ էր՝ կար ու ձեւ էր անում, բայց հիմա փող ունեցողները Եվրոպայից են շոր բերում, էդ խեղճուկրակի կարածն ո՞վ կհագներ: Դպրոցական երեխեքը սովից իրար գլուխ էին ջարդում, էդ կնոջ քայլն արդարացված ա, որովհետեւ որպես մայր` ինքը տառապում էր: Հիմա, եթե Թուրքիան որոշի` հայերին արտաքսի, ո՞ւր պիտի գա էդ խեղճը, ո՞վ կընդունի իրան, ընտանիքից զրկվեց»,- ասում է Գեւորգն ու խնդրում խոսակցությունը եզրափակել, քանի որ զայրույթից շփոթվում է մեքենա վարելիս:

«STOP կտաս»

Վարորդ Սահակն էլ հարցին պատասխանելուց առաջ ինձ խնդրում է՝ «Հիմա ես երեւի բաներ կասեմ, որոնք շատ պատասխանատու կլինեն, ու բաներ կասեմ, որոնք բարձրաձայն ասելը վտանգավոր ա: Եթե զգաս, որ ջղայնությունից կանտրոլս կորցնում եմ` stop կտաս»: 1988թ. առաջ նա աշխատել է Սովետաշենի, ապա` Մեղրիի կալանավայրերի պետ. «Ես մի քիչ ինձ իրավունք չեմ վերապահում ցեղասպանության հարցը քննարկել, չեմ կարա ասեմ, թե Ֆրանսիան ինչ արգումենտներ հաշվի առնելով գնաց էդ քայլին: Չեմ ուզում քաջատեղյակի տպավորություն ստեղծեմ ու միանշանակ որակումներ տամ: Բայց դուք ձեր շուրջը նայեք, մարդկանց սոցիալական վիճակին հետեւեք ու հարց տվեք՝ Հայաստանում սոցիալական ճանապարհով ցեղասպանություն չկա՞: Ես չգիտեմ, թե էդ ցեղասպանությունը Հայաստանի կառավարությո՞ւնն ա անում, թե՞ իշխանությունները դրսի պատվերով են ժողովրդին էս օրը գցում: Սա ահագին մտածելու տեղիք ա տալիս: Գուցե սիոնիստների՞ն ա պետք, որ մի ողջ ժողովրդի դանդաղ կերպով վերացնեն, կամ էլ ամերիկացիներին: Էսօր ժողովրդի տարրական պայմանները կարան կես ժամվա մեջ ապահովեն, դա անհնար բան չի, ու միջոցներն էլ կան, բայց մարդիկ ցանկություն չունեն պայմաններ ստեղծելու: Հիմա նայեք էս երթեւեկությանը, հնարավո՞ր ա կարգավորել, թե՞ չէ, իհարկե հնարավոր ա: Եթե ամեն մի գործ կոմպետենտ մարդ անի ու անելու ցանկություն ունենա՝ կանի: Էսօր բոլոր ոլորտները վստահված են ոչ կոմպետենտ մարդկանց: Նպատակամղված քաղաքականություն ա, թե չէ՝ ո՞նց կարա հայը հայի հանդեպ էսքան թշնամանա, մարդը կարա՞ էս աստիճանի թշնամի լինել սեփական պետության համար: Իշխանությունն էսօր մեծ լծակներ ունի, բայց արգելում ա ընտրական, քրեադատավարական օրենսգրքերի մեջ փոփոխություններ կատարել, որովհետեւ դա իրան ա դեմ լինելու»,- ասում է Սահակը՝ հավելելով, որ երկու ինստիտուտ ավարտելով, կալանավայրի պետ աշխատելով` այսօր տաքսու վարորդ է աշխատում: 22 տարի ոստիկանական համակարգում աշխատած վարորդ Սահակը 46 տարեկանից թոշակ է ստանում. «1998 թվին թքեցի-դուրս եկա էդ համակարգից, որովհետեւ ես չեմ կարա ծռվեմ: Եթե վարչության պետը, ուսադիրներով գնդապետը, հանձինս` Մուշեղ Սաղաթելյանի, մտնում ա, զոնում գողի հետ պաչ-պռոշտի ա անում, ես ո՞նց կարամ էդ մարդու հետ կռիվ չտամ: Չեմ կարա ոտը պաչեմ ու ասեմ՝ դու ես իմ Աստվածը: Իմ համար իմ Աստվածը օրենքն ա ու իմ թասիբը: Ո՞նց կարելի ա հանդուրժել, երբ որ ուսադիրավոր մարդը գողի հետ գրկախառնվում ա, ո՞նց կարելի ա աշխատել, երբ որ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իրա կաբինետում պիստալետը հանում, դնում ա Սաղաթելյան Մուշեղի ճակատին ու ասում ա՝ կգյուլլեմ, ու չի գյուլլում»,- նյարդայնացած պատմում է Սահակը, ով անդրադառնալով ներկայիս կրիմինալ մթնոլորտին` համարում է, որ այդ երեւույթն ինչ-որ մարդկանց համար դիվիդենտներ հավաքելու առիթ դարձավ: «Որ անկեղծ ասեմ՝ աշխատում եմ չհետաքրքրվել, թե ինչ են ասում, որովհետեւ, եթե հետաքրքրվեմ, պիտի մասնակից լինեմ, իսկ մասնակից լինելու համար պիտի քյալլա տամ: Բոլորն էլ փոփոխական մարդիկ են, գաղափարի, նպատակի տեր մարդու չեմ տեսնում: Եկեք ցանկացածի անցյալը, վարքագիծը տարբեր պարագաներում ուսումնասիրենք: Հայրիկյանից բռնած՝ մյուսներից վերջացրած: Բոլորի անցյալը լավ գիտեմ, դատական գործերն իմ ձեռքի տակով են անցել, ու դրանց նստելու իրական պատճառներին քաջատեղյակ եմ: Որի մասին ուզում եք` փաստեր բերեմ ու ապացուցեմ, որ մեջները տղամարդ գոյություն չունի: Հիմա իրանց հարցերը լուծելու համար աղմուկ-աղաղակ են բարձրացնում, լավ ճառեր են ասում, բառեր են ասում, որ 20 հոգու համար հասկանալի ա, բայց 80-ի համար՝ ոչ: Օրինակ՝ էն Մարքսիստական կուսակցության նախագահը նենց ճարտար ա խոսում, մարդու քեֆը բերում ա, բայց ասածից երեւի 20 հոգուց 1-ն ա հասկանում, թե ինչ ա ուզում ասի: Ո՞ւմ են պետք էս կեղծ կուսակցությունները, վերջապես կարելի՞ է մի օրենք մշակել, որ, եթե անդամները 50.000-ից պակաս են` կուսակցությունը փակվում ա: 100 հոգի լավ ընկերներ ես էլ ունեմ,- ասում է Սահակն ու կրիմինալի դեմ պայքարի հարցում առաջարկում իր դեղատոմսը,- Թող ամեն մեկն իրան հայելու մեջ նայի, ինքն իրան խոստովանի, թե ինքը ով ա, ու հաշիվն առնի, թե էդ բարոյականությամբ իրավունք ունի՞ կրիմինալին կարգի հրավիրել: Ասողներն էնքան չոտկի տղերք պետք ա լինեն, որ խոսքը տեղ հասցնեն: Մի հատ նայեք մեր իշխանությանն ու ընդդիմությանը՝ ո՞վ պետք ա դրա դեմն առնի, ո՞ւմ պոչն ինչ-որ մեկի տակը չի»:

Ցեղասպանությունը, Հարկայինն ու կոռուպցիան

Վարորդ Վարդանը համարում է, որ շարքային քաղաքացու կյանքում ցեղասպանության ճանաչումը դեր չի ունենա, քանի դեռ Հայաստանում հասարակությունը հարուստների եւ աղքատների շերտերի է բաժանվել: «Ցեղասպանությունն էլ մարդկանց պրոպագանդելու թեմա դարձավ: Խորիմաստ հայացքով նստած տեսակետներ են հայտնում: Հեռուստատեսությունը, թերթերը մարդկանց ցեղասպանության թեմայով վերցրել-պրոպագանդա են անում: Ալիքները բացում ես՝ բոլորը նույն դեմքերն են, հիմա դրանց «էլիտար» են ասում, չէ՞: Հենց էդ ալիքներն են դրանցից աստղ սարքում: Նենց թեմաներ են քննարկում, նենց բաների մասին են խոսում, որ զարմանում ես, ասում ես՝ լավ, սաղ հարցերը լուծեցիք, հիմա էլ անցել եք դրա՞ն: Ախր մեկը հասարակ ժողովրդի մասին չի խոսում, մեկը ժողովրդի հոգսերի մասին լուծում չի առաջարկում: Լսում ես դրանց խոսքուզրույցն ու մտածում՝ էս ի՜նչ հեքիաթային երկրում ենք ապրում, ամեն ինչ էս ի՞նչ լավ ա: Նույնն էլ թերթերը, ճիշտ ա, շատ չեմ կարդում, բայց որ թերթը բացում ես` նույն մարդկանց ասածն են քարոզում, ու թվում ա, թե ամեն ինչ լավ ա: Բայց էդ լավը հո մենակ հարուստների համար չի՞, բա միջին կարգի ապրող մա՞րդը: Ախր էդ մարդիկ ռեալ խնդիրներից չեն խոսում, դրա համար էլ մարդ հիասթափվում ա, էլի: Ես ի՞նչ կարծիք հայտնեմ, երբ հեռուստացույց միացնում եմ՝ ջղայնանում եմ, թերթ կարդում եմ՝ ջղայնանում եմ, աշխատանքի մեջ էս բեսպրեդելից ներվերս խախտվում ա: Փաստորեն ժողովրդի համար ոչ մի բան չկա, ալիքներն իրանց համար են, թերթերն իրանցն են, բիզնեսն իրանցն ա: Քեզ պարզ օրինակ բերեմ: Փեսես տեսավ, որ չի կարում հալալ քրտինքով ընտանիք պահի, ասեց` մի բան ձեռնարկեմ: Պարտք արեց, որ իրանց հայաթում փոքրիկ ավտոսպասարկման կետ բացի: Էդ փաստաթղթերը սարքելու համար 20 հատ պետական դուռ թակեց ու մուծվեց, թակեց ու մուծվեց: Ներվատրյոպկով փաստաթղթերը վերցրեց, մեկ էլ Հարկայինից եկան, բա թե՝ դու էսինչ տեղը մի մուծի, մի քանի ամիս 25.000 դրամ մեզ կտաս` կաշխատացնես: Սա էլ ասեց՝ ո՞նց պետական մուծումը չանեմ, ձեզ տամ, վաղը-մյուս օրը կասեն` չես մուծել՝ ո՞նց ես աշխատացնում: Սրանք էլ թե՝ չտաս, փակել կտանք»,- դժգոհում է Վարդանը:

«Էդ արարքը պատժելի ա»

Վարորդ Գուրգենը ծանր հոգոց հանելով ասում է՝ «Ֆրանսիայի պազիցիան ինձ շատ դուր եկավ, շատ բարոյական քայլ էր: Հիմա շատ են ասում իբր իրա շահի համար ա էդ օրինագիծն ընդունել: Ա՛յ մարդ, էսքան տարի դրա համա՞ր չէիք պայքարում, հետաքրքիր ժողովուրդ են: Բողոքավոր են, մեկ ա դժգոհ են: Մարդկությունն առաջ ա գնում, ու բոլորն էլ պիտի հասկանան, որ էդ արարքը պատժելի ա»,- ասում է Գուրգենն ու մոռանում, թե ինչի մասին էինք խոսում: «Է՜հ, լավ բան չկա, լավ բան եղել ա կոմունիստների օրոք, երբ որ իրիկունն ընտանիքով հավաքվում-զրուցում էինք ու մեկ էլ որոշում խաշի թադարուք տեսնել: Ամբողջ ազգին, հարեւաններին հրավիրում էինք: Իսկական արարողություն էր, ուտում-խմում էինք, քաղցր-քաղցր զրույցներ էինք անում, ջերմություն էինք իրար փոխանցում: Էն ժամանակ մարդկանց սիրտը լեն էր, իսկ հիմա… Մեր կյանքում հոգսը շատ ա, դրա համար էլ ուրախանալու տրամադրություն չի մնում: Օրինակ՝ տանը մեկի ծնունդն ենք նշում: Պարտքերով, պատեպատ ծեփելով` համեստ սեղան ենք գցում, բայց չես կարում լիաթոք ուրախանաս, որովհետեւ գիտես՝ վաղը-մյուս օրը ճռռալով աշխատելու ես, որ էդ մի օրվա ծախսածի պարտքերը տաս: Մենակ էդ ապրումն արդեն մարդու տոնը հարամ ա անում: Ես հիմա լավ բանի մասին չեմ կարա քեզ պատմեմ, բայց շատ մեծ հույսեր ունեմ, որ մեր իրականությունը կփոխվի, լավ բաներ կլինեն: Դու միշտ ինձ հարցուփորձ ես անում, գիտեմ, երեւի մտածում ես` էս մարդը բողոքական ա, ամեն ինչից դժգոհում ա, բայց էդ դժգոհությունը ուղղակի խոսքեր չեն, հասկանո՞ւմ ես: Կյանքը շատ ա բարդացել, մարդն ապրում ա ուտելու համար, որովհետեւ օրդ վատնում ես ուտելիք հասցնելու համար: Ժամանակին գործից գալիս էի, կնոջս, երեխեքիս ասում էի՝ հավաքվեք, լավ տեղ եմ տանում: Տանում էի քաղաքից դուրս, տանում էի կինո նայելու, ցիրկ էի տանում, ու ընտանիքում ջերմություն, փոփոխություն կար: Հիմա մարդու հավեսը փախել ա, եթե տրամադրություն չունես, նեղված ես, ոչ մի բան չես ուզում անես: Սովետի փլուզումից հետո ես իմ նաֆարին գոնե 2 օրով հանգստանալու չեմ տարել, թեկուզ Սեւան, թեկուզ Ծաղկաձոր: Այ, գիտե՞ս, երբ եմ ուրախություն ապրել, երբ որ Կարեն Դեմիրճյանը Վազգենի հետ ժողովրդի մեջ շրջում էր: Չեմ մոռանա, հեռվից որ էդ ամբոխը տեսա՝ մոտեցա: Կարեն Դեմիրճյանը բոլորին ձեռք էր սեղմում, ձեռք մեկնեցի, ու ձեռքս սեղմեց: Էդ մարդը հավատ էր ներշնչում, ուժ կար իրա մեջ: Ես վստահ էի, որ ինքը մեր կյանքը կփոխի»: