Որպես վառ օրինակ նշվում են բազմաբնակարան շենքերը, սակայն խնդիրների շրջանակն իրականում շատ ավելի լայն է։ Գյումրիում գտնվելու 2 օրը բավական էր դրանց մասին գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար։ Գյումրեցիներին այսօր շատ է մտահոգում ներքին միգրացիայի խնդիրը։ Գներն այս քաղաքում Երեւանից չեն տարբերվում, սակայն միեւնույն աշխատանքի համար մարդիկ այստեղ վարձատրվում են շատ ավելի քիչ։ Արդյունքում, մեծ թվով երիտասարդներ լքում են Գյումրին, հաստատվում Երեւանում կամ հանրապետությունից դուրս։
Խնդիրները բազմազան են, սակայն մայրաքաղաքային մամուլի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում Երեւանի վրա։ Թվում է՝ այդ բացը պիտի լրացնեին տեղական ԶԼՄ-ները։ Ամենաանհրաժեշտ բանը՝ նյութը, լիուլի է։ Սակայն պարզվում է` որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի։
Մարզային ԶԼՄ-ների խնդիրները միայն ֆինանսական բնույթի չեն։ Դրանցից շատերի մասին խոսվեց լրագրողների եւ պետական կառույցների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Նշվեց, որ լրագրողները դժվարությամբ են տեղեկատվություն ստանում պետական կառույցներից՝ մարզպետարանից, քաղաքապետարանից եւ այլն։ Այսպիսի դժվարությունների հանդիպում են նաեւ մայրաքաղաքային լրագրողները, սակայն մարզերում այս ամենին գումարվում են որոշ «տեղական» նրբերանգներ։ Օրինակ, գյումրեցի լրագրողներից մեկի խոսքերով, մարզպետարանները խուսափում են ինֆորմացիա տրամադրել, եթե նախապես չեն ճշտել, «թույլտվություն» չեն ստացել Երեւանից։
Մարզային ԶԼՄ-ների աշխատանքին խանգարում է նաեւ այն հանգամանքը, որ բնակիչները քիչ են, եւ գրեթե բոլորը միմյանց ճանաչում են։ Շատ դեպքերում բարեկամական, հարեւանական եւ այլ տիպի հարաբերությունները թույլ չեն տալիս անդրադառնալ տեղի ունեցող անօրինականություններին։ Մնացած ամեն ինչը Երեւանի նման է. կան «լյուբիմչիկ» լրատվամիջոցներ, որոնց համար ամեն տեղ դռները բաց են։ Իսկ մյուսներին կարող են մերժել առանց պատճառաբանության։ Կա վախի մթնոլորտ, կաշկանդվածություն։ Այս ամենին գումարվում է նաեւ «կեղտոտ լվացքը» մարզի, քաղաքի կամ համայնքի սահմաններից դուրս չհանելու մտածելակերպը։
Մյուս կողմի՝ տեղեկատվություն տրամադրողների փաստարկներն էլ Երեւանի իրավիճակից չեն տարբերվում։ Գրեթե բոլորը պնդում են, որ ժամանակին տրամադրում են տեղեկատվությունը եւ գործում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնի մասնագետ Սամվել Գրիգորյանը նշեց, որ իրենք հասկանում են ինֆորմացիայի տրամադրման օպերատիվության անհրաժեշտությունը եւ անգամ ունեն հատուկ որոշում՝ ԶԼՄ-ների հետ ինտենսիվ համագործակցելու վերաբերյալ։ «Պետք է հասկանալ, որ այդ ինֆորմացիան ոչ ոք իր հոր տնից չի բերել եւ հետ չի տանելու հոր տուն։ Այդ ինֆորմացիան հասարակությանն է»,- գտնում է պրն Գրիգորյանը։
Երկուստեք նշվեց նաեւ, որ լրատվության տրամադրման համակարգը եւ մամլո խոսնակների ինստիտուտը մարզերում դեռ զարգացած եւ կայացած չէ։ Լրագրողները պետական կառույցներին մեղադրում են ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Օրինակ, մեկ մարդու բացակայության պատճառով լրագրողը կարող է այդպես էլ չստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։ Պետական կառույցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին լրագրողներին մեղադրում են մասնագիտական թույլ պատրաստվածության եւ փաստերի աղավաղման մեջ։ Եվ ըստ այդ չափանիշների էլ ընտրություն կատարում՝ ում տրամադրել ինֆորմացիան, ում՝ ոչ։ Իրենց խոսքերով, տրամադրում են այն լրատվամիջոցներին, որոնք անկախ են եւ օբյեկտիվ։ Իսկ թե ո՞վ եւ ինչպե՞ս է որոշում այս կամ այն ԶԼՄ-ի անկախության եւ օբյեկտիվության չափը, այդ հարցին սպառիչ պատասխան այդպես էլ չհնչեց։
Իսկ ամենահետաքրքիրը Արագածոտնի մարզի իրավիճակն էր։ Պարզվում է, մարզի քաղաքներում քիչ թե շատ նորմալ գործող ԶԼՄ-ներ կան, իսկ բուն մարզկենտրոնում՝ Աշտարակում, կայացած լրատվամիջոցները բացակայում են։ Այս մասին տեղեկացրեց Աշտարակի քաղաքապետի խորհրդական Գեւորգ Եղիազարյանը։ Վերջինիս խոսքերով, գոյություն ունեցող թերթերը լույս են տեսնում առիթից առիթ, հիմնականում՝ ընտրությունների ժամանակ։ Գ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ները հրաժարվում են անգամ հրապարակել իրենց տրամադրած պաշտոնական ինֆորմացիան, եւ քաղաքապետարանը ստիպված վճարում է, որ իր գործունեությունը լուսաբանվի։ Խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը գնացել է արտասովոր քայլի։ Քաղաքապետարանն իր բյուջեից որոշակի գումար է հատկացրել եւ պատրաստվում է մրցույթ հայտարարել։ Այդ գումարը դրամաշնորհի կարգով կտրամադրվի այն ԶԼՄ-ին, որը կներկայացնի քաղաքապետարանի գործունեությունը լուսաբանելու լավագույն ծրագիրը։ Մեր դիտարկման հետ, որ այդ դեպքում տվյալ ԶԼՄ-ն չի կարող օբյեկտիվ դիրքորոշում ունենալ քաղաքապետարանի նկատմամբ, պրն Եղիազարյանը համաձայն չէր։
Ներկա լրագրողները նշեցին նաեւ, որ այդ ամենի արդյունքում կթուլանա հասարակության վստահությունը ԶԼՄ-ի նկատմամբ, մանավանդ, որ այդ վստահությունն առանց այն էլ փայլուն մակարդակի վրա չէ։ Եվ որքան էլ խոսենք ազատ ու անկախ մամուլի մասին, փաստ է, որ մենք դեռ շատ հեռու ենք խոսքի ազատությունից։ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գնահատականներով, այս հարցում մենք արդեն զիջում ենք անգամ Թուրքիային։
Հ.Գ. Տեղեկացնենք, որ «168 Ժամին» կից գործող «Պրեսսինգ» ակումբի վերջին քննարկումը նվիրված էր հենց ԶԼՄ-ների թեմային։ Քննարկման ընթացքում հնչած կարծիքներին կարող եք ծանոթանալ մեր թերթի շաբաթ օրվա համարում։