Շաքարախտը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է: Այսօր աշխարհում այս հիվանդությամբ տառապում է մոտ 250 մլն մարդ: Մասնագետների կանխատեսումների համաձայն, 2025 թվին նրանց թիվը կհասնի 300 մլն-ի, որը 150 տոկոսով կգերազանցի 1990թ. եղած հիվանդների թվաքանակը:
Յուրաքանչյուր չորս տարին մեկ տեղի է ունենում շաքարախտների միջազգային կոնգրես, որն այս տարվա դեկտեմբերի սկզբներին կգումարվի Քեյփթաունում: 2006թ. սեպտեմբերի սկզբին Դանիայում տեղի է ունեցել նաեւ դիաբետի ուսումնասիրման գծով եվրոպական աոցիացիայի հերթական 42-րդ գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցել է էնդոկրինոլոգների երեք հոգուց բաղկացած խումբը: Գիտաժողովի մասնակից Երեւան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ, նաեւ դիաբետիկների միջազգային ֆեդերացիայի անդամ Էլզա Հայրապետյանի խոսքերով, շաքարախտը ներկայումս ամբողջ աշխարհում տարածված հիվանդություն է, այդ պատճառով 21-րդ դարը կոչվում է շաքարախտի պանդեմիայի (համավարակ հիվանդություն) դար: Նրա ասելով, այդ պատճառով աշխարհի առաջավոր գիտնականների ուշադրությունը սեւեռված է նոր դեղամիջոցների ստեղծմանը, շաքարախտի առաջացման պատճառների ուսումնասիրությունների եւ հիվանդության դեպքում տեղի ունեցող գենային փոփոխությունների խնդիրներին: Այս հարցերն են հիմնականում քննարկվում գիտաժողովների օրակարգերում: «Շաքարախտի առաջացման տարբեր պատճառներ կան, առավել եւս` երկրորդ տիպի դեպքում, որը բազմապատճառային է: Թվում է, թե բժիշկներն ու գիտնականները շատ բան գիտեն, բայց մնում է փաստ, որ հակաշաքարախտային հիմնական միջոցը` ինսուլինը, հիվանդին չի ապաքինում: Ինսուլինն ընդամենը, ինչպես մենք ենք սիրում ասել, ախտանշանային բուժում է, այն ընդամենն իջեցնում է շաքարը»,- ասում է Էլզա Հայրապետյանը: Նրա կարծիքով, ուրախալի փաստ է, որ ԱՄՆ-ում այսօր արտադրվում է ինհալացիոն ինսուլին, ինչը դեռեւս Հայաստանի փոքր շուկա չի թափանցել, սակայն բազմաթիվ կապերի շնորհիվ կարելի է այն ձեռք բերել: «Այս դեղամիջոցը մեզ մոտ ավելի ուշ կիրառում կունենա, այն հակացուցված է ծխողներին եւ շնչառական ուղիների լուրջ խնդիրներ ունեցող դիաբետիկներին»,- ընդգծում է էնդոկրինոլոգը: Պարզվում է, շաքարախտի հիմնարար բուժման ուղու վրա են կանադացի երկու գիտնականներ, որոնց սինթեզած նոր դեղամիջոցը գտնվում է փորձագիտական չորրորդ փուլում: Դեռեւս կոդային անվանմամբ այս դեղամիջոցը փորձարկվում է մարդկային օրգանիզմների (ինքնակամ ցանկացողների համար), եւ միայն 7-8 տարի հետո հիվանդները կկարողանան կիրառել այդ նորամուծությունը: Փորձարկման փուլում գտնվող բեկումնային դեղամիջոցը կոչված է ախտահարված ենթաստամոքսային գեղձի վնասված բետա բջիջները փոխարինել նոր` առողջ բջիջներով: Ինչպես տեղեկացնում է մասնագետը, վերջին տարիներին նաեւ ենթաստամոքսային գեղձի պատվաստումներ են կատարվում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում: Ամիսներ առաջ, ԿՀՁ-ի «Վրեմյա» լրատվական թողարկման ժամանակ, լրագրողն իր ռեպորտաժում պատմում էր Մոսկվայի կլինիկաներից մեկում ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման ենթարկված 21 տարեկան մի աղջկա մասին, որը 5 տարեկանից տառապել է առաջին տիպի շաքարախտով, այդ պատճառով դատապարտված է եղել մեկ օրվա ընթացքում ինսուլինի բազմակի ներարկումների: 4 ամիս առաջ վիրահատված աղջիկը խցիկի առջեւ երջանիկ ժպտում էր եւ ի լուր աշխարհի հայտարարում, որ ինքն արդեն լիարժեք մարդ է, քանի որ իրականացել է իր կյանքի երազանքը` ձերբազատվել է ինսուլինից: Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումների առնչությամբ Է. Հայրապետյանը նշում է, որ այդ վիրահատությունները վերջին տարիների արդյունք են եւ դեռեւս լայն կիրառում չունեն: «Եթե դրանք 20 տարվա վաղեմություն ունենան, ապա միայն 10 տարի անց կարելի է արդյունքների մասին հետեւություններ անել: Առայժմ, դա ապագայի խնդիր է: Այսօրվա դրությամբ մենք շաքարախտով հիվանդների համար ունենք միայն ինսուլին: Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում առաջարկվում է միայն մարդու ինսուլին, քանի որ արտադրությունից հանված է կենդանական ինսուլինը»,- ասում է Է. Հայրապետյանը: Նա ինսուլինաթերապիայի կողմնակից է: «Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում, հիվանդությունից 6-7 տարի հետո հիվանդը կարիք է ունենում ինսուլինի: Ցավոք սրտի, մեր հիվանդները խուսափում են ինսուլինից` մեծ վնաս պատճառելով իրենց: Ժամանակին ինսուլինի ստացումը հնարավորություն է տալիս կանխարգելել հիվանդության բարդությունները: Իսկ շաքարախտի բարդությունները զարգանում են այն ժամանակ, երբ անընդհատ արյան մեջ գլյուկոզան բարձր է լինում: Ես ուզում եմ, որ մեր հիվանդներն ավելի աչալուրջ լինեն եւ, այն պահին, երբ բժիշկն առաջարկում է ինսուլին, դրանից չհրաժարվեն: Նկատել եմ, որ արտասահմանյան երկրներում, երբ բժիշկն առաջարկում է այդ միջոցը, հիվանդը չի հակաճառում, հիվանդը համաձայնում է, որովհետեւ վստահում է բժշկին: Այստեղ, չգիտես ինչու, վերջին խոսքը լինում է ոչ թե բժշկինը, այլ հիվանդինը: Սա ազգային սխալ մտածողություն է, որը դժվար է հաղթահարել: Ամբողջ աշխարհում բժշկի խոսքն օրենք է, եւ վիճարկելի չէ: Պետք է վստահել բժիշկներին, հակառակ դեպքում նրանց չպետք է դիմել: Չէ՞ որ յուրաքանչյուր մասնագետ, լինի արտասահմանյան թե հայաստանյան, ցանկանում է բուժել, օգնել իր հիվանդին: Եթե բժիշկն ինսուլինը անհրաժեշտություն է համարում, պետք է համաձայնել նրա հետ, միեւնույն է, ի վերջո, նրանք դա ստանալու են, բայց ստանում են այն ժամանակ, երբ ախտահարված են լինում բոլոր անոթները»,- հավաստիացնում է Է. Հայրապետյանը: Այսօր Հայաստանում հաշվառված է շաքարախտով տառապող 30 հազար մարդ, Երեւանում դրանց թիվը 18 հազար է: Ինչպես նկատում է Երեւան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգը, այս վիճակագրությունը չի արտացոլում հիվանդության ամբողջական պատկերը, քանի որ այժմ շատերը հիվանդ են ու չեն գրանցվում, կամ էլ ուղղակի չգիտեն, որ հիվանդ են: «Հայաստանում այսօր շատերն են հիվանդ շաքարախտով, բայց նույնիսկ չեն էլ կարող ենթադրել այդ մասին, որովհետեւ հիվանդությունը սկսում է դանդաղ, այն տարիների ընթացքում կարող է զարգանալ, բայց անհատը չիմանա այդ մասին»,- տեղեկացնում է էնդոկրինոլոգը: Է. Հայրապետյանը խոսելով ներկա առողջապահական համակարգի մասին, ինքնաբերաբար այն համեմատեց խորհրդային տարիների պլանային առողջապահության հետ, ընդգծելով, թե նախկին հասարակարգում բուժհիմնարկ այցելած յուրաքանչյուրի մոտ ստուգվել է գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ինչը միտված է եղել հիվանդության վաղ բացահայտմանը:
ԱԺ նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված, սակայն պաշտոնապես շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնություն է «Շաքարախտի կանխարգելման եւ բուժման մասին» օրենքը, որը պետք է ուժի մեջ մտներ 2005թ. հունվարի 1-ից, սակայն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից այն մերժվել է եւ վերադարձվել է լրամշակման: Երբ ծանոթանում ես օրինագծին, նկատում ես, որ այն բարի կամքով ստեղծված օրենք է, որի իրականություն դառնալու պարագայում ՀՀ-ում շաքարախտով հիվանդները կձերբազատվեն բազմաթիվ հոգսերից եւ կունենան բազմաթիվ արտոնություններ: Օրինակ, օրինագծի 15-րդ հոդվածի համաձայն, շաքարախտով հիվանդներին, առողջապահական հաստատությունների բժշկական ծառայություններից, դեղատներից օգտվելիս, առաջնահերթության իրավունք է վերապահված: Սակայն, ինչպես ասում են, սա` ապագայում, իսկ ներկայում շաքարախտով հիվանդներին, տարեկան մեկ կամ երկու անգամ տեղամասային պոլիկլինիկաներում կարող են անորոշ ժամանակով հատկացվելիք ինսուլինն էլ մերժել, այն դեպքում, երբ հիվանդների տարեկան պահանջարկի ծավալով ստեղծվում է ինսուլինի պետական պահուստ: Երեւանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի գլխավոր բժիշկ Անուշ Բունիաթյանը մեզ հավաստիացնում էր, որ մինչ օրս մայրաքաղաքում ինսուլինի դեֆիցիտ չի արձանագրվել: «Սրանից 4 տարի առաջ ինսուլինի մատակարարումը ոչ կանոնավոր էր: Արդեն 2-3 տարի է, ինչ մենք ժամանակին ինսուլինը բաշխում ենք պոլիկլինիկաներին, սակայն լինում են դեպքեր, երբ որոշակի քանակությամբ դեղորայքի համար 7-10 օր ընդմիջում է լինում, եւ հիվանդները ստիպված են լինում սպասել: Սակայն ծանր դեպքերի համար միշտ տասնորդական սրվակներ ենք ունենում»,- նշում է Ա. Բունիաթյանը: