«Երբ առյուծին պիտակ են կպցնում՝ սկսում է ավանակի պես զռալ»,- ասում է Անուշավան Հակոբյանցը

03/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հանրակացարանի հարկերով շրջելիս թակում եմ այն դուռը, որը ծուռտիկ տախտակներով ամրացված, խիստ մաշված է: Թակոցին արձագանքում է վախեցած աչքերով, կասկածամիտ հայացքով մի տղամարդ, ով 1988 թվից հետո ոչ հյուր է ընդունել, ոչ էլ ինչ-որ մեկին հյուրընկալվել է: «Անկեղծորեն զարմացած եմ, բայց համեցե՛ք, նստե՛ք, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի իմ դուռը երբեք չեն ծեծում, մի պահ շփոթվեցի, կներեք խնդրում եմ»,- ներողությունների տարափ տեղալով` ինձ ներս է հրավիրում Անուշավան պապը:

Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք ներողություն խնդրում, չէ՞ որ ես անկոչ հյուրի պես անհանգստացրի ձեզ»: Պատասխանում է՝ «Վա՛յ, կներեք, ի՞նչ եք ասում, էնքան ուրախ եմ, որ եկել եք: Գիտե՞ք, աղջիկս, երբ ճակատիդ վրա փակցնում են փախստականի պիտակը, դու անընդհատ ուզում ես մարդկանց չխանգարել: Ամեն քայլափոխին, ամեն շարժումների ժամանակ քո մասին չես մտածում, այլ մտածում ես ուրիշներին չխանգարելու մասին: Դրա համար էլ միշտ բոլորից ներողություն եմ խնդրում, ինձ անընդհատ թվում է, թե խանգարում, նեղություն եմ տալիս մարդկանց»: Նրա սենյակի պայմաններն անտանելի են: Պատերից կախված են հնամաշ, կեղտոտ հագուստներ, կարծես փալասների ցուցադրություն լինի: Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք էս շորերը կախել պատերից»: Ասում է՝ «1988 թվին, երբ մեզ լարեցին Բաքվից՝ եկա Հայաստան` թողնելով Բաքվի կենտրոնում իմ շքեղ տունը, թողնելով այն ամենը, ինչը կարող է ունենալ բարձր աշխատավարձ ստացող մասնագետը: Եկա Հայաստան մի ճամպրուկով, որի մեջ էս շորերն էին: Իմ ունեցվածքը սա է, երեւի չեմ ուզում բաժանվել իմ գեղեցիկ անցյալից: Նախ` ուրիշ հագուստ երբեք չեմ ունեցել, ինչ եկել եմ, անգամ մի նասկի չեմ գնել, եւ հետո, եթե դրանք գցեմ` էն կարգին տղամարդ Անուշավանից էսօր բան չեմ ունենա: Մեկ-մեկ անցյալդ քեզ ինքնավստահություն է ներշնչում: Էս շորերն ինձ լավ բաներ են հիշեցնում»,- պատմում է բավականին բարեկիրթ եւ պարբերաբար գրքերից, ֆիլմերից մեջբերումներ անող 70-ամյա Անուշավան պապը: Ամենաշատը համեմատություններ է անում հնդկական «Թափառաշրջիկը» գեղարվեստական ֆիլմից, որովհետեւ իրեն հարազատ է ֆիլմի հերոսը ու հետեւյալ արտահայտությունը. «Ֆիլմի մեջ շանը շոյելով ասում է՝ է՜հ բարեկամս, մենք երկուսս էլ կենդանի մարդու կարոտ ենք, մեր ճակատագրերը նման են»: Նորից ներողություն խնդրելով ասում է՝ «Թույլ կտա՞ք ռուսերեն խոսեմ: Ինձ շատ են նեղացրել ռուսերեն խոսալու համար, «թուրք» են ասել: Երկրաշարժի հաջորդ օրն ինձ լարեցին Հայաստան, էստեղ, որ ուզում էի խանութից մի բան գնել, հայերեն չէի կարողանում միտքս ճիշտ ասել, ռուսերենով էի ասում: Վիրավորում, ասում էին՝ էդ շան լեզվով բան չխոսաս: Ա՛յ, ժողովուրդ, ես մեղավո՞ր եմ, որ ծնվել եմ Բաքվում, ռուսական դպրոց, ինստիտուտ եմ ավարտել Բաքվում: Շուրջս թուրք ու ռուսներ են եղել, ախր ես ի՞նչ լեզվով խոսեմ: 19 տարի է անցել, հիմա մի կերպ խոսում եմ հայերեն: Խանութում հերթ էի կանգնած, հետեւիս մարդն ասեց` էդ երշիկը տուր, ամեն ինչ տվեցի, բացի երշիկից, որովհետեւ չգիտեի ինչ ա նշանակում: Ջղայնացավ, վիրավորեց, մարդկանց մոտ խայտառակ եղա: Ա՛յ մարդ, ասում եմ, չեմ հասկանում, մի՛ ջղայնացեք, ինադու չարեցի»,- պատմում է Անուշավան պապը, ով Հայաստանում երկար ժամանակ աշխատանք է փնտրել: Ասում է՝ «Քնում էի երկաթգծի կայարանում: Երազում էի մահճակալի վրա քնելու մասին, անտանելի վիճակ էր», որից հետո Ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը նրան կրպակ է հատկացրել. «Երբեք չեմ մոռանա նրա արածները: Ամիս-ամսաթվով հիշում եմ, թե երբ ինձ էդ բուդկան տվեց, որ ամսի որ օրը գրպանից գումար հանեց ու ինձ տվեց: Ես չեմ կարող մոռանալ նրա վերաբերմունքը: Մի քանի բուդկաներ էին, որտեղ ինձ նման անտուններն էին քնում, երկրաշարժից հետո դժվար տարիներ էին: Մարդիկ կային, որ ցրտից մահացան, ես դիմացա»: Անուշավան պապն ասում է, որ նախկինում աշխատել է Բաքվի Լեյտենանտ Շմիդտի անվան գործարանում որպես ինժեներ-նավթագործ, որը Սովետական Միությունում եղել է ամենահզոր նավթարդյունաբերող գործարանը: Բացի այդ, երկար տարիներ սպորտային դատավոր է եղել: Այստեղ Պոմպերի գործարանում տեղավորվելուց հետո նրան հատկացրել են հանրակացարանի առաջին հարկի սենյակներից մեկը, որտեղ ապրել է անծանոթ մեկի հետ, հետո նրան տեղափոխել են երկրորդ հարկ, հետո` երրորդ, ու այդպես շարունակ: Գործարանի փլուզումից հետո Անուշավան պապն ապրում է 12.800 դրամ թոշակով եւ «Փարոսից» ստացած 7000 դրամ նպաստով: «Տեսա, որ հնարավոր չի նույնիսկ հաց գնել, սկսեցի փողոցներով գրիչ վաճառել: 80 դրամով առնում եմ՝ 100-ով վաճառում եմ: Ամսական մոտ 5000-6000 դրամ էդ 20 դրամներից հավաքվում է: Ես միայն Աստծուն փառք եմ տալիս, որ դեռ ոտուձեռից չեմ ընկել: Ոչ մեկի չխնդրեմ, ասեմ՝ մի բաժակ ջուր տուր»,- ասում է նա ու հավելում, որ ջուրը դույլերով երկաթգծի կայարանից է բերում, որն, ի դեպ, հանրակացարանից բավական հեռու է: Վստահեցնում է, որ սենյակում ինչ գույք տեսնում եմ՝ սովետական տարիներից մնացած է: 19 տարի ոչինչ չի գնել ու ոչ մի նոր բան չի տեսել, որովհետեւ հեռուստացույց էլ չունի: Ասում է՝ «Գիտե՞ք, շատ ժամանակ վիրավորանքից սիրտս ուզում է բերանիցս դուրս գալ: Բայց նույն պահին ինքս ինձ ասում եմ՝ ճակատիդ սա էր գրված, լուռ ապրիր: Սերգեյ Միխալկովը լավ առակ ունի՝ Առյուծն ու պիտակը: Առյուծն առավոտյան քնից արթնանում է՝ պոչին պիտակ է կպցրած: Առյուծը զարմացած գնում է անտառ՝ կենդանիների մոտ: Բոլոր կենդանիները շրջվում, երես են թեքում: 1 ամիս անց առյուծի բնից ավանակի զռոց է լսվում, որովհետեւ առյուծը սկսում է ավանակի ձայներ հանել: Այսինքն, ինքը` պիտակը, առյուծից ուժեղ գտնվեց: Գաղափարը շատ ճիշտ է: Հիմա, եթե իմ ճակատին պիտակ է կպել, ուրեմն ես ոչինչ չեմ կարող փոխել»,- հուսահատված ասում է Անուշավան պապն ու ներողություն խնդրում անկեղծանալու համար: Նա ամեն ինչ անում է ուրիշներին չխանգարելու եւ չանհանգստացնելու համար, բայց ուզում է, որ ուրիշներն էլ իրեն հանգիստ թողնեն: «Փախստականներին սենյակն անվճար են տրամադրում, իսկ դա նշանակում է, որ խանգարում ես, մարդը կարող էր սենյակի դիմաց փող աշխատել»: Դրա համար էլ հանրակացարանի պարետը դավեր է նյութում, որ սենյակն ազատվի: «Ուզում են մեռնեմ, սենյակն ազատվի: Շանտաժի են ենթարկում, սուտ բաներ են հորինում, վիրավորում են: Ես ոչ ոքի հետ չեմ շփվում, որեւէ մեկին նեղություն չեմ տալիս, բայց բոլորն ուզում են ես մեռնեմ: Առավոտյան դուռս բացում եմ՝ տեսնեմ կեղտ են դրել, լուռ մաքրում եմ, հաջորդ օրը՝ նորից նույնը: Այնպես են անում, որ ես հունից դուրս գամ, վիճաբանություն սկսեմ, ծաղրում են, ոչնչացնում են»,- վրդովված պատմում է 70-ամյա Անուշավանը՝ հավելելով, որ վերջերս պարետն իրեն սադրանքի է ենթարկել: «Դուռս թակեցին, բացեմ, տեսնեմ` սպիտակ խալաթներով բժիշկներ են: Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել, բա թե՝ ձեր շենքի բնակիչներն ասում են, որ դուք մեկուսացած եք, տանից օրերով դուրս չեք գալիս, մարդկանց հետ չեք շփվում: Ասում եմ՝ բայց ես ոչ մի գանգատ չունեմ ու չեմ ուզում հարեւանների հետ շփվել: Հետո, երբ ասացին, որ հոգեբուժարանից են, գլխի ընկա, որ պարետի կազմակերպածն է: Երբ մի քիչ խոսեցինք, երեւի հասկացան, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, հեռացան: Պարետը նորից չէր դադարում սպառնալիքները, չգիտեմ, վիրավորական է: Ինձնից ազատվելու, սենյակն ուրիշին տալու համար ուզում են ուղարկել հոգեբուժարան: Կարելի՞ է առողջ մարդու հետ 2 կոպեկի համար էդպես վարվել, ասացե՛ք, խնդրեմ: Կներեք, իհարկե, երեւի ձեզ ձանձրացրի: Դրա համար, որ դուռս ծեծեցիք` մտածեցի էլի մի բան սարքել են»,- վերհիշելով կատարվածը` 70-ամյա ծերունու աչքերը լցվում են, բայց, անգամ դրա համար ինքն իրեն չի ներում. «Ներողություն, աղջիկս, դու թոռանս տարիքին կլինեիր: Հիմա կմտածես` աղջկա մոտ լացում է, ներող եղիր, բայց թեթեւանում եմ, մի քիչ էդ ծանրությունից ազատվում եմ»:

Մոտ 3 ժամ տեւած մեր զրույցից հետո նրա դեմքին ժպիտ է գալիս, ու նա ասում է՝ «Անուշավան Հակոբյանցի համար այսօր տոն է»: Ուրախացել է, որ ինչ-որ մեկն իրեն այցելել է: Ինչ-որ մեկն իրեն լսել է ու օգնել, որ սիրտը թեթեւացնի: «19 տարի է, ինչ մարդու հետ չեմ խոսել: Ինձ համար շատ կարեւոր էր, որ ինձ լսեցիք, կներեք, երեւի ես ձանձրացրեցի, բայց հոգիս խաղաղվեց: Էսօրվա իմ օրը լցվեց, ես ինձ սկսեցի լավ զգալ: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ դիմացս կենդանի մարդ է նստած ու ինձ լսում է: Դուք երեւի իմ թոռնիկի տարիքին եք, բայց ինձ կհասկանաք: Ես մարդու կարոտ եմ, եթե անգամ 2 տարեկան երեխա լինի դիմացս՝ ես շատ կխոսեմ, կկիսվեմ, կթեթեւանամ, որովհետեւ չես կարող միշտ ինքդ քեզ հետ խոսել, ուզում ես կենդանի մարդու հետ խոսել»,- ուրախացած ասում է նա: