Ասում են, որ հայերս աշխատասեր ազգ ենք: Ես համամիտ եմ այս մտքին:
Չաշխատող հայ այսօր դժվար է գտնել: Այլ հարց է, թե ինչպես են աշխատում եւ
ինչպես են այդ աշխատանքի դիմաց վարձատրվում: Ազգի մի մասն աշխատում է
աշխատանք գտնել, մի մասը` աշխատում է չաշխատել (խոսքն, իհարկե, Ազգային
ժողովի մասին է), մյուսներն աշխատում են, որ ուրիշները չաշխատեն
(«ԱրմենՏելը» չի ուզում, որ IP- հեռախոսակապերն աշխատեն), կառավարությունն
աշխատում է ցույց տալ, իբր աշխատում է: Այդ իմաստով շատ անհասկանալի
վիճակում է Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, քանզի, եթե տրանսպորտը
նորմալ է աշխատում, ապա կապը` աննորմալ է: Շատերն աշխատում են հացի փող
աշխատել, իսկ օլիգարխներն աշխատում են հնարավորինս շատ փող աշխատել:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ միայն Հայաստանում մարդիկ
կարող են աշխատել առանց փողի (օրինակ, միայն նրա համար, որ տնից դուրս
գան, որ, ասենք, սկեսուրի դեմքը չտեսնեն):
Ինչ վերաբերում է փող աշխատելուն, ապա փողի հետեւից հայերն ուր ասես, որ
չեն գնա: Եթե ուշադրություն դարձնեք, ընդամենը երկու ազգ կա, որ սփռված են
աշխարհով մեկ՝ հայերը եւ հրեաները: Երկուսն էլ փող շատ են սիրում, չնայած՝
հրեաների անունն ավելի շատ է դուրս եկել: Եվ երկուսն էլ հայտնվել են այդ
երկրներում միայն փող աշխատելու պատճառով: (Քանի որ թե՛ մեկի, թե՛ մյուսի
մոտ սփյուռքն առաջացել է ցեղասպանությունից եւ հոլոքոստից շատ ավելի վաղ,
հետեւաբար՝ աշխարհով մեկ սփռվելու պատճառն ամենեւին էլ ցեղասպանությունը
չէ):
Ռուսները մի ասացվածք ունեն՝ «կինը ոչնչից կարող է պատրաստել երեք բան`
աղցան, սանրվածք եւ վեճ»: Սրան կարող ենք ավելացնել, որ հայ տղամարդիկ,
իսկ վերջին տարիներին՝ նաեւ կանայք, ոչնչից կարող են «փող սարքել»:
Իհարկե, ոչինչ ասվածը հարաբերական է, քանի որ մերոնք փող են աշխատում
իրենց մարմնի տարբեր մասերով, օրինակ՝ լեզվով, երբ քաղաքական գործիչները
խաբելով գալիս են իշխանության, կամ՝ ուղեղով, երբ երիտասարդ խելացի
մասնագետներին զարգացած Արեւմուտքը հրավիրում է աշխատանքի, սափրված եւ
հաստ գլխով օլիգարխի թիկունքը պահելու համար, կամ՝ չսափրված, բայց խնամքով
օճառված գլխով, որպեսզի վերադասը համոզված լինի, որ Դուք ամեն ինչի
պատրաստ եք, ձայնով կամ գեղեցկությամբ, երբ հովանավոր-պրոդյուսերը ձեզ
դարձնում է աստղ, եւ այլն:
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք առեւտրական ազգ ենք, քանի
որ մենք ոչինչ չենք արտադրում, մենք միայն վաճառում ենք եւ գնում: Ընդ
որում՝ վաճառվում եւ գնվում է ամեն ինչ: Տղամարդը գնում է կնոջ մարմինը
(ըստ վերջին տվյալների՝ հնարավոր է գնել նաեւ տղամարդու մարմին),
մանր-մունր չինովնիկները պաշտոն են գնում իրենց վերադասից, պատգամավորները
ձայներ են գնում ընտրողներից, ուսանողը գնահատական է գնում դասախոսից,
բնակիչը նկուղ կամ ավտոտնակ է գնում թաղապետարանից, հանցագործներն
ազատություն են գնում դատավորներից, ավտոմեքենայի տերերը պետհամարանիշեր
են գնում ավտոտեսուչներից, բիզնեսմենները` չհարկվելու իրավունք՝ հարկային
տեսուչներից, արտագաղթողները վիզա են գնում Միացյալ Նահանգների եւ
Ֆրանսիայի դեսպանատան աշխատողներից եւ, վերջապես, ողջ ազգը արեւածաղիկ եւ
ադի-բուդի է գնում փողոցների վաճառականներից:
Իսկ օրինակ՝ գիրք մենք չենք գնում, հատկապես, եթե այդ գիրքը փող աշխատելու
մասին չէ: Հետաքրքիրն այն է, որ անգամ գնորդն այդ գիրքը չի կարդում: Նա
այդ գիրքը դնում է իր աշխատասեղանի վրա, որ մտնողը մտածի, թե ինքը փող
աշխատելու ի՜նչ ձեւեր գիտի: Իհարկե, փող աշխատելը շատ լավ բան է եւ,
իհարկե, այն վայելելն ավելի լավ բան է (եթե իհարկե կարողանում ես այն
վայելել, այլ ոչ թե խայտառակ ես լինում օտար երկրների հագուստի
խանութներում): Եվ քանի որ հայ ենք, համոզված եմ, որ շատ շուտով մենք
բոլորս էլ շատ փող կաշխատենք՝ ընթացքում սովորելով դա ճիշտ ծախսելու ձեւը:
Կմնա միայն, որ ճիշտ ծախսելուց առաջ՝ սովորենք այդ փողը ճիշտ վաստակել: