Լեւոն Շարաֆյանը նկարահանվել է Սպիլբերգի ֆիլմում

03/11/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գլենդելում այդ ներկայացումից հետո բոլորը գինովցած էին: Լեւոնի վաղեմի բարեկամն ու ընկերը, 70-ականների սեքս-խորհրդանիշ, այժմ ամերիկահայուհի Ալլա Թումանյանն առաջարկեց ԱՄՆ քաղաքացիության համար դիմում գրել: Ինչպե՞ս է լրացրել ու ի՞նչ է գրել` Շարաֆյանը հիմա չի էլ հիշում: Ու չէր էլ հիշի դրա մասին, եթե այդ միջադեպից երկու տարի անց՝ 2001թ., ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու թույլտվության մասին նամակ չստանար: Լեւոնն ու կինը` Ռուզանը, երկար ժամանակ գաղտնի էին պահում «Գրին քարտ» ստանալու մասին լուրը: Յուրաքանչյուրն իր համար եւ հանուն ընտանիքի, շաբաթներով ծանր ու թեթեւ էր անում` մեկնե՞լ, թե՞ ոչ: «Իհարկե, այն ժամանակ մեր վիճակը ծանր էր: Աշխատում էիր, բայց չգիտեիր` աշխատավարձ կստանա՞ս, թե՞ ոչ: Մյուս կողմից էլ, մտածում էիր, ո՞նց գնաս: Ես 35 տարի Դրամատիկի դերասան էի, կինս 30 տարի կոնցերտմեյստեր էր Օպերայում: Մենք կպած էինք Հայաստանին…»,- պատմում է Լ. Շարաֆյանը:

Ամերիկա մեկնելու որոշումը կայացվեց Սուրբ Զատիկի օրը. «Զատիկի օրն էր, առավոտյան վեր կացանք, Ռուզանն ասաց` տունը փող չկա: Ասացի` գնամ ճարեմ: Ամոթ էլ է ասելը, բայց տանը մի 30 դրամ էր մնացել, մի ձվի փող էր չէր անում: Գնացի, դես ու դեն ընկա, չճարեցի: Թատրոնի կասսայից էինք փող վերցնում: Էդ օրը կասսայից փողը տարել էին: Եկա տուն, նստեցի, կինս զգաց, որ էնպիսի վիճակի մեջ եմ, որ հետս խոսել պետք չէ: Մեկ էլ մեր տան լույսը գնաց: Սարսափահար դուրս եկա, մեր էլեկտրիկն ասաց, թե կենտրոնից էր: Գնացի, այնտեղ մի հաստագլուխ էր նստած, ասացի` եթե լույս չտաս, կաբելները կտրելու եմ եւ դատվելու եմ կառավարության հետ, որ Զատիկի օրը լույսերը կտրում է: Մինչեւ հասա տուն՝ միացրել էին: Նույն օրը երեկոյան ներկայացում ունեի, Օղուզ բեյ էի խաղում, որը վերացնում է հայերին՝ Դ. Վարուժանին, Ռ. Սեւակին: Իմ մենախոսությունը չեմ հիշում ոնց եմ կատարել: Հիշում եմ, որ դուրս եկա, Արթուր Ութմազյանը մոտեցավ, ասաց՝ վախենալու աչքեր ունեիր, ի՞նչ է եղել: Ասացի, տո էս ազգի… ներկայացման ժամանակ քեզ էի նայում ու էսօրվա էլեկտրիկին էի հիշում: Այդ գիշեր որոշեցինք գործին ընթացք տալ, մեկնել»:

2001թ. հունիսի 8-ին Լեւոն Շարաֆյանը վերջին անգամ հայտնվում է Դրամատիկի բեմին` «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ: Հունիսի 9-ի երեկոյան մեկնում են Լոս Անջելես: Այժմ նրա ընտանիքը բնակվում է Գլենդելում: Առաջին մեկ ամիսը հյուրանոցում բնակվելուց հետո տուն է վարձում եւ 55 տարեկանում ամեն ինչ սկսում է նորից: Ռուզանն այժմ աշխատում է երաժշտական դպրոցում, որդին` համալսարանն ավարտելուց հետո` դիզայն-ստուդիայում է աշխատում. «Ես էլ աշխատում եմ գիշերները, որպես security (անվտանգություն ապահովող անձնակազմ.-Ա. Ա.), ինձ գիշերը ձեռնտու է, որովհետեւ ամբողջ ցերեկն աչքիս առաջ է, զբաղվում եմ դերասանական իմ գործունեությամբ»:

– Երբ ձեզ զանգահարեցի, ասացիք, որ «Ուորներ Բրադըրս» ստուդիայում եք…

– Այո, գովազդում նկարահանվելու համար փորձերի էի:

– ԱՄՆ-ում նկարահանվե՞լ եք:

– Մի անգամ Աբրահամի դերում նկարահանվեցի վավերագրական ֆիլմի համար: Վերջերս էլ Բեն Լադենի խորհրդատուներից մեկի դերը խաղացի: Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ էր: Ավելի ճիշտ, ֆիլմաշար է, դրանցից մեկն էլ Աֆղանստանի պատերազմի մասին էր:

– Գիտեմ, որ մասնակցել եք նաեւ «Տերմինալ» ֆիլմի նկարահանումներին:

– Այո, ընդամենը փոքրիկ մի տեսարանում էի նկարահանվել, որը հետո մոնտաժել-կտրել էին: Բայց դա չէր կարեւորը: Կարեւորն այն էր, որ հնարավորություն ունեցա հետեւել, ծանոթանալ ու տեսնել, թե ինչպե՞ս է աշխատում Սթիվեն Սպիլբերգը:

– Եվ ինչպե՞ս էր աշխատում: Տպավորի՞չ էր:

– Շատ: Մի հատ ձայնը չլսեցի, որ գոռար, ամեն մեկը գիտեր իր աշխատանքը: Հսկայական գումարներ են վատնում: Եթե հարցնեք, թե ինչքանով ենք մենք հետ մնացել ամերիկյան ֆիլմերից, կարող եմ պատասխանել` ընդմիշտ… դա հասնելու բան չի:

Բացի գիշերային աշխատանքից, Լեւոն Շարաֆյանը տեղի հայ դերասանների հետ զբաղված է նաեւ ներկայացումներով: Սա մշտական թատրոն չէ. «Այստեղ չկա տրուպպա, խաղացանկային թատրոն, ադմինիստրացիա: Կան դերասաններ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, ընտրվում է պիես, եւ պիեսը բեմադրվում է: Ալլա Թումանյանն էլ է այստեղ: Թատրոնից եկամուտ չկա, չկա նաեւ ամենամսյա աշխատավարձ: Մենք բոլորս աշխատում ենք ուրիշ տեղ, որ վճարենք տան վարձը, մեր ծախսերը: Թատրոնում ենք, որ չժանգոտենք, եւ հետո ունենք շնորհ, որ մի տեղից պետք է դուրս գա…»,- ասում է դերասանը:

Լեւոն Շարաֆյանն ասում է, որ Գլենդելում իրեն լավ է զգում: Ճիշտ է, ճոխ չի ապրում, բայց կենցաղային հարցերը լուծված են: Մեր զրույցին միանում է նրա կինը՝ Ռուզանը. «Լոս Անջելեսը միայն ռաբիս ամերիկահայերը չեն: Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախասիրությունը: Չկա շաբաթ, որ չգնանք համաշխարհային նշանակության համերգի, ցուցահանդեսի: Գրեթե ամեն տարի մեկնում ենք օվկիանոս հանգստանալու, իսկ Երեւանում վերջին անգամ չեմ էլ հիշում, երբ ենք Սեւան մեկնել…»:

Ամերիկա տեղափոխվելուց ամենաշատը «շահել է» Շարաֆյան կրտսերը: 21-ամյա Միքայելն, ավարտելով համալսարանը, այժմ աշխատում է դիզայնի մի ստուդիայում, որը հագուստներ է կարել «Չիկագո» ֆիլմի համար: Այժմ պատվեր են ստացել Քրիստինա Ագիլերայից: Երիտասարդ դիզայները նաեւ Մերիլին Մոնրոյի մոլի երկրպագուն է, եւ նրա երկրպագուների ակումբի անդամ է: Անգամ ունի Մոնրոյի ընկերների լուսանկարների եւ ստորագրությունների տպավորիչ հավաքածու: Լեւոն Շարաֆյանի մյուս երկու որդիները դեռ Երեւանում են: Դերասանը հակված է նրանց էլ բերել ԱՄՆ. «Այստեղ օրենքները աշխատում են եւ դեկլարատիվ չեն: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ես հետեւում եմ, թե ինչ է կատարվում Երեւանում: Նման բեսպրեդել, որ պատգամավորը բացեիբաց, զենքը ձեռքին գնա-կրակի… այստեղ այդպիսի բան չկա… ուզում է Դե Նիրոն լինես, Ջեկ Նիկոլսոնը, թե Մել Գիբսոնը… Էդ խեղճ մարդուն (Մել Գիբսոնին.-Ա. Ա.) խմած մի անգամ բռնացրին, ներողություն խնդրեց, հիմա էլ պարտադրել են, որ գնա անանուն ալկոհոլիկների բուժման կենտրոն: Երկու հատ «Օսկար» ստացած մարդը այնտեղ պատմում է, թե ոնց դարձավ ալկոհոլիկ»:

Հայ հանդիսատեսը Լեւոն Շարաֆյանին այս ամիս կարող է տեսնել «Ալեքս» թատրոնում, որտեղ կկայանա Տաթեւիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա» ներկայացումը՝ Լեւոն Շարաֆյանի եւ Վիոլետ Գեւորգյանի մասնակցությամբ: Չի բացառվում, որ վեցամյա ընդմիջումից հետո դերասանը հայտնվի նաեւ երեւանյան բեմում. «Ուզում եմ մյուս տարի գնալ Երեւան: 60-ամյակս է, ուզում եմ նոր ներկայացում խաղալ: Արմեն Խանդիկյանի հետ եմ զրուցել: Ասաց՝ կգաս, ու որ ներկայացման վրա մատդ դնես՝ կխաղաս: Նոր դերով եմ ուզում հանդես գալ: Ինձ համար կարեւոր է նոր որակով ներկայանալ, ցույց տալ, որ տարիներն իզուր չեն անցել…»: