Թարմացվելու են երաժշտական գործիքները

03/11/2006

Ֆրանսիայի ու Հայաստանի մշակութային համագործակցությունը նոր ծրագրի սկիզբ է դնում: Շուտով Հայաստան կժամանեն «Culture 2000» եվրոպական ծրագրի մասնակիցները, որոնց առաքելությունն է լինելու երաժշտական գործիքների վերանորոգումն ու երաժշտական գործիքներ վերականգնող մասնագետների պատրաստումը: «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի տնօրեն Ֆիլիպ Բակմանն ասաց, որ երաժշտական գործիքները վերականգնելու խնդրանքով իրենց են դիմել հայ երաժիշտները: «Հայաստանում հիանալի, բարձրակարգ երաժիշտներ կան, սակայն երաժշտական գործիքները բացակայում են կամ էլ շատ վատ վիճակում են»,- ասաց նա: Գրեթե բոլոր հայկական նվագախմբերի ստեղնային, լարային, փողային գործիքները սկզբում կվերականգնվեն եվրոպացի մասնագետների կողմից, բայց դա որպես ներկայացում-ուսուցում կդիտվի, քանի որ ծրագրի նպատակներից ամենակարեւորը ֆրանսիացիները գործիքների վերականգման դպրոցի ստեղծումն են համարում: Հայ վարպետները Եվրոպայի երկրներ գործուղումների կմեկնեն, հետագայում նրանց աշխատանքի համար ձեռք կբերվեն անհրաժեշտ պարագաներ, ու Հայաստանում արվեստանոցներ կստեղծվեն: Ֆրանսիացիները կարեւորում են այդ բավականին նեղ ու հետաքրքիր մասնագիտությունը երիտասարդ վարպետներին փոխանցելը: Ֆիլիպ Բակմանն ասաց, որ իրենք հայկական ազգային երաժշտական գործիքների վերականգնման սկզբունքներին չեն միջամտի, սակայն հույս ունեն, որ հայ գործիքների հետ ծանոթությունը կոգեւորի եվրոպացիներին:

Ծրագրին աջակցելու են Բրյուսելի Երաժշտական գործիքների թանգարանը, Լոնդոնի Թագավորական ակադեմիան եւ այլ եվրոպական կառույցներ: