ՍԻՄ-ը քիչ էր, հիմա էլ ՀԴԿ

01/11/2006

Երբ ամառվա սկզբին անսպասելիորեն լուրեր սկսեցին տարածվել, որ երկու կարկառուն ՕԵԿ-ական պատգամավորներ եւ կուսակցության ղեկավարներ Գագիկ Մխեյանը եւ Գագիկ Ավետյանը կարծես թե մտադիր են լքել կուսակցությունը, դա շատերը ընկալեցին` որպես ՕԵԿ-ից այդ պահին ընթացող «առնետավազքի» հերթական դրվագ։ Միեւնույն ժամանակ երկու պատգամավորներն էլ` ճիշտ է, որոշ ժամանակ խորիմաստ լռություն պահպանելուց հետո սկսեցին հերքել կուսակցություններից իրենց հեռանալու լուրերը։ Սակայն ըստ մեր աղբյուրների` որ այդ խոսակցություններն ամենեւին էլ անհիմն չէին եւ հիմնականում պայմանավորված էին ոչ այնքան ՕԵԿ-ի իշխանականից ընդդիմության դաշտ տեղափոխվելով, որքան ներկուսակցական խմորումներով եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ի մի քանի այլ կուսակցությունների հետ դաշինքային հարաբերությունների մեջ մտնելու հեռանկարով։ Մասնավորապես, դեռ ամռան սկզբին թե՛ Գագիկ Մխեյանին, թե՛ Գագիկ Ավետյանին անհանգստացրել էր ՕԵԿ-ի ՍԻՄ-ի հետ դաշինք կազմելու հեռանկարը, քանի որ այդ դեպքում ՕԵԿ-ի որոշ ղեկավարներ ստիպված են լինելու համամասնական ցուցակում իրենց անցողիկ տեղերը զիջել ՍԻՄ-ի ներկայացուցիչներին` մասնավորապես` Հայկ Բաբուխանյանին։ Իրավիճակը էլ ավելի նյարդային դարձավ, երբ հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերի վրա աչք ունի նաեւ «Արդարություն» դաշինքի մեկ այլ անդամ` Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը։ Իսկ քանի որ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Հ. Բաբուխանյանը եւ Ա. Սարգսյանը հույսեր են կապում, որ կկարողանան Արթուր Բաղդասարյանի հետ վերջնականապես պայմանավորվել առնվազն համամասնական ցուցակում երրորդ եւ չորրորդ տեղերը վերցնելու վերաբերյալ, ապա հասկանալի է դառնում, թե ինչով են պայմանավորված ՕԵԿ-ի որոշ ղեկավարների մտահոգությունները եւ դժգոհությունները։ Նրանք գոնե շատ լավ հասկանում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնիսկ սովորականից ավելի թեժ պայքար է ընթանալու յուրաքանչյուր տոկոսի համար եւ, որ նրանց տեղերը խորհրդարանում տեղերի այսպիսի վերաբաշխման դեպքում ամենեւին էլ ապահովագրված չեն։