Ճնշվողները կարող են դիմել Գառնիկ Իսագուլյանին

01/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Շաբաթ օրն «Ազդակ» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Իսկ մի՞թե տարբերություն չէ այն, որ այս աշնանը ցորեն եւ կարտոֆիլ են բաժանում մարդկանց: «Առաջ էլ տարբեր ձեւերով արվել են այդ նույն բաները: Ժամանակին տարբեր տեղեր էին մարդկանց տանում, հիմա որոշ կուսակցություններ գուցե թե ինչ-որ բան են բաժանում: Եթե նույնիսկ դա արվում է, ապա որեւէ արդյունք, այն նպատակի համար, եթե այդ նպատակները նախընտրական են, չի տալու»,- համոզված է նախագահի խորհրդականը: Վերջինիս գնահատմամբ՝ այսօր քաղաքական իրավիճակ, որպես այդպիսին, չկա: Ըստ նրա, ստեղծված իրավիճակում կան մեղավորներ եւ դրանք այն քաղաքական կազմակերպություններն են, որոնք այս տարիների ընթացքում չկարողացան հասկանալ, որ «քաղաքական ընդդիմություն, քաղաքական երկխոսություն կամ քաղաքական բանավեճ արվում են կոնկրետ խնդիրների շուրջ», եւ իրենց ամբողջ գործունեությունը ծավալեցին կոնկրետ անձերի դեմ: Գ. Իսագուլյանի խոսքերով՝ մարզերում այդ կուսակցությունները որեւէ աշխատանք, թե՛ իրենց կառույցների, թե՛ հասարակության հետ, չեն անում: Եվ արդյունքում, քանի որ չկա մրցակցություն, չկա պայքար, ՀՀ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ ի սկզբանե ընտրությունների ելքը կանխորոշված է դառնում: «Եվ այդ պարագայում նորից նույն թնջուկն է լինելու, որ գիտե՞ք ինչ, ամեն ինչ կեղծվեց, ամեն ինչ արվեց այնպես, որ որեւէ մեկը որեւէ արդյունք չկարողանա ցույց տալ ընտրությունների ժամանակ՝ փոխարենն այսօր զբաղվեն իրենց ծրագրերի քարոզչությամբ, ընդհանրապես, Հայաստանի ամբողջ տարածքում իրենց գործունեության ակտիվացմամբ»,- ասում է նա: Խոսքն այն քաղաքական կազմակերպությունների մասին է, որոնք, Գ. Իսագուլյանի խոսքերով՝ բացի հայհոյանքից` ուրիշ որեւէ գործունեություն չեն ծավալում: «Բնականաբար, այդ քաղաքական կազմակերպություններն ընտրություններում չեն կարող ստանալ արգելանքը հաղթահարող տոկոսներին համարժեք ձայներ եւ չեն հայտնվի խորհրդարանում»,- համոզված է նա: Ըստ նրա, քաղաքական կազմակերպություններ կան, որ մամուլի միջոցներով, թվում է, թե աշխարհահռչակ են՝ 50-60 հազար անդամ ունեն…: Նախագահի խորհրդականն առաջարկում է գնալ մարզեր եւ պարզել, թե գոնե մեկ անդամ այդ մարզերում ունե՞ն, թե՞ չունեն: «Եթե կառույց չունեն, վաղը ո՞նց են աշխատանք տանելու»,- հարցնում է նա: Նախագահի խորհրդականի խոսքերով՝ Հայաստանում որեւէ քաղաքական ուժի նկատմամբ որեւէ ճնշում չկա, դա բացառվում է: «Եթե որեւէ մեկը կփորձի այլ բան ասել, խնդրում եմ՝ փաստերով: Եթե կասեն, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան իրենց չեն տրամադրում, պատրաստ եմ ցանկացած լրատվամիջոցի ներկայացուցչի հետ անմիջապես մեկնել այդ տեղը եւ պարզել՝ ինչո՞ւմն է հարցը: Սա շատ արագ լուծվող հարց է»,- նշեց Գ. Իսագուլյանը: Վերջինս շաբաթ օրը բազմիցս բողոքեց լրատվամիջոցների մակարդակից ու որակից: Ըստ նրա, մամուլը «լուն ուղտ է սարքում», աղավաղում ՝ իր եւ այլոց խոսքերը եւ այլն: Իսկ հետաքրքիր է, Գ. Իսագուլյանն ի՞նչ խորհուրդ է տվել երկրի նախագահին. ազգային անվտանգության տեսանկյունից Իրան-Հայաստան գազատարը արժե՞ ռուսներին հանձնել, թե՞ ոչ: Գ. Իսագուլյանի խոսքերով՝ այդ գազամուղի կոնկրետ 40 կմ-անոց հատվածի հետ կապված որեւէ խոսակցություն որեւէ մեկի միջեւ չի եղել:

Չի կարելի, այս հարցերին էլ մի անդրադարձեք

Շաբաթ օրն իրեն ուղղված գրեթե բոլոր հարցերը Գ. Իսագուլյանը «ոչ լուրջ» էր համարում: Ոչ լուրջ հարցերի շարքին դասվեց նաեւ այն հարցը, որում նշվում էր, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 7 տարի անց «կասկածները ոչ միայն չպակասեցին, այլեւ շատացան»: «Ասում եք՝ կասկածները ոչ թե պակասեցին, այլ շատացան: Ո՞ւմ տեսանկյունից շատացան: Այսօր շատ հստակ կար Արամ Զավենի Սարգսյանի ձեւակերպումը, որ ինքը երբեք իշխանություններին չի մեղադրել»,- ասաց Գ. Իսագուլյանը՝ առաջարկելով չմոռանալ, թե ո՞վ էր այդ ժամանակ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը: Նա առաջարկում է նաեւ «այդ հարցերը չդարձնել 7 տարի հետո նորից անընդհատ ծեծվող, արծարծվող ու իբրեւ թե տպավորություն ստեղծող հարցեր»: «Կա իրավական ակտ, դատարանի դատավճիռ կա: Դատավճիռը բողոքարկվել է, կա ամեն ինչ: Ինչ-որ մի հիմար ռուսական թերթում մի հիմարություն է գրել, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան պետք է այդ հիմարությունը մեկնաբանի: Չի կարելի»,- նշեց Գ. Իսագուլյանը, լրագրողներին այս անգամ էլ կոչ անելով պարկեշտություն ձեռք բերել եւ աշխատել «այդ օրերին այդ կարգի հարցեր չտալ»: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին զոհվածների հարազատների այն հայտարարություններին, թե գործող իշխանությունները ոչինչ չարեցին, որ «27»-ը տեղի չունենա, իսկ հետո ամեն ինչ արեցին, որ գործը չբացահայտվի, նախագահի խորհրդականը նշեց, թե նույն մարդիկ բազմաթիվ առիթներով ասել են, որ այսինչ շրջանից այսինչ շրջանը երկրի հիմնական ղեկը եղել է այս եւ այս մարդու ձեռքում: «Այսինքն՝ այս բոլոր մեղադրանքները, որոնք փորձում են օրինակի համար ինձ ուղղել, պարզվում է՝ ես դրանց համար այն ժամանակ պատասխանատվություն չեմ էլ կրել, իրավասություն էլ չեմ ունեցել միջամտելու, իրենք են այդ ամեն ինչի ղեկավարը, տերը եւ այլնը եղել: Ուրեմն, երբ որ գալիս է, թե ո՞վ այդ ժամանակ ինչ իշխանություն է ունեցել, ո՞վ է այդ ժամանակ իրականացրել իշխանությունը` որպես ֆունկցիա, այլ բան է ասվում, բայց երբ որ գալիս է այլ խնդիր, թե ո՞վ է պատասխանատու եւ ո՞վ պետք է սրա համար պատասխան տա, դերերը միանգամից փոխվում են,- հայտարարեց Գ. Իսագուլյանը՝ հավելելով,- Չի կարելի, այս հարցերին էլ մի անդրադարձեք: Մենք իսկապես լուրջ խնդիր ունենք մեր լրատվամիջոցների հետ»: