«Նախորդ բոլոր ընտրությունների նման»

01/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ըստ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարության, իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար նախօրեին դատարան է դիմել 33 քաղաքացի, եւ բոլորի իրավունքներն էլ վերականգնվել են: Հիշեցնենք, որ թաղապետի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ են՝ անկուսակցական, ՀՀ գլխավոր դատախազ եւ «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) ներկայացուցիչ Իշխան Արշակյանը: «Ազատություն» ռ/կ-ին թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Երանյանն ասել է, թե ընտրություններում «շատ կոպիտ խախտումներ» չեն արձանագրվել: Սակայն թաղապետի դաշնակցական թեկնածու Գ. Սարգսյանը հայտնել է, թե ընտրություններն արդար են անցել ընտրատեղամասերում, սակայն հիմնական խախտումները կատարվել են տեղամասերից դուրս, մասնավորապես, տարբեր խմբեր ուղղորդել են ընտրողներին նախքան նրանց ընտրատեղամաս մտնելը: ԺՈՒԿ-ի անդամ Ի. Արշակյանն էլ հայտարարել է, թե խախտումներ եղել են եւ կան արձանագրություններ: Մասնավորապես, նրա վստահված անձինք արձանագրել են, որ միեւնույն մարդը նույն տեղամասում քվեարկել է 2-3 անգամ՝ տարբեր ժամերի, ընտրողներից շատերն ընտրացուցակներում չեն եղել, կամ ընտրողը չի գնացել քվեարկության, սակայն նրա անձնագրով մեկ ուրիշը քվեարկել է, հանձնաժողովի անդամներն ուշադիր չեն աշխատել եւ այլն, սակայն թեկնածուն դժվարացել է ասել, դա միտումնավո՞ր է արվել. թե՞ ոչ: «Ազատությունը» փոխանցում է նաեւ, որ ըստ Ս. Երանյանի, Աջափնյակ համայնքում նախօրեին անցկացված թաղապետի ընտրություններն անցել են նորմալ, ընտրատեղամասերում բոլոր հանձնաժողովների անդամները ստորագրել են արձանագրությունները, նրանցից որեւէ մեկը հատուկ կարծիք չի գրել: Համաձայն ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների, նախնական պատկերը հետեւյալն է. 13.930 ձայն ստացել է Ռ. Հովսեփյանը, 2416 ձայն՝ Գ. Սարգսյանը եւ 1920 ձայն՝ Ի. Արշակյանը: Ինչպես նշել է Ս. Երանյանը` ընտրությունների ընթացքի հետ կապված միակ դժգոհությունը եղել է թիվ 4 ընտրատեղամասից, որտեղ թեկնածուներից մեկի վստահված անձը բողոք էր ներկայացրել, թե ընտրողների վրա ճնշում է գործադրվում, տեղամասում կուտակումներ կան: Ահազանգից հետո տեղամաս են այցելել Ս. Երանյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ովքեր, սակայն, որեւէ արտառոց բան չեն արձանագրել: Ըստ Գ. Սարգսյանի, ընտրություններն անցել են «նախորդ բոլոր ընտրությունների նման»: Նրա գնահատմամբ՝ եթե ընտրողներն ավելի ակտիվ լինեին, ապա ընտրությունների ելքն այլ կլիներ: Գ. Սարգսյանն իրեն պարտված չի համարում, «որովհետեւ իմ դեմ էին հանված հսկայական լծակներ, միայն մի քանի հարյուր երթուղային տաքսիներ էին պտտվում: Դրանից առաջ կար վախի մթնոլորտ՝ ես չհասկացա, թե որտեղի՞ց էր դա ստեղծվել, ի՞նչ պատճառով»: Ի. Արշակյանի նախընտրական շտաբում էլ թաղապետի ընտրությունները նմանեցրել են 2005 թվականի սահմանադրական հանրաքվեին: Սահմանված ժամկետում թեկնածուներից ոչ մեկն ընտրության նախնական արդյունքները չի բողոքարկել: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն ուրբաթ օրը: