Փուլային տարբերակ

01/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Թեեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները (եթե դա կարելի է այդպես անվանել) Ազգային ժողովում արդեն ավարտվել են, սակայն այս թեմայով բանավեճերը դեռ շարունակվում են ու հավանաբար դեռ երկար կշարունակվեն: Թեմայի շուրջ բանավեճը շարունակվեց նաեւ երեկ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Կարապետյանը: Երեկվա բանավեճը սկսվեց հումորով եւ առաջինը ելույթ ունենալու իրավունքը փոխադարձաբար միմյանց զիջելով, որի ժամանակ էլ Ս. Նիկոյանը նշեց, թե «ամեն ինչ կզիջենք, բացի իշխանությունից», իսկ Ա. Կարապետյանն էլ ավելացրեց. «մեկ էլ փողից»: Վերոնշյալ նախաբանից հետո Ա. Կարապետյանը հայտարարեց, թե ճիշտը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն է, որին մենք արդեն 15 տարի պատրաստ ենք: Ս. Նիկոյանի գնահատմամբ էլ՝ ոչ միայն պատրաստ չենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, այլեւ քաղաքական համաձայնություն կա՝ այսօր ունենալ 90 համամասնական եւ 41 մեծամասնական հարաբերակցությունը: Կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր էին նաեւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում:

Ա. Կարապետյանը սխալ է համարում հանձնաժողովներում ԱԺ «Ժողպատգամավոր» խմբին տեղ տալը եւ հարցնում է, թե ինչո՞վ է «Ժողպատգամավորից» պակաս ԱԺ մեկ այլ խումբ՝ «Գործարարը»: Ա. Կարապետյանը փաստում էր, թե «Ժողպատգամավոր» խմբի մեծամասնությունը դարձել է ՀՀԿ անդամ, եւ ստացվում է, որ ՀՀԿ-ն հանձնաժողովներում երկու տեղ ունի: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մշակման քննարկումների սկզբից իրենք որդեգրել են հետեւյալ սկզբունքը (որին, ըստ նրա, համաձայնել են մյուս բոլոր քաղաքական ուժերը՝ ներառյալ ընդդիմությունը). չանդրադառնալ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման խնդիրներին, քանզի այդ հարցերում կարծիքները շատ են տարբերվում, եւ համաձայնության հասնելը դժվար է: Ու, փաստորեն, այդկերպ առաջարկվել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման եւ համամասնական-մեծամասնական հարաբերակցության հարցերում պահպանել «ստատուս քվոն» ու փորձել բարեփոխել այն, ինչ հնարավոր է փոխադարձ համաձայնությամբ բարեփոխել: Արդյունքում բազմաթիվ հարցերի շուրջ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները համաձայնության են եկել: Կարճ ասած՝ ընտրվել է հարցի լուծման փուլային տարբերակ: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ ՀՀԿ-ականներն այս տրամաբանությամբ առաջնորդվելով` չեն ընդունում ՀՀ առաջին նախագահի մոտեցումներն ասենք՝ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ. վիճելի հարցերի շուրջ պահպանել «ստատուս քվոն» եւ կարգավորել բոլոր այն խնդիրները, որոնք տվյալ պահին հնարավոր է կարգավորել: Սա` իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման խնդրին, մասնավորապես հանձնաժողովներում ընդդիմության եւ իշխանության ձայները հավասարակշռելու առաջարկին, Ս. Նիկոյանը կարծիք հայտնեց, թե ընտրություններից առաջ դժվար է ասել` ո՞վ է ընդդիմադիր, ո՞վ իշխանական, եւ, հետեւաբար, ընդունելի չէ ընտրական հանձնաժողովներում այս երկու ուժերին հավասար տեղեր տալը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված ընդդիմության դիրքորոշումը, որը սկզբից ստորագրեց ԸՕ փոփոխությունների նախագծի տակ, իսկ հետո որոշ ժամանակ անց փոշմանեց ու ետ վերցրեց ստորագրությունը: Այս հարցին Ա. Կարապետյանի պատասխանից ստացվում էր հետեւյալը. քանի որ նախագիծը պետք է ուղարկվեր Վենետիկ, եւ քանի որ ընդդիմադիրների բազմաթիվ առաջարկներ հաշվի էին առնվել, իրենք դա ստորագրել են, սակայն քանի որ իրենց համար սկզբունքային հիմնական երկու հարցերի՝ համամասնական-մեծամասնական հարաբերակցության եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում իրենց առաջարկությունները հաշվի չեն առնվել, ընդդիմադիրները ետ են վերցրել իրենց ստորագրությունները: Սակայն այդպես էլ հասկանալի չեղավ, թե ի՞նչ է, ստորագրելիս չգիտեի՞ն, որ իրենց համար այդքան սկզբունքային երկու առաջարկությունները հաշվի չեն առնվել, ինչի պատճառաբանությամբ էլ հետագայում հանել են ստորագրությունները: Ինչեւէ, բանավիճող կողմերը երեկ անդրադարձան նաեւ քաղաքական դաշտում վերջին շրջանում բանջարաբոստանային կուլտուրաների՝ լուրջ գործոն դառնալու փաստին: Խոսքը բնակիչներին ցորենի եւ կարտոֆիլի բաժանման ու նմանատիպ այլ «ակցիաների» մասին է: Ա. Կարապետյանը չի ողջունում այդ ամենը, քանզի այդկերպ խախտվում են Ընտրական օրենսգիրքն ու կուսակցությունների մասին օրենքը, ու, բացի այդ էլ, «երաշխիք չկա, որ ընտրությունների ժամանակ նույնը չի կրկնվի»: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելեց, թե նման քայլերն արվում են հանրապետության նախագահի հովանու ներքո: «Ոչ ոք չի կարող օրենք խախտել եւ հանգիստ ման գալ, եթե նախագահի հովանավորությունը չունի»,- նշեց նա: Իսկ Ս. Նիկոյանը, քանի որ ձեռքի տակ չուներ օրենքի համապատասխան հոդվածները, որոնք Ա. Կարապետյանի պնդմամբ՝ խախտվում են ցորենի, կարտոֆիլի ու այլ բաների միջոցով, դժվարացավ այդ հարցով հստակ դիրքորոշում արտահայտել: Սակայն Ս. Նիկոյանը խնդրին հայացք գցեց բարոյական տեսանկյունից ու տեղեկացրեց, որ իրեն էլ դուր չի գալիս այսօրինակ բարեգործությունը, որովհետեւ մտավախություն ունի, որ քաղաքական եւ գաղափարական պայքարը կտեղափոխվի «սերմացուի բաժանման դաշտ»: