«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում երեկ «Երկքաղաքացիության եւ միգրացիայի խնդիրները ինտեգրացիոն գործընթացների լույսի ներքո» թեմայով սեմինար էր կազմակերպել, որի ընթացքում հնչեցին երկու զեկույցներ:
Առաջին զեկուցողը Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանն էր, ով ներկայացրեց միգրացիոն խնդիրներում համագործակցությունը եվրոպական երկրների եւ կառույցների հետ ու եվրոպական փորձի կիրառումը մեր երկրում: Համաձայն Գ. Եգանյանի զեկույցի, 1992-1995 թթ. մեր երկիրը լքել է մոտ 800 հազար մարդ, իսկ 400 հազարն այդ ընթացքում ետ է եկել, ու արդյունքում ստացվել է, որ նշված ժամանակաշրջանում Հայաստանից հեռացել է մոտ 400 հազար մարդ: Ներհոսքի բացասական սալտոն, ըստ Գ. Եգանյանի, աստիճանաբար սկսել է պակասել եւ 2003թ. եղել է արդեն մոտ 9-10 հազար: Իսկ 2004-ից, պարզվում է, որ արդեն ներհոսք է եղել: Այդ թվականին ներհոսքի սալտոն դրական է եղել եւ կազմել է մոտ 2000 մարդ: Այդ թիվը հետագայում աճել է եւ 2004 թվականին կազմել արդեն 12.500 մարդ: Այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով ներհոսքի սալտոն դարձյալ դրական է՝ 12.500: Իսկ երկրորդ զեկուցողը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Նարինե Սոլոմոնյանը ներկայացրեց երկքաղաքացիների իրավական կարգավիճակը եւ միջազգային փորձը: Տիկին Սոլոմոնյանի խոսքերով՝ նախորդ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո մեր երկրում սկսեց «ժողովրդավարացման փուլը»: Ըստ նրա` Սահմանադրությունից երկքաղաքացիության մասին դրույթը, որով այլեւս ՀՀ-ում երկքաղաքացիությունը չի արգելվում, «Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն էր ուղղված»: Ն. Սոլոմոնյանի փոխանցմամբ՝ միջազգային փաստաթղթերով երկքաղաքացիություն ստանում են «տվյալ պետության ծագում ունեցող անձինք», այսինքն՝ տվյալ դեպքում հայկական ծագում ունեցող անձինք: ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի խոսքերով՝ պասիվ խտրականությունը միջազգայնորեն ընդունելի է, եւ, հետեւաբար, մենք հանգիստ կարող ենք օտարերկրացիներին երկքաղաքացիություն չտալ: Ն. Սոլոմոնյանի խոսքերով՝ երկքաղաքացիները՝ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիների բոլոր իրավունքներից պետք է օգտվեն, բացառությամբ ընտրական իրավունքի հետ կապված որոշ հարցերի: «Ընտրելու հետ կապված ՀՀ Սահմանադրությամբ կարծեք թե սահմանափակումներ չկան, սակայն ընտրվելու հետ կապված որոշակի նստակեցության ցենզի խնդիր է առաջանում»,- հայտարարեց
Ն. Սոլոմոնյանը: Հիշեցնենք, որ երկքաղաքացիությունը մեր երկրում ընդհանրապես արգելելու կողմնակիցներն իրենց մտավախությունները հիմնավորում էին հիմնականում հենց նրանով, որ այդպիսով Հայաստանը կարող է իսպառ կորցնել իր ինքնիշխանությունը: Սա էլ հիմնավորում են նրանով, որ եթե ՀՀ քաղաքացի երկքաղաքացին ունենալու է ընտրելու իրավունք, ապա հնարավոր է, որ շուտով Հայաստանի բարձրագույն իշխանությունները ձեւավորվեն դրսից, եւ հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիների ձայներն այլեւս որոշիչ չլինեն ընտրություններում, քանզի հայտնի է, որ Հայաստանում մի քանի անգամ ավելի քիչ մարդ է բնակվում, քան արտերկրում ՀՀ քաղաքացի երկքաղաքացիների պոտենցիալ թեկնածուների թիվն է: Ինչեւէ, ներկայացնելով միջազգային փորձը, տիկին Սոլոմոնյանը երեկ նաեւ նշել է, թե որոշակի պաշտոններում նշանակման հարցերում էլ երկքաղաքացիների համար որոշ սահմանափակումներ են գործում: