«Ժառանգության» բաց նամակը

01/11/2006

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ բաց նամակ է հրապարակել, որում նշվում է կուսակցության նկատմամբ իրագործված անօրինականությունների մասին։ «Առանց մեկնաբանելու կուսակցության հետ վերջերս կատարվածը` փաստենք, որ հեռուստապաստառներից փաստացի հորդող, օրըստօրե թափ առնող նախընտրական արշավաշրջան «Ժառանգությունը» մտնում է փակված կենտրոնական գրասենյակով, վերջինիս համակարգչային տեղեկատվական բազայի կողոպուտով, զանգվածային միջոցառումների իրականացման եւ դրանով իսկ խոսքի ու անդամակցության ազատության համար ՀՀ պատկան մարմիններին ուղղված ու անհեթեթ պատճառաբանություններով մերժված դիմումների տրցակով եւ իշխանության համապարփակ վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային լրատվամիջոցների` կուսակցության, նրա հիմնադրի եւ ղեկավար մարմնի առջեւ նախագահի թելադրանքով խստագույնս կողպված եթերով»,- ասվում է բաց նամակում։ Այս պայմաններում «Ժառանգությունը» կասկածի տակ է դնում առաջիկայում արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը եւ հայտարարում, որ «Հայ ժողովուրդը պահանջում է պատասխաններ, ակնկալում արդարություն, եւ կշարունակի իր սխրագործ ճախրանքը հանուն ազատության, օրենքի գերակայության, քաղաքացիների իրավահավասարության՝ ժողովրդապատկան Հայաստանի»: