2000թ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հայտարարվեց գերակա ճյուղ: Երկրի բնական ռեսուրսների, տնտեսության զարգացման մասին խոսելիս եւ հարեւանների հետ համեմատվելիս մեր իշխանությունները 2000թ. սկսած հայտարարում են, թե մենք նավթ, ծով եւ կոմունիկացիաներ չունենք, բայց ունենք մարդկային հարուստ ռեսուրսներ:
Ինքներս մեր երկրին հայտարարել ենք տեղեկատվական հասարակության եւ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն: Բայց, պարզվում է՝ նավթ եւ ծով ունենալը չի խանգարում, որ այլ երկրներում էլ ձեւավորվի տեղեկատվական հասարակություն, որն էլ կզարգացնի ՏՏ ոլորտը: Մասնագետները հավատացնում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանից ավելի լավ վիճակում են: Իսկ ի՞նչ վիճակում է Հայաստանը: «Վատ»,- ասում են ոլորտի մասնագետները:
«Նախ վերցնենք կրթությունը: Ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ կրթության բոլոր բնագավառներում վիճակը մեզ մոտ աղետալի է,- ասում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: -Այս ոլորտի համար բուհերից ամեն տարի շուրջ 700 շրջանավարտ է դուրս գալիս, բայց նրանցից միայն 150-ն են պատրաստ աշխատելու: 150 շրջանավարտ էլ ընդհանրապես անգրագետ են ավարտում, մնացած 400-ի գիտելիքները բավարար չեն: Աշխատելու համար նրանք պետք է վերապատրաստվեն: Մեր երիտասարդների մեծ մասը չգիտի, թե ինչի համար է բուհ ընդունվում եւ ընտրում կոնկրետ այդ մասնագիտությունը: Ընդունվում է, որ դիպլո՞մ ունենա, թե՞ որպեսզի հետագայում ծրագրավորող աշխատի: Բացի այդ, մեր բուհերում չկա լավ մասնագետ պատրաստելու ցանկություն ու հնարավորություն: Այսօր յուրաքանչյուր ծնող պատրաստ է վճարել իր երեխային լավ կրթելու համար: Այնպես որ, կրթության ոլորտի ֆինանսավորումը միայն պետության ուսերին չէ: Իսկ ոլորտում կատարված բարեփոխումներն արդյունավետ չեն: Մեր բուհերում կրթության մակարդակը խորհրդային բուհերի մակարդակից չի բարձրացել: Մինչդեռ համաշխարհային մարտահրավերներն այլ մակարդակ են պահանջում»:
Կրթության որակի բարձրացումը պետք է լինի ոչ միայն կրթվողի ցանկությամբ ու ֆինանսավորմամբ, այլեւ պետության աջակցությամբ: Բուհն այսօր իր համար չպետք է միայն չափանիշ ունենա, թե տարեկան որքան դիմորդ եւ շրջանավարտ է ունեցել, որքան հարկ է վճարել եւ որքան ուսման վարձ է հավաքել, այլ պետք է իր համար նշաձող ունենա, թե արդյոք իր շրջանավարտը կարո՞ղ է մրցել զարգացած երկրների հայտնի բուհերի շրջանավարտների հետ: Իր տված դիպլոմը կարո՞ղ է աշխատանքի տեղավորվելու համար անցագիր հանդիսանալ: Հայաստանի բուհերն այս առումով մրցակցությանը չեն դիմանում: Ավելին, փորձագետների կարծիքով` մասնագետների այս «գերարտադրության» պայմաններում ՏՏ ոլորտի մեր ընկերություններն ունեն մոտ 1500 մասնագետի պահանջարկ: Շատ սուր է հատկապես ընկերությունների եւ ծրագրերի ղեկավարների պահանջարկը: Այս աշխատատեղերի համար երիտասարդ մասնագետներ գրեթե չկան: Պահանջարկն այնքան սուր է, որ ընկերություններն իրարից աշխատողներ են «փախցնում»:
«Դրա պատճառով մասնագետները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը,- ասում է Կ. Վարդանյանը: -Ընդհանուր առմամբ դա վատ բան չէ, բայց այս պահին եւ այս ոլորտում լավ էլ չէ: Հարմար եւ ձեռնտու աշխատուժ գտնելու առումով Հայաստանը կդառնա պակաս մրցունակ: Մեզ այս փուլում նման «շքեղություն» պետք չէ»:
Ոլորտը գերակա ճյուղ հայտարարելուց հետո պետությունը խթանող այլ կարեւոր քայլեր չի արել: Չի ստեղծել համապատասխան օրենսդրություն ու ռազմավարություն, վարչարարական համապատասխան պայմաններ: Ոլորտի մասնագետները շատ են դժգոհում հատկապես մաքսային ու հարկային ներկա պայմաններից: Նրանց կարծիքով` պետք է արտոնություններ սահմանվեն՝ գոնե որոշակի ժամկետով ոլորտն ազատվի հարկերից, տեխնիկա ներմուծելիս մաքսային կետերում շատ քաշքշուկներ չլինեն: Շատ է դժգոհությունը հատկապես մաքսային խիստ ռեժիմից, եւ գտնում են, որ թույլ տնտեսություն ունենալու հիմնական պատճառը հենց այդ խոչընդոտն է: Իսկ տնտեսության զարգացման ամենակարեւոր պայմանն այն է, որ իշխանությունները պետք է որոշեն ու հայտարարեն, թե իրենց երկիրը հատկապես ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա: Գյուղատնտեսությա՞ն, տուրիզմի՞, հանքարդյունաբերությա՞ն, բանկային ծառայությունների մատուցմա՞ն, թե՞ ՏՏ ոլորտի զարգացման: Կ. Վարդանյանի կարծիքով` հնարավոր չէ, որ միասին եւ հավասարաչափ զարգանան տնտեսության բոլոր ճյուղերը:
«Իշխանությունները պետք է ճիշտ կողմնորոշվեն, թե ո՞ր ուղղությամբ պետք է տանեն իրենց ղեկավարած երկիրը, պետք է հաշվի առնեն նաեւ ժամանակի ու աշխարհի մարտահրավերները,- ասում է Կ. Վարդանյանը: -Իմ կարծիքով, այստեղ այլընտրանք չկա, քանի որ ՏՏ զարգացումն իր հետեւից կտանի տնտեսության մյուս ճյուղերին: Միայն մեկ թիվ ասեմ՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 90-րդ տեղից էլ ետին շարքերը: Այսօր նույնիսկ աֆրիկյան շատ երկրներ այս առումով ավելի առաջ են, քան մենք: Նրանց իշխանություններն իրենց առաջ հստակ խնդիր են դրել եւ զարգացնում են ոլորտը: Խնդիր դնելու եւ զարգացման հասնելու միջեւ կա 25 տարի: Կարելի է հիշել Սինգապուրի օրինակը: Իսկ ետխորհրդային երկրներից հիշենք Էստոնիան, որն ընդամենը 15 տարվա ընթացքում հասավ այդ զարգացմանը: Ընդ որում, խորհրդային տարիներին այս ոլորտում Հայաստանն առաջնային դիրքերում էր, Էստոնիան՝ վերջին տեղում էր եւ համարվում էր ագրարային երկիր: Հիմա Էստոնիան այս ոլորտում աշխարհում առաջնային դիրքեր ունի, Հայաստանը՝ վերջին: Ուղղակի պետք է հստակ կողմնորոշում, ցանկություն եւ այն իրականացնելու կամքի ուժ ունենալ»:
Այս տարի Հայաստանում սեպտեմբեր ամիսը հռչակվեց ՏՏ զարգացման ամիս: Միջոցառումներ կազմակերպվեցին եւ ոլորտի պատասխանատուները հայտարարեցին, որ այս ոլորտը զարգացել է, եւ արդյունքները ՀՆԱ-ի մեջ 2% են կազմում: Սա, իհարկե, լուրջ թիվ է, բայց եթե ՀՆԱ-ն էլ լուրջ կշիռ ունենա: Իսկ մեր պարագայում թե՛ ՀՆԱ-ն, թե՛ այդ 2%-ը հպարտանալու տեղիք չեն տալիս: Բացի այդ, Հայաստանում ՏՏ ոլորտ ասելով` մենք հիմնականում նկատի ունենք կիսահաղորդիչների նախագծումը եւ կապի տրամադրումը: Արտադրություն գրեթե գոյություն չունի: Պարզապես վաճառվող համակարգիչները հավաքվում են այստեղ: Ընկերությունները ներկրում են ոչ թե համակարգիչներ, այլ համակարգիչների դետալներ, որպեսզի հնարավորինս քիչ հարկեր վճարեն: Ահա այսպիսին է մեր երկրում գերակա ճյուղ հռչակված շատ կարեւոր ոլորտի վիճակը: