Խաշի պարագաների կռիվ

07/05/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Գումի փակ շուկայի շուրջ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ լուրջ
իրարանցումներ են տեղի ունենում: Սկզբում փողոցային առեւտուրն արգելելու
նպատակով Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Տաշիր» առեւտրի կենտրոնի եւ Գումի
շուկայի շուրջ փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց են հայհոյելով քշում,
սպառնում, սեղաններից վաճառքի դրված ապրանքը գետնին շպրտում-ոտնատակ
անում:
Իսկ վերջերս նոր «որս» է սկսվել Գումի շուկայի տարածքում աշխատող
քաղաքացիների նկատմամբ: Բախումներով ու վտանգավոր հետեւանքներով լի վերջին
օրերի այս պատմությունն արդեն Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի շահերի
հետ է առնչվում: Ինչպես հայտնի է՝ Գումի փակ շուկան Գագիկ Բեգլարյանինն է:
Իսկ մինչ նրա՝ այդ շուկան ձեռք բերելը եւ թաղապետ դառնալը շուկայի շուրջը
մոտ 15 տարի տեղի բնակիչներն իրենց ապրուստի համար բիզնես էին դրել՝ մսի
պասաժներ բացելով՝ իրենց տների առաջին հարկերը փոքր խանութների վերածելով:
Թվով մոտ 130 պասաժներ են գործում, յուրաքանչյուրի գործունեությունից
ստացվող եկամուտներից օգտվում են 3-5 ընտանիքներ, այսինքն՝ հարյուրավոր
մարդիկ: Գումի շուկան ձեռքբերելուց հետո թաղապետ Բեգլարյանը շուկայի
առաջին հարկում մսի եվրոպասաժ է կառուցել: Եվ, կառուցելուց հետո սկսվել է
հերթական որսը՝ դիմացի մայթի բնակիչների պասաժի կետերը ստիպողաբար Գումի
շուկայի եվրոպասաժ բերելու քայլեր ձեռնարկելով: Մարդիկ դիմադրում են,
սակայն այս հարցը գնալով սրվում է, բախումներ են լինում: Բնակիչների դեմ
գործի է դրվում ոստիկանությունը, թաղային հեղինակությունները…Շուկայի
տերերը բնակիչներին այս հանգամանքը բացատրում են, թե իրենց կառուցած
եվրոպասաժում ավելի հիգիենիկ պայմաններ են, որ իրենց բժիշկ-մասնագետը պետք
է անպայման ստուգի միսը: Մսի պասաժների սեփականատեր սովորական
քաղաքացիները շատ լավ հասկանում են Գումի շուկայի տերերի հեռահար
մտադրությունները. «Արդեն 15 տարի էս գործի մեջ ենք, մենք բոլորս ունենք
մեր բժիշկ-մասնագետները, որոնք պարտադիր ստուգում են միսը, ինչո՞ւ պիտի
հենց պարտադիր իրենց տարածք տանենք, իրենց մասնագետը նայի: Շատ են ուզում՝
իրենց մասնագետը կարող է գալ ու մեզ մոտ ստուգել: Իրենց խնդիրը մեզ զոռով
իրենց խանութ մտցնելն է՝ փողի հարց է, բացի այդ նրանց մտքներին՝ մսի հետ
եկող զապչաստներն իրենցով անելն է»,- ասաց մեկը: Պարզվեց, «մսի զապչաստ»
ասելով՝ նկատի ունեն անասունի գլուխը, տոտիկները, մի խոսքով՝ խաշի
պարագաները, որը գյուղացին պասաժի տերերին է տալիս անվճար՝ վաճառված
կենդանու մսի հետ միասին: Իսկ Եվրոպասաժի տերերը հասկանում են, որ այդ
«զապչաստը» կարող են վաճառել անհատ հաճախորդների կամ երշիկեղեն արտադրող
գործարաններին: «Եթե պետությունն իսկապես շահագրգռված է, որ
սանիտարահիգիենիկ բարձրակարգ պայմաններում վաճառվի սննդամթերքը, ապա կարող
է մեր առաջ խնդիր դրվել ավելի բարեկարգել ու համապատասխան պայմաններ
ստեղծել մեր պասաժներում, ոչ թե մեր հացը մեր ձեռից առնեն»,- իրավացիորեն
ասում են բնակիչները:
Կեսգիշերին, սովորականի պես, մսի պասաժների տերերը սպասում են իրենց միս
բերող գյուղացիների ավտոմեքենաներին: Արդեն քանի օր է՝ մարզերից միս բերող
գյուղացիների ավտոմեքենաները մսի պասաժներին մոտենալուն պես շրջապատվում
են ոստիկանության ավտոմեքենաներով, որոնք կամ ստիպում են միսը Գումի
շուկայի պասաժ մցնել, կամ մեքենայի համարանիշն են հանում: Արդեն
ծեծկռտուքի դեպքեր են եղել: Պարզվում է՝ Երեւան մտնող ճանապարհներին էլ են
միս բերող գյուղացիներին վերահսկում: Դիտավորյալ է արվում. «գյուղացին էլ
մի օր կզզվի այս քաշքշոցներից ու գլխացավանքից, էլ մեզ միս չի բերի»,-
հավոզված են պասաժների տերերը: Մթնոլորտը դեռ շիկացած է եւ մարդիկ չգիտեն՝
ում դիմել, ինչպես իրենց շահերը պաշտպանել: Պարզվում է, որ քաղաքի այս
հատվածում բախվում են նաեւ սիլաչեցիների եւ մետաքսեցիների թաղային շահերը.
նաեւ կերակրատաշտակը կիսելու խնդիր կա: Վերջին օրերին մթնոլորտն այնքան է
թեժացել, որ անձամբ այնտեղ են գնացել Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ
Բեգլարյանը եւ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ «է՞ս ինչ եք
անում մեր տանը» թեմայով: Այս ամբողջ պատմության զավեշտը նրանում է, որ
քաղաքապետարան-թաղապետարաններ ու ոստիկանություն միասին ընկել են 15 տարի
իրենց փոքր բիզնեսը ստեղծած սովորական քաղաքացիների հետեւից: Արժե՞ այսքան
մանրանալ: