Քանի՞ տարեկան է քաղաքը

01/11/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ շաբաթ Ստեփանավանը տոնում էր իր N-ամյակը: Ինչո՞ւ N: Պաշտոնապես համարվում է, որ քաղաքն իր պատմությունը սկսել է 19-րդ դարի կեսերին: Սակայն ի՞նչ անել քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հետ, որը թվագրվում է 12-րդ դարով: Ինձ` դեռ անցյալ դարի (մտածելն անգամ սարսափելի է) 70-ականներին բոլոր դպրոցական արձակուրդներս այստեղ անցկացրած եւ այս փոքրիկ քաղաքին սիրահարված մարդուս, ավելի հոգեհարազատ է 12-րդ դարը: Բայց եթե կատակը մի կողմ թողնենք, կարծում եմ` հարցը գիտնականներին պետք է թողնել, թե ի՞նչ է եղել այստեղ 9 դար առաջ: Հո չէ՞ր կարող եկեղեցին հենց այնպես հայտնվել դաշտի մեջ, հայտնի չէ, թե ում համար: Տրամաբանական չէ:

Քաղաքն այսօր էլ շատ հաճելի տեսք ունի: Ավելի ճիշտ` այդպիսին է դառնում վերջին տարիներին: Երկրաշարժից հետո` հետխորհրդային շրջանում, այստեղ կարելի էր ֆիլմ նկարահանել «Ստալկեր»-ի ոգով: Դեպի լավը տեղի ունեցող փոփոխությունները բնակիչները հակված են կապելու քաղաքապետ Սերգեյ Կարաքեշիշյանի հետ. քաղաքապետի պաշտոնը ստանձնելով` նա բառացիորեն առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եղավ հայրենի քաղաքին արժանի տեսք տալու գործին: Վերջին տարիներին ամեն անգամ Ստեփանավան գալիս ես նոր բան էի հայտնագործում այստեղ: Մեկ հրապարակն էր սկսել համապատասխանել իր անվանը, ոչ թե նման էր աղբանոցի, ինչի քիչ էր մնում վերածվեր, մեկ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունն էր քաոսայինից դարձել կարգավորված, մեկ քաղաքային դարավոր զբոսայգին էր կրկին դարձել ստեփանավանցիների եւ հանգստանալու եկածների սիրելի վայրը, նրանց, ում գրպանին հարմար չէ, ասենք, Քոբուլեթին, էլ չենք խոսում «անթալիաների» կամ ավելի թանկ հանգստավայրերի մասին: Հայտնվել են ֆուտբոլի դաշտեր, նոր հյուրանոց, եւն:

Ստեփանավանի պատմության մեջ իսկական ուղենիշ դարձավ ֆրանսիական Դեսին քաղաքի հետ եղբայրական հարաբերությունների հաստատումը: Պատվիրակություններ փոխանակելն արդեն սովորական բան է դարձել: Ահա հիմա էլ տոնի առթիվ ֆրանսիացիներ էին եկել, իսկ Ֆրանսիայի պետական դրոշը ծածանվում էր հայկականի հետ կողք կողքի: Քաղաքի հերթական տոնի առթիվ կրկին գործում են հրապարակի շատրվանները, որոնց մասին արդեն սկսել էին մոռանալ, կառուցվել է քաղաքապետարանի նոր շենքը, եւ քաղաքային իշխանությունները ժամանակավոր կացարաններից եւ վագոններից, որ զբաղեցնում էին ավերիչ երկրաշարժից ի վեր, վերջապես կտեղափոխվեն ավելի նորմալ գրասենյակներ: Եղան նաեւ ավանդական երգ ու պար, տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, «Պատվավոր ստեփանավանցի» կոչում շնորհվեց: Ի դեպ, նման շքանշան պետք է հանձնվեր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, սակայն գործադիր իշխանության ղեկավարի ծանրաբեռնված գրաֆիկը փոփոխություններ մտցրեց տոնի օրակարգում. գրեթե վերջին վայրկյանին պարզվեց, որ վարչապետը չի գալու…

Էլ ի՞նչ: Թատրոն է ստեղծվում: Ավելի ճիշտ` վերածնվում է: Սերգեյ Կարաքեշիշյանը որոշել է, որ դա անհրաժեշտ է: Քաղաքապետի համառությանն ու էներգիային քաջածանոթ ստեփանավանցիները վստահ են` թատրոն կլինի: Գլխավոր ռեժիսոր Էռնեստ Միքայելյանը թատերախումբ է հավաքում: «Կախված այն բանից, թե ովքեր կլինեն խմբի մեջ, ինչպիսին այն կլինի, ըստ այդմ էլ կընտրվի խաղացանկը, բեմադրությունների բարդության աստիճանը»,- ասում է նա: Առայժմ վերածնվող թատրոնը չափից դուրս շատ խնդիրներ ունի: Ավելի հեշտ է ասել, թե ինչ ունի: Էնտուզիազմից, քաղաքի բյուջեի սուղ ֆինանսավորումից բացի, առայժմ ուրիշ բան կարծես չկա, եւ այստեղ դժվար թե հրաժարվեն այլ թատրոնների օգնությունից, եթե օգնություն առաջարկվի: Կա նաեւ Դեսինից ֆրանսիացի բարեկամների աջակցության հույս, որոնք շահագրգռված են, որ հայ եղբայրները թատրոն ունենան: Սեփական թատրոն ունենալը փոքրիկ քաղաքի համար կարելի է մեծ ձեռքբերում համարել: Եվ առանձնապես զվարճանքի վայրեր չունեցող երիտասարդության համար գնալու տեղ կլինի: Խոսքը թատերախմբի մասին է: Թող որ, այստեղ ջիգարխանյաններ ու մկրտչյաններ չեն լինի, բանն այդ չէ: Խոսքը գեղագիտական ընդհանուր մակարդակի բարձրացման մասին է:

Ցանկացած տոն վերջանում է, եւ սկսվում է առօրյան: Տոնի մասին հիշեցնում են դեռեւս ծածանվող հայկական եւ ֆրանսիական դրոշները: Սակայն մի անսպասելի դեպք թույլ չտվեց Ստեփանավանին վերադառնալու առօրյա կյանքին: Այստեղ սկսել են փնտրել Ուզբեկստանից մի փախստական հանցագործի. ոչ այն է` ահաբեկչի, ոչ այն է՝ կրկնահանցագործ մարդասպանի: Ցույց են տվել նրա ֆոտոռոբոտը, դպրոցներից մեկում դասերը ձախողվել են չափից դուրս հուզական հայտարարության պատճառով… Հետո լուրեր տարածվեցին, թե այդ ամենը սխալմունք է, որ Ուզբեկստանից ոչ մի հանցագործ քաղաք չի մտել: Լավ է, եթե այդպես է: Շատ ավելի լավ է ոչ թե ինչ-որ «բանդիտի» որսալով զբաղվել, այլ, ասենք, պարզել, թե ի վերջո քանի՞ տարեկան է Ստեփանավանը: