Բեւեռլի Հիլզում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսություն զանգահարելը գրեթե անհնար է: Հեռախոսագիծն անընդհատ զբաղված է: Միայն վերջերս է հյուպատոսությունը տեղադրել բազմագիծ հեռախոսային սարք, որպեսզի հնարավորություն ունենա սպասարկել Մոսկվայից հետո ամենամեծ հայկական համայնքի կարիքները: Լոս Անջելեսի ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը սպասարկում է ԱՄՆ արեւմտյան ափի 14 նահանգներում գտնվող ՀՀ քաղաքացիներին եւ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք հետաքրքրված են Հայաստանով:
Հյուպատոսությունը գտնվում է Ամերիկայի հայկական համագումարի հետ նույն հարկաբաժնում: 2-րդ հարկի միջանցքի վերջին երկու դուռը հենց հյուպատոսարանն է: Աշխատում են ընդամենը հինգ հոգով: Նոյեմբերին սպասվում է աշխատակիցների համալրում: Երեւանից ժամանում է նորանշանակ գլխավոր հյուպատոսը` Արմեն Լիլոյանը, որն, ի դեպ, հայաստանյան հայտնի լրագրող Տիգրան Լիլոյանի ազգականն է: Առայժմ ամբողջ հոգսը գլխավոր հյուպատոսի տեղակալ Հարություն Կոջոյանի, Արթուր Մադոյանի եւ հյուպատոսության փոքրաթիվ անձնակազմի ուսերին է:
«Հիմնական դժվարությունը մեր քաղաքացիների հետ այն է, որ ճիշտ չեն պատկերացնում հյուպատոսության կոչումը եւ գործառույթները: Ոմանք մտածում են, որ եթե վճարել են հյուպատոսական ինչ-որ գումար, ապա իրենց խնդրանքը կամ գործը պետք է ստացվի: Հյուպատոսարանը գաստրոնոմ չի, խանութ չի, որ վճարես ու քո ուզած ապրանքը վերցնես: Ուղղակի կատարվում է հյուպատոսական գանձում, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքացուն պետք է անձնագիր տրվի, վիզա տրվի եւ այլն: Չէ՞ որ Երեւանում նույն ԱՄՆ դեսպանատուն դիմած քաղաքացիների կեսից ավելիին վիզա չի տրվում: Գումարները չեն վերադարձվում եւ բողոքներ էլ կարծես թե չեն լինում: Մեզ մոտ հակառակն է: Լինում են դեպքեր, երբ քաղաքացին ինչ-որ հարցում մերժում է ստանում, ապա մենք, որ լրիվ իրավունք ունենք այդ փողը չվերադարձնել, ելնելով քաղաքացու սոցիալական վիճակից, վերադարձնում ենք այն կամ գանձում չենք կատարում»,- ասում է փոխհյուպատոս Հարություն Կոջոյանը:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հաշվառված են ԱՄՆ-ում մշտապես բնակվող մոտ 14 հազար ՀՀ քաղաքացի: Բայց սա իրական պատկերը չի արտացոլում: Օրինակ, ԽՍՀՄ օրոք հաշվառված քաղաքացիների մեծ մասն արդեն ունեն ԱՄՆ քաղաքացիություն: Շատերն էլ կան, որոնք եկել- մնացել են եւ ընդհանրապես հաշվառված չեն: Ներկայումս, մոտավոր տվյալներով, միայն Կալիֆորնիայում տարբեր կարգավիճակներով բնակվում են մոտ 250 հազար ՀՀ քաղաքացիներ: Հայազգի օտարերկրյա քաղաքացիների թիվը երկու անգամ ավելի է: Սահմանադրության բարեփոխումներից հետո ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին զանգերն ավելացել են: Հարություն Կոջոյանի պատմելով, հետաքրքրվում են ավանդական սփյուռքի ներկայացուցիչները եւ ԽՍՀՄ տարիներին ԱՄՆ քաղաքացի դարձած նախկին հայաստանցիները, ՀՀ քաղաքացու անձնագրերը պահպանած անձիք, ովքեր դարձել են ԱՄՆ քաղաքացի, բայց չեն ուզում հրաժարվել իրենց հայրենիքի քաղաքացիությունից: Ամերիկահայերի թերեւս միակ դժգոհությունը փաստաթղթային հարցերի երկար գործընթացն է. «Գործընթացը օբյեկտիվ պատճառներով երկար է տեւում նոր անձնագիր ստանալուց, որովհետեւ անձնագրերը տպագրվում են Երեւանում: Ձեւակերպումները մեզ մոտ արագ են արվում: Բացի այդ, մենք չունենք դիվանագիտական սուրհանդակներ կամ արագ հայկական փոստային ծառայություն: Հայաստանի հետ այստեղ ուղիղ չվերթ չկա, այդ պատճառով մենք դիվանագիտական փոստը հիմնականում ուղարկում ենք վստահելի քաղաքացիների միջոցով: Իսկ ընդհանրապես, վերջին տարիներին մենք օպերատիվ ենք աշխատում՝ կատարելով մեծածավալ աշխատանք՝ այս փոքրաթիվ անձնակազմով: Եթե դժգոհություն կա, պետք է կոնկրետ դեպք ասեք»:
– Պրն Կոջոյան, զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով Ամերիկայում գտնվող ՀՀ քաղաքացիները գրին-քարտ եւ հետագայում ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար այդ երկրում դիմում են քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նրանք ներկայացնում են անգամ տեսանյութեր, հրապարակումներ քաղաքական հետապնդումների մասին: Ամերիկյան դատարանները գործակցում են հյուպատոսության հետ լրացուցիչ տեղեկատվության կամ լրատվության համար:
– Այդ երեւույթը գոյություն ունի եւ ոչինչ անել չենք կարող, քանի որ դա վերաբերում է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությանը: Եթե նման գործ է, մենք դերակատարում չունենք: Իրենք մեզ տեղյակ չեն պահում: Իրենք էլ գիտեն իրավիճակը ինչպիսին է, Երեւանում ԱՄՆ դեսպանատան միջոցով: Եթե հետաքրքրվեն, մենք պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը: Բայց առայժմ ներգաղթային դատարանների կողմից այդպիսի խնդրանք չի եղել: Փոխարենը, երբեմն դիմում են «քաղաքական վտարանդիների» փաստաբանները՝ ձեր նշած «փաստաթղթերը» հաստատելու խնդրանքով, մենք, բնականաբար, մերժում ենք: Իսկ եթե գործը քրեական է եւ վերաբերում է ՀՀ քաղաքացու ձերբակալմանը կամ վտարմանը , ապա հյուպատոսությանը ԱՄՆ իրավապահ մարմինները պարտադիր տեղյակ են պահում, իսկ մենք էլ միշտ արձագանքում ենք:
– Ի դեպ, ամերիկահայերի շրջանում կան լուրեր Լոս Անջելեսում գործող հայկական մաֆիոզ խմբավորումների մասին, որոնք մշտապես ընդհարվում են մեքսիկացիների հետ:
– Նման տվյալներ մենք չունենք: Ցավոք, իրականում հայերն ավելի շատ հանցագործություններ են կատարում բացառապես մեր հայրենակիցների հանդեպ: Նախկինում եղել է այսպես կոչված «Armenian Power» (Հայկական ուժ) խումբը, որն ընդհարվել է մեքսիկացիների հետ: Պարբերաբար կռիվներ են լինում հայ եւ մեքսիկացի աշակերտների միջեւ, քանի որ հիմնականում այդ երկու ազգերն են սովորում այս շրջանի հանրակրթական դպրոցներում: Սակայն չեմ կարծում, որ դա ազգային հողի վրա է, հիմնականում կենցաղային բնույթի տղայական կռիվներ են: Բացի դրանից, Կալիֆորնիայի այն հանրային դպրոցներում, որտեղ հայերը քիչ են կամ չկան, լուրջ ընդհարումներ են լինում նաեւ լատինական ծագում ունեցող եւ սեւամորթ պատանիների միջեւ: