Երեկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 9 ամիսների կտրվածքով մայրաքաղաքի ընտանեկան նպաստ ստացողների թիվը կազմել է 25.000 ընտանիք: Միանվագ դրամական օգնություն ստացողները 2960 ընտանիքներ են: Ընդհանուր առմամբ 4 մլրդ 247մլն գումար է ծախսվել այդ ուղղությամբ: ՄԱԿ-ի Մարդասիրական պարենի ծրագրի հետ համագործակցության ընթացքում Երեւանի քաղաքապետարանի մասով գործել է 3 բարեգործական ծրագիր, որից օգտվել են 52.203 ընտանիքներ: Կ. Արեյանի հավաստմամբ՝ Կենսաթոշակային ֆոնդից օգտվողների թիվը մայրաքաղաքում կազմել է 166.000 մարդ: 19.4 մլրդ դրամ 9 ամիսների ընթացքում տրամադրվել է կենսաթոշակների համար:
Անդրադառնալով անվճար առաջնային բուժօգնության վերաբերյալ արձանագրված թվերին` փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 9 ամիսների ընթացքում քաղաքացիների կողմից բժիշկներին կատարած այցելությունների պատկերը սա է. Տեղամասային թերապեւտներ եւ ընտանեկան բժիշկներ՝ 435.368 այց, որը 2005թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 24%-ով: Նեղ մասնագետներին այցելածների թիվը կազմել է 548.656, որը նախորդ տարվա համեմատ աճել է 42%-ով: 2006-ի 1-ին կիսամյակում լաբորատոր գործիքային հետազոտության ենթարկվածների թիվը 2005-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42-ով: Ստացիոնար համակարգում նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում բուժվել է 15.315 հիվանդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 17.262, 19.2%-ով ավելի: Պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն է ստացել 10.400 մարդ: Վճարովի բուժօգնություն է ստացել 7013 մարդ: Աճել է նաեւ վիրահատությունների թիվը՝ 6.241 մարդ այս տարվա 9 ամիսների ընթացքում վիրահատության է ենթարկվել: 9 ամիսների պետպատվերի ծավալը մայրաքաղաքի բազմապրոֆիլ կլինիկական հիվանդանոցներում կազմել է 1 մլրդ 799մլն, նախորդ տարվա համեմատ 17%-ով աճել է պետական պատվերի ծավալը: Բուժօգնության ծավալը կազմել է մոտ 2 մլրդ, 20%-ով ավելին:
Լ.Ս.