«Մեղավոր եմ ես, ոչ թե աշխարհը». ասում է Քիքին

01/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այս օրերին Հայաստանում էր գտնվում հայտնի աբստրակցիոնիստ Քիքին (Գրիգոր Միքայելյան), ով 1993 թվից ապրելով ԱՄՆ-ում` շարունակում է ստեղծել իր բոբոների շարքը: Բոբոների փիլիսոփայության հիմքում մարդն է, իսկ մարդուն եւ հակամարդուն նկարիչը նույնացնում է՝ համարելով, որ երկուսն էլ նույնն են:

Բոբոն

«Բոբոն հակամարդը, ահ ու սարսափն է, մեր ներսի անհայտը, անհասկանալին է: Մարդու միջի անհանգստությունն է, անհասկանալի մի ներկայություն է, որը սիրելի, շոշափելի է, բայց նաեւ անհայտ, անհանգստացնող է: Բոբոն էն է, ինչը մարդուն վառում, ոգեւորություն, կրակ է տալիս, կասկածի տեղիք է տալիս: Եթե էդ անհանգիստը կոպիտ բան դարձնենք, իջեցնենք բնազդների վրա, մտցնենք ավելի նատուրալ դաշտ, ուրեմն՝ բոբոն ֆիզիկական ագրեսիա է: Դրանից մարդկանց մեջ սադիստական դրսեւորումներ են առաջանում՝ բռնաբարություն, շիզոֆրենիա: Բայց, եթե մաքուր, մետաֆիզիկ վիճակում է՝ բոբոն մարդկային հոգու աստվածային անհանգստությունն է: Ոնց որ տիեզերքը, մարդը, որը շնչում է, այ էդ շնչառությունն է, ու պարզ չէ` շնչե՞լն է լավ, թե՞ արտաշնչելը, պոզիտի՞վ, թե՞ նեգատիվ է: Բոբոն էդ երկուսը միասին է:

Վերջերս հետաքրքիր մի բան նկատեցի: Մինչեւ մեր ժամանակները հայ նկարչության մեջ շատ քիչ էր արագությունը, շարժումը: Ա՛յ, էդ գործողություն կոչվածը չկար, ավելի պասիվ, գեղանկարչական գեղեցիկ հարմոնիաներ, ֆիգուրներ սարքելն էր: Էդ ամեն ինչի մեջ ավելի շատ սարքած բան կար: Իմ նկարչությունն իր հետ բերեց ինձ որպես առաջին աբստրակտ էքսպրեսիոնիստի, որովհետեւ ես մեծ չափերի մեջ սարսափելի արագ էի նկարում: Հայ նկարչության մեջ առաջին անգամ արագ նկարելը ես սկսեցի, հիմա Վահան Ռումելյանն է այդպես նկարում: Այսինքն՝ արագ այդ գործողությունը ժամանակ չպիտի թողնի ինչ-որ բան սարքելու, մշակելու համար: Էդ կոպիտ, արագ դրված գծի մեջ մտնում էր էդ անբացատրելի շնչառությունը: Գեղանկարչությունն իր դասական, ավանդական ձեւերից հեռանում, պոկվում ու նոր ճանապարհ է բացում»:

Ինքնամաքրում

«Ես դրական ոչ մի գիծ չունեմ, լրիվ բացասական եմ: Ես միշտ ամեն տեսակ դրական բաներից փախչում եմ, որովհետեւ աշխարհի չարիքը գալիս է դրականից, ոչ թե բացասականից: Մարդկությունը, բոլոր մտածողները դա հասկացել են: Մարդը հնարում է իր էգոն, ցանկությունները, պատկերացումները ու երեւակայելով սարքում է դրական բաներ, որոնք ամենեւին էլ չեն համապատասխանում դրականին կամ բարուն: Ամբողջ աշխարհի մտածողներն ասում են, որ չարիքը ստեղծվում է բարի նպատակներով, այսինքն՝ մարդն ամեն ինչն ի օգուտ իրեն շուռ տալու, կեղծելու հատկություն ունի: Այն մարդը, ով կասկածում է ամեն ինչին, ով իսկապես ուզում է հասկանալ՝ ինքն իրեն խոստովանում է, որ դրական բան չկա: Դրական բաներն ինքը տեսնում է այն ամենի մեջ, որոնց մեջ ուրիշները դրական ոչինչ չեն տեսնում: Տեսնում է էն աննկատելին, թաքնվածը, որը չի երեւում աղմուկ-աղաղակի մեջ: Ա՛յ դա չի համապատասխանում դրականի վերաբերյալ մարդկային չափանիշներին: Այդ թաքնված դրականը մեկ-մեկ բացասական, գիժ, խեղճ, անօգնական, մերժված ու թույլ է երեւում, եւ դրա մեջ է թաքնված մարդկայինը, դրականը: Ոչ թե ամպագոռգոռ գաղափարների, սուտ-սուտ խոստումների, իբր հավատքի, իբր ազատության ու այլ տեսակի «իբր»-ների… Ժամանակակից արվեստում էս հարցերն ավելի ռադիկալ են դրված: Մարդը սկսում է մտածել այն ժամանակ, երբ ինքն իրեն դրական չի համարում: Նրա համար պարզ չեն էս հարցերը: Ես դրական մարդ չեմ, ինձնից կյանքում օգուտ չի եղել»:

Մարդը

«Եթե մարդը չի մտածում՝ զոմբիանում է: Մարդն ուզում է բացարձակ փրկվել, երջանիկ լինել: Ինչո՞ւ չի փրկվում: Ստից, որովհետեւ շուրջն ինչ որ կա՝ սուտ է: Մարդը երազում է փրկվել. այսինքն՝ բացարձակ բաներ է ուզում, որովհետեւ կիսատ-պռատ բաները հիասթափեցնում են: Դրա համար էլ նա փրկության համար բացարձակ արժեքներ է ստեղծում: Քանի դեռ չի խարխլվում ինչ-որ մի քաղաքակրթություն՝ մարդը գնալով ճահճանում է, հողի վրա իրեն պինդ է զգում, երեւակայում է, մյուսներին օգտագործում, շահագործում է, ուրիշներից պոկում է ոչինչ չտալով: Մարդու նպատակն է՝ քիչ տա, շատ վերցնի: Աշխարհի ուժեղները, տերերը մտածում են՝ ո՞նց անենք, որ էս խիստ իրականության մեջ մենք լինենք լավը, շատ ունենանք, այսինքն՝ խորամանկության, աղվեսության խաղ է: Երբ մենք սկսում ենք բնությանը ճզմել՝ արհավիրք է սկսվում: Ինչո՞ւ են էկոլոգիայի մասին այդքան գոռգոռում, զգուշացնում: Գիտնականները զգուշացնում են, որ բնությունը վերաբերմունք է ուզում: Մենք չենք կարող բնությունն անսահման, անվերջ օգտագործել, քամել… Նույնը վերաբերում է մարդկանց. մարդը մարդուն չի կարող անսպառ աշխատացնել, քամել… Երբ չափը խախտվում է՝ աղետ է լինում: Պատերազմների պատճառն էլ է դա: Մենք ուզում ենք փրկվել, ուզում ենք, որ աղետ չլինի: Աշխարհն անհույս վանդակ չէ, դրա համար էլ կյանքի իմաստը միշտ փրկվելն է:

Մարդը միշտ սպասում է, որ իրեն օգնեն փրկվել, գուցե փրկչի՞ է սպասում:

Փրկիչը կարող է ուրիշ տեսքով գալ: Երբ հրեշը հրեշտակի տեսքով է գալիս՝ դա է սարսափելի: Դրա համար եմ ասում` դրականի վատը դրա մեջ է: Եթե սատանան սատանայի տեսքով գա՝ բոլորը կսկսեն վրան ծիծաղել, կասեն` դու ո՞վ ես, այ պոզավոր, որ քո ետեւից գանք: Բայց եթե հրեշտակի տեսքով գա՝ բոլորին կտանի, իսկ հրեշտակի կերպարանք ընդունելը դժվար չէ: Մարդկությունը միշտ գնում է առաջնորդների ետեւից: Հրեշտակների կերպարանքով առաջնորդների կյանքը, բնավորությունն ուսումնասիրում ես, ու պարզվում է, որ ավազակներ են: Պատմությունը փաստել է դա: Բայց էդ կարեւոր չէ, կարեւոր է, թե ես իմանամ` ի՞նչ եմ անում: Եթե տեսնեմ ուրիշներն ինչ են անում, ապա կարող է գողություն անեմ ու ուրիշներն ասեն՝ դու վատ բան չես արել, բոլորն էլ գողանում են: Ինձ համար ուժն աննկատ ապրելն է»:

Մաքուրը քիչ է

«Հեռուստատեսությունն ինձ հնարավորություն է տալիս տեսնելու, թե մարդկությունն ինչ նոր այլանդակություն, խորամանկություն է մտածել: Մաքուր բաները քիչ են, իսկական պրոբլեմների մասին չեն խոսում կամ ասում են՝ մեղավոր են սրանք, մեղավոր են նրանք… Իմ սկզբունքը հետեւյալն է՝ մեղավոր եմ ես, ոչ թե աշխարհը: