Հիմնական ոճրագործները դեռեւս պատժված չեն

31/10/2006

Արդեն 7 տարի է անցել ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դաժան ահաբեկչությունից: Երկարուձիգ դատավարությունը ոչ միայն չբացահայտեց հանցագործությունը, այլեւ հասարակության` ճշմարտությունն իմանալու հետաքրքրությունը մարեց: Դաժան այդ հանցագործության բացահայտմանն այլեւս չեն սպասում նաեւ քաղաքական դաշտում, քանի որ տվյալ դեպքում սպասել՝ նշանակում է ակտիվ գործել, պահանջել, հետամուտ լինել: 1999թ. հոկտեմբերի 27-ից անցել է 7 տարի, իսկ մենք տեղի ունեցածի մասին գիտենք ճիշտ այնքան, որքան 1999թ. հոկտեմբերի 28-ին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի համոզմամբ՝ այդ ողբերգության հիմքում չարությունն ու ատելությունն էր. «Կարծում եմ, որ մարդիկ, որոնք գալիս են խորհրդարան եւ անցնում են այս հուշարձանի կողքով, պետք է գիտակցեն, որ չարությունը եւ ատելությունը կարող են նման հանցագործությունների հիմք հանդիսանալ»։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ երեկ կարծիք է հայտնել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով հիմնական ոճրագործները դեռեւս պատժված չեն, եւ «մի օր կիմանանք, թե հարվածը որտեղից էր», սակայն Գ. Սահակյանը վստահ է, որ հարվածը դրսից էր: