Այս իշխանությունը դեռ երկար կկառավարի

31/10/2006

Հոկտեմբերի 27-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը հրաժեշտ տվեց Հայաստանին: Մեր երկրում տված իր վերջին ասուլիսում նա հայտարարեց, որ վերջին 4 տարում Հայաստանը ՀԲ-ից ստացել է 300 միլիոն դոլարի վարկ: Ռ. Ռոբինսոնը հավանական համարեց, որ 2009-2012 թթ. ժամանակահատվածում Հայաստանը կարող է վարկեր ստանալ Վերակառուցման եւ զարգացման բանկից: «Սա պայմանավորված է երկրի հաջողություններով, ՀՆԱ աճով»,- ասաց ՀԲ պաշտոնյան:

Գնալուց առաջ նա նաեւ կանխատեսում արեց ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ: «Այս իշխանությունն, իմ կարծիքով, դեռ երկար կկառավարի»,- ասաց Ռ. Ռոբինսոնը: Լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար, որ ՀՀ իշխանությունները տնտեսական երկնիշ աճի պայմաններում շարունակում են օտարերկրյա վարկեր վերցնել` ավելացնելով արտաքին պարտքը` Ռ. Ռոբինսոնը պատասխանեց, թե 12% աճն իհարկե մեծ է, բայց ոչ բավարար` անհրաժեշտ խնդիրները լուծելու համար: ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրենը միաժամանակ նշեց, որ ՀՀ իշխանություններն արդեն այդքան էլ շատ արտասահմանյան վարկ չեն վերցնում: «Ես կարծում եմ, որ այս իշխանությունը դեռ երկար կկառավարի, հետեւաբար չարժե անհանգստանալ, որ երկիրը կշարունակի շատ վարկ վերցնել դրսից»,- ասաց Ռոջեր Ռոբինսոնը: