Ինչո՞ւ նախարարը չշարժեց հոնքը

31/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Փաստարկ» ակումբում երեկ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Վերջինս երեկ նշեց նաեւ, թե իր շրջապատում մինչեւ հիմա դեռ կան «մտավորական մարդիկ», ովքեր ո՛չ թերուս են, ո՛չ տգետ են, սակայն Պուտինին ընկալում են որպես իրենց նախագահ: Ա. Պետրոսյանը նրանց դրա համար չի մեղադրում, քանզի այդ հոգեբանությունը նրանց մեջ տասնյակ տարիներով սերմանվել է: ԱԺ պատգամավորը երեկ մեկ այլ բարդույթի մասին էլ է խոսել: «Ղարաբաղյան ազատամարտից հետո այդ բարդույթից, որ` թուրքը եկավ, հիմա երեխուն առնեմ, ո՞ւր փախնեմ, ես անձամբ ազատագրված եմ: Ես հասկացել եմ մի շատ կարեւոր բան, որ երբ դու պայքարում ես, փրկվելու շանսդ ավելի մեծ է, քան երբ որ փախչում ես»,- եզրակացրել է պատգամավորը: Ըստ նրա, չի կարելի նեղ պահին փախչել: «Փախչում ենք, հետո հերոսաբար գալիս ենք այստեղ ու սկսում ենք ճառեր ասել մեր փախչելու մասին»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը: Այդուհանդերձ, խոսելով «այս երկրում ապրած-մեծացածի, ռուսական մշակույթի կենսոլորտում ձեւավորվածի» դիրքերից, նա երեկ նաեւ հայտարարեց, թե մենք հերթական անգամ կանգնած ենք «կամ-կամ հարցի առաջ, հերթական անգամ երկու հսկա աստղերի ձգողության մեջտեղում ենք. Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան»: Սակայն Ա. Պետրոսյանը կողմ է հավասարակշռված քաղաքականությանը: «Ես ամերիկանիզմի այս ախտից պաշտպանվում եմ ռուսական մշակույթով, բայց ես ռուսական կայսերական սապոգից էլ պաշտպանվում եմ արեւմտյան արժեքներով»,- վստահեցրեց նա: Միաժամանակ պատգամավորը նշեց, թե ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրներ եւ անգամ Եվրոպան ու ԱՄՆ-ը, չեն կարող առանց Ռուսաստանի «շատուշատ բաներ անել»: Սակայն Ա. Պետրոսյանը գտնում է, որ «մեր այլասիրությունն ուրիշ է», եւ մենք ավելի շատ բարձրաձայնում ենք մեր թուլությունների մասին, քան խոսում՝ մեր ուժեղ կողմերի մասին, եւ մեր ինքնանսեմացումը հիվանդագին դրսեւորումներ է ունենում: Նրա խոսքերով՝ պետք է ազատվենք մեծ եղբոր բարդույթից, քանզի մեծ եղբոր կարիք չունենք, եւ պետք է ապրենք որպես անկախ երկրի քաղաքացի: «Եթե լրիվ տրվենք` մեզ ուտելու են: Իսկ ես ռուսներից չեմ նեղանում, մեզանից եմ նեղանում: Մենք ենք սխալ արել: Մեզ չեն հաղթել, մենք ենք պարտվել»,- ասաց Ա. Պետրոսյանը: Վերջինս նկատեց նաեւ, թե օրերս, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում էր ժողովրդի հարցերին, Վրաստանի հետ կապված նշեց, թե երբ Վրաստանն «ինքն իր կամքով» մտնում էր Ռուսական Կայսրության կազմի մեջ, այնտեղ Աբխազիա եւ Օսիա չկային: «Եթե ես Ռուսաստանի հայ քաղաքացի լինեի, կհարցնեի` Ադրբեջանական պետություն կա՞ր այդ ժամանակ, որ մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ: Չկար: Այդ ի՞նչ երկակի ստանդարտներ են: Խոսքս Ղարաբաղի մասին չէ: Չկար այդպիսի պետություն: Այդ ինչպե՞ս է, որ մեր ամենամեծ բարեկամ Ռուսաստանը երկակի ստանդարտներով է մոտենում. ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ խաչ է քաշում ինքնորոշման իրավունքի վրա, սակայն Աբխազիայի ու Օսիայի հարցում այլ կարծիքի է,- հարցնում է ԱԺ դաշնակցական պատգամավորն ու հավելում,- Ես դա լսում եմ, խենթանում եմ, մեկ էլ հաջորդ պահին նայում եմ, թե իմ սիրելի Ամերիկան ի՞նչ է անում Իրաքում եւ Աֆղանստանում. սարսափելի բան է անում»: Ու այս ամենից տիկին Պետրոսյանը եզրակացրել է, որ կայսրությունները նույնն են: Եվ թեեւ մեկը մեզ հումանիտար օգնություն է հատկացնում, փող է տալիս, մյուսն էլ «ի վերջո չթողեց, որ մենք ոչնչանանք առանց գազի եւ այլն»: Երեկ Ա. Պետրոսյանը հիշեց նաեւ Կանտին, ով ժամանակին կարծիք է հայտնել, թե կայսրություններն ի վերջո կործանվելու են, հարատեւ են լինելու կենսունակ ժողովուրդները, եւ նաեւ ասել է, թե հայերը կենսունակ ժողովուրդ են: Իսկ ըստ Ա. Պետրոսյանի, մեր գենետիկան չի այլակերպվել, մեր արյունը չի այլանդակվել, մենք եզակի ժողովուրդ ենք եւ պետք է գնահատենք մեր ունեցածը: Նա անդրադարձավ նաեւ Երեւանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի օրերս արած այն հայտարարությանը, թե ժամանակն է, որ Հայաստանը ռուս-վրացական հակամարտության մեջ հստակ կողմնորոշվի դեպի կողմերից մեկը, եւ Հայաստանին համեմատել էր Լեոպոլդ կատվի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Երեւանում ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը մեր երկիրն անվանել էր «տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստը»: Ու պարզվում է, որ այս ամենի համար Ա. Պետրոսյանը մեղադրում է եւ նեղանում է հայ ժողովրդից եւ ոչ թե Հայաստանի իշխանություններից: «Եթե մեր ժողովուրդն իր արժանապատվության ողնաշարն ուղիղ պահի, ոչ մի պաշտոնյա իրեն այդպես չի պահի: Երբ այստեղից ժողովուրդը Պուտինին նամակներ է գրում, այնտեղ մտածում են, որ մենք ֆորպոստ ենք: Երբ Անդրանիկ Միհրանյանը հանկարծ հակավրացական ելույթներ է ունենում, նրանք մտածում են, որ մենք իրենց ֆորպոստն ենք, Լեոպոլդ կատվի պես ենք մեզ պահում…»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը: Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչո՞ւ է մեղադրում ժողովրդին. թող արտգործնախարար Վարդան Օսկանյանը բողոքի մի նոտա հղեր Մոսկվային, կամ թեկուզ հոնքը շարժեր, երբ մեզ ֆորպոստ էին ասում, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Երբ ժողովուրդը Ստալինի նկարով դուրս է գալիս միտինգի, եւ ոչ ոք չի ասում՝ Էնվերին ու Թալեաթին հրեշ եք համարում, նրանցից ինչո՞վ է պակաս Ստալինը, երբ Սանատրուկ Սահակյանը Ստալինի նկարով ժամացույց է կապում, եւ դուք չեք բոյկոտում, գնում եք նրա մամուլի ասուլիսին…: Դա ժողովուրդը չի՞»: