Վաղ թե ուշ «27»-ը բացահայտվելու է

31/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Դատավարության հետ կապված մեր գնահատականը հայտնի է, հստակ: Դատավարությունը ոչ թե փարատեց, այլ հակառակը՝ էլ ավելի խորացրեց հասարակության մեջ տիրող կասկածները»,- նշեց ՀԺԿ նախագահ, Կ. Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս համոզմամբ` վաղ թե ուշ ճշմարտությունը կբացահայտվի: «Հանրապետություն» կուսակցության նախագահ, հոկտեմբերի 27-ին զոհված ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էլ է այդ կարծիքին: «Ես այս իշխանություններին մեղադրել եմ երկու բանի համար: Որ իշխանություն լինելով` ունեին Ազգային անվտանգություն, Ներքին գործեր, Ոստիկանություն, ոչինչ չարեցին, որ «Հոկտեմբերի 27» չլիներ, որովհետեւ «27»-ը տեղի է ունեցել Աժ-ի շենքում: Երկրորդ՝ ամենատխուրը, ամեն ինչ արեցին, որ «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի»,- ասաց նա: «Վերջիվերջո մի հարցում իշխանությունը միանշանակ մեղավոր է, քանի որ իր օրոք տեղի ունեցավ այդ դեպքը: Ես չեմ պատկերացնում որեւէ երկիր, որտեղ չլինեին հրաժարականներ, եղավ ընդամենը մեկը՝ հրաժարական տվեց Սուրեն Աբրահամյանը: Ընդ որում, Սուրեն Աբրահամյանը չէր ամենապատասխանատուն, կար Ազգային անվտանգություն, որ կոչված էր պաշտպանելու»,- սա էլ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի գնահատականն է: Երեկ առավոտից բազմամարդ էր նաեւ Եռաբլուրը: 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ զոհված Վազգեն Սարգսյանի շիրիմին իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը եւ այլք: Ռոբերտ Քոչարյանն այս տարի դարձյալ անձամբ չէր այցելել Եռաբլուր, բայց ծաղկեպսակ էր ուղարկել: Ընդդիմությունը Պանթեոնից Եռաբլուր ժամանեց գրեթե ամբողջ կազմով: Նրանց կազմում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւ այլք: Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ «յուրաքանչյուր չբացահայտված դատավարություն երկրի անկայունության մասին է խոսում»: «Սակայն, ես չեմ կարող «27»-ի դատավարությունը համեմատել մյուս դատավարությունների հետ, ուղղակի հասարակության վստահությունը պետության, դատական համակարգի, այս իշխանությունների նկատմամբ այդ ոճրագործությունից հետո լիովին կորավ»,- նշեց Արամ Սարգսյանը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը տեղի ունեցավ, քանի որ համապատասխան ծառայություններն իրենց բարձրության վրա չէին գտնվում, քանի որ «դա նախապատրաստվել էր բավականին երկար ժամանակ»: Իսկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում «27»-ի գործը կբացահայտվի: Ըստ նրա, հանցագործությունը կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ ունենանք ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն: Իսկ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, ամեն կերպ փորձելով կոնկրետ մեղավորներ չփնտրել, նշում էր, որ իշխանությունները նախապես ամեն ինչ իմացել էին, եւ ահազանգեր եղել էին, ու Անվտանգության ծառայությունը պետք է զբաղվեր այդ հարցով, կանխեր, բայց ոչինչ չարվեց: «Գողը տնից որ լինի, եզը երդիկից կհանեն, անպայման իշխանությունների մեջ եղել են աջակիցներ, օժանդակողներ. հնարավոր չէ, որ այդքան մարդկանց միջով անցնեին աննկատ: Մենք հիմա չենք կարող ասել, որ կազմակերպիչներն իշխանություններից էին, ես էլ, Արամն էլ երբեք ուղղակի այդպիսի բան չենք ասել, բայց ինչպե՞ս նրանք հայտնվեցին խորհրդարանում՝ այդքան զենքով, որ խորհրդարան նույնիսկ լրագրողներին այն ժամանակ առանց անցաթղթի չէին թողնում»,- նշեց տիկին Գրետան: