Հայերին աջակցել է նաեւ Վատիկանը

31/10/2006

«Լեռնային Ղարաբաղի գրավման ու հայացման գործում մեծ դեր է խաղացել քրիստոնեական գործոնը»,- գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը ու նշում, որ հայերին, որպես իրենց քրիստոնյա-եղբայրներին աջակցել է նաեւ Վատիկանը։ «Ադրբեջանական հողերի օկուպացման ժամանակ զինված պայքար են մղել Վատիկանի կողմից ապօրինի կազմավորված «Օպուս Դեի» զինված միավորումները («Օպուս Դեի»-ն բառացիորեն «Աստծո զինվորներ» է նշանակում ու լայն հասարակությանը հայտնի է «Դա Վինչիի ծածկագիրը» աղմուկ հանած վեպում ներկայացվելուց հետո)»։ Ադրբեջանական քաղաքագետներից մեկը նշում է, որ այդ զինված միավորումների մասնակցությունը մարտերում հաստատել է «Վատիկանի ձայնը» ռադիոկայանը, որը պատրաստվում է նաեւ 2007թ. հունվարի 7-ին՝ հայկական տոնացույցով նշվող Քրիստոսի ծննդյան օրն իր հաղորդիչները տեղադրել Լեռնային Ղարաբաղում։ «Այդ ռադիոկայանն իր հաղորդումները 37 լեզուներով է սփռում, իսկ ռադիոկայանի 50 աշխատակիցներից 17-ը հայեր են։ Ռադիոկայանի բյուջեն տարեկան 2,2 մլն դոլար է կազմում։ Այդ ռադիոկայանը բազմիցս կողմնապահ, նույնիսկ կասեի՝ թշնամական վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլուն։ Որպես «թշնամություն» նշվում է Արցախի պատմությունն ու ճարտարապետությունն ուսումնասիրող թանգարանի բացումը, որն ըստ ադրբեջանցիների՝ ադրբեջանական պատմական արժեքները որպես հայկական ներկայացնելուն է միտված։ Թանգարանին աջակցող «Վատիկանի ձայնը» բոլոր հայկական արժեքները պատմական հայրենիք վերադարձնելու կոչ է արել ու աշխարհով մեկ սփռված հայերի շրջանում թանգարան այցելել քարոզել։ Ռ. Նովրուզօղլուն համարում է, որ Վատիկանի ցուցաբերած «մշակութային օգնությունը» ինֆորմացիոն պատերազմի իսկական օրինակ է, եւ իրենք այդ պատերազմում պարտվում են։