Աստված է՛լ բեթարից ազատի

31/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Օրեր առաջ, երբ ԱԺ-ում դրամի արժեքավորման հետեւանքներին նվիրված լսումներ էին ընթանում, Տ. Սարգսյանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք էներգակիրների գներն այսօր արդարացված են։ Մասնավորապես, գազի ներկայիս սակագինը հաստատվել է դոլարի ավելի բարձր փոխարժեքի ժամանակ։ «ՀայՌուսգազարդը» գազը գնում է դոլարով, վաճառում է դրամով եւ ավելացնում իր շահույթները։ Ի զարմանս շատերի, Տ.Սարգսյանը համաձայնեց, որ որոշ սակագներ դրամի արժեւորման հետ կապված պետք է վերանայվեն։

Մասնավորապես գազի գնի նվազեցումը կազդի նաեւ էլեկտրաէներգիայի գնի վրա, իսկ վառելիքաէներգետիկ ծախսերը Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքի մեջ շատ մեծ տեսակարար կշիռ ունեն։ Գոնե դրանց նվազեցումը կարող է որոշ չափով օգնել տեղական արտադրողին։

Իհարկե, Կենտրոնական բանկը սակագին վերանայելու իրավասություն չունի, դրա համար կա համապատասխան կառույց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։ Սակայն Տ. Սարգսյանն էլ դժվար թե հենց այնպես բաներ ասի, եւ նրա «համաձայնությունից» հետո շատերի մոտ թեթեւակի հույս առաջացավ, որ սակագները կարող են իջնել։ Ավելին, մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ նոյեմբերին ՀԾԿՀ-ն պատրաստվում է սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը։ Սակայն ոգեւորությունը երկար չտեւեց՝ գների իջեցում դժվար թե լինի։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում որեւէ կոնկրետ բան չէր ասել, սակայն ակնարկել էր, որ 1999թ.-ից ի վեր (երբ 1 Կվտ էլեկտրաէներգիան սահմանվեց 25 դրամ) «շահագործման պահպանման համար նախատեսվող ծախսերի համար բոլոր նյութերը 200-250%-ով թանկացել են»։ Այսինքն, սակագինը բարձրացնելու հիմքեր կան։ Ինչ վերաբերում է դրամի արժեքավորմանը, ապա, ըստ Ռ. Նազարյանի, փոխարժեքը սակագնի վրա ընդամենը 20 տոկոս ազդեցություն ունի, մնացած բոլոր ծախսերն ու եկամուտները դրամային են։

Այս ամենով հանդերձ` Ռ. Նազարյանն ընդգծել է, որ որեւէ կոնկրետ բան առայժմ չի ասի։ Միգուցե աճեն, միգուցե նվազեն, միգուցե փոփոխություն չկրեն։

Այս հարցի շուրջ որոշ պարզաբանումներ ստանալու խնդրանքով մենք դիմեցինք ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանին։ Վերջինիս խոսքերով, հանձնաժողովը պարբերաբար վերանայում է սակագները, որը շատ բարդ աշխատանք է՝ «Կարելի է ասել, բյուջե մշակելու պես մի բան է»։

Ա. Արշակյանը պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի 25 դրամ սակագինը հաստատվել է՝ մի շարք գործոններ հաշվի առնելով։ Եթե գործոններից ինչ-որ մեկը փոփոխություն է կրում, ապա բնականաբար, սակագինը պետք է վերանայվի՝ կախված այդ գործոնի ունեցած տեսակարար կշռից։

Իսկ եթե գազի սակագինն իջնի, դա թույլ չի՞ տա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Պրն Արշակյանի կարծիքով, դրա ազդեցությունն էական չի լինի, քանի որ գազով աշխատող ջերմակայաններն ապահովում են հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ը։ «Մնացած մասն արտադրում են ՀԷԿ-երը եւ ատոմակայանը։ Դրանց համար սահմանված են տարբեր սակագներ՝ ոմանց համար` բարձր, ոմանց համար` ցածր։ 25 դրամն ընդունվել է դրանց հիման վրա՝ միջինացված սակագին է։ Միայն ՋԷԿ-ի արտադրած էներգիայի ինքնարժեքը կարող է որոշ չափով իջնել, սակայն ընդհանուր սակագնի մեջ դրա ազդեցությունն այնքան էլ մեծ չի լինի»,- պարզաբանեց Սակագնային վարչության պետը։

Ինչ վերաբերում է գազի սակագնի նվազեցմանը, ապա պրն Արշակյանի խոսքերով, այս դեպքում էլ ամեն ինչ այդ աստիճան պարզ չէ։ Բնակչության համար միգուցե հնարավոր է սակագինը վերանայել, սակայն խոշոր սպառողների համար (ամսական 10 հազար խմ եւ ավելի) սակագինը հաստատված է դոլարով։ Նրանց համար փոխարժեքի տատանումը կապ չունի՝ որքան դրամն արժեքավորվում է, իրենք ավելի քիչ են վճարում։ Հանրապետությունում սպառվող գազի 70%-ից ավելին բաժին է ընկնում խոշոր սպառողներին, իսկ ՋԷԿ-ը ամենախոշոր սպառողներից է։

Ահա այսպես, երբ պետք է՝ հիշում են գնաճի մասին եւ ասում, որ նյութերը թանկացել են՝ սակագներն իջեցնել չի լինի։ Իսկ երբ խոսք է գնում մեր տնտեսության «նվաճումների» մասին, հպարտորեն հայտարարվում է գնաճի ցածր մակարդակի մասին։ Չենք ուզում գնաճի թեմայով շարունակել, թե չէ կստացվի, որ նորից խոսում ենք ԿԲ-ի մասին։ Ամեն դեպքում, մի քիչ դժվար է հավատալ, որ ցանկության դեպքում չի կարելի իջեցնել բնակչության սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի գինը։ Պարզապես, վերանայումների արդյունքում կարող է պարզվել, որ մյուս գործոնների ծախսերը շատացել են, եւ դրանք հավասարակշռելով դրամի արժեւորման հետ՝ սակագները թողնեն անփոփոխ։ Մարդիկ դրանով էլ ուրախ կլինեն, միայն թե գները չբարձրանան։ Սակայն դա էլ վաղ թե ուշ տեղի է ունենալու։

Այս ամենի մեջ մի հետաքրքիր հանգամանք էլ կա։ Ըստ օրենսդրության, ՀԿԾՀ սահմանած սակագները (էներգետիկ ոլորտում) դատական բողոքարկման ենթակա չեն։ Հանձնաժողովը կարող է իր նախաձեռնությամբ վերանայել սակագինը եւ նվազեցնել։ Իսկ ընկերություններին այլ բան չի մնա անել, քան համակերպվել։ Սակայն գաղտնիք չէ, որ այս ամենի մեջ միայն տնտեսագիտական, մասնագիտական հաշվարկները չեն, որ դեր են խաղում։ Կան շատ նրբություններ՝ ներքաղաքականից մինչեւ աշխարհաքաղաքական։ Էներգետիկ ընկերությունները՝ թե՛ գազ մատակարարող, թե՛ էլեկտրաէներգիա արտադրող ու թե՛ բաշխող, գրեթե ամբողջությամբ գտնվում են ռուսների ձեռքին։ Դուրս գալ այս ընկերությունների դեմ, նշանակում է՝ դուրս գալ Ռուսաստանի դեմ։ Իսկ դա ոչ մի դեպքում տեղի չի ունենա։ Չէ, չենք վախենում (թեկուզ Վրաստանի օրինակը տեսնելով)։ Պարզապես ամոթ է՝ ռազմավարական գործընկերոջը վատ վիճակի մեջ չի կարելի դնել։