Դիտորդները կհրավիրվեն

31/10/2006

Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Նա ողջունել է եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի շուրջ խորհրդակցությունների ավարտը եւ հույս հայտնել, որ նոյեմբերին այն վերջնականապես կընդունվի: «Հայկական կողմի առաջարկությունների ընդգրկուն փաթեթը վկայում է, որ մենք տրամադրված ենք լուրջ աշխատանքի եւ ակնկալում ենք համատեղ արդյունավետ գործունեություն»,- ասել է Ռ. Քոչարյանը: Դիվանագետների խնդրանքով երկրի ղեկավարը պարզաբանումներ է տվել ԼՂ հակամարտության շուրջ ներկա զարգացումների, ռուս-վրացական լարվածության եւ Հայաստանի տնտեսության վրա դրա հետեւանքների ու տարածաշրջանային այլ խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ առաջիկա ընտրություններին ու հատուկ ընդգծվել է դրանք ազատ ու արդար անցկացնելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Ռ. Քոչարյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացների մոնիտորինգի նպատակով կհրավիրի թե՛ երկարաժամկետ եւ թե՛ կարճաժամկետ միջազգային դիտորդական առաքելություն: