Այս ցանկն ուսումնասիրելիս եւ նախորդ հրապարակումների հետ համեմատելիս մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպես են ընթանում մեր գործարարների, հարկատուների եւ հարկահավաքների գործերը: Մեր տնտեսությունն, արդեն հինգ տարի է՝ երկնիշ թվով տնտեսական աճ է գրանցում: Արդյոք աճի այդ երկնիշ տեմպին զուգահեռ նույն չափո՞վ են ավելանում մեր հարկատուների եկամուտներն ու նրանց վճարած հարկի չափը: Այս ցանկից մենք կարող ենք հասկանալ նաեւ, թե մեր գործարարներից հատկապես ո՞ր խմբի գործերն է լավ՝ ներկրողների՞, արտահանողների՞, թե՞ ծառայություն մատուցողների: Եվ, ի վերջո, այս ցանկի տվյալները մեզ շրջապատող իրականության հետ համեմատելով` կարող ենք պատկերացում կազմել, թե տնտեսության մեջ իշխանությունների ասած 40 տոկոսանոց ստվե՞րն է առավել հավանական, թե՞ ընդդիմության ասած 70 տոկոսանոցը: Իսկ հայտնի գործարարների ու ընկերությունների վճարած հարկերի չափից կարելի է հասկանալ, թե նրանց գործունեության ո՞ր մասն է ստվերում:
Հարկատուների ցանկի՝ արդեն երկու տարի անընդմեջ հրապարակումից կարելի է եզրակացնել, որ մեր գործարարների եկամուտներն ու շահույթներն առանձնապես քիչ են աճում: Ինչպես իրենք են սիրում ասել՝ «աշխատում են մինիմումով»: Հարկերի կառուցվածքից հասկանալի է դառնում, որ վճարած հարկերի մեջ անուղղակի հարկերի՝ սպառողի գրպանից գոյացող ակցիզային ու ավելացած արժեքի հարկերի չափը շատ ավելի մեծ է, քան գործարարների գրպանից վճարված եկամտահարկի ու շահութահարկի չափը: Այդպիսի ընկերություններից են «ԱրմենՏելը», «ՀայՌուսգազարդը», «Զվարթնոց» օդանավակայանը, «Կոտայքի գարեջրի գործարանը» եւ այլն: Օրինակ, «Ջերմուկ գրուպը» 10 անգամ ավելի շատ անուղղակի հարկ է վճարել, քան իր եկամուտներից վճարած հարկերն են: Իր եկամուտներից ու շահույթից պետբյուջե չի սիրում փոխանցել նաեւ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»: Այս ընկերությունը մոտ 120 մլն դրամ անուղղակի հարկ է վճարել եւ ընդամենը 19 մլն դրամ ուղղակի հարկ: Իսկ «Միկա-ցեմենտ»-ում վիճակն ավելի վատ է. ընկերությունը վճարել է 245 մլն դրամ անուղղակի հարկ եւ ոչ մի կոպեկ շահութահարկ ու եկամտահարկ (համենայնդեպս, ցուցակում համապատասխան տողերի դիմաց ոչ մի թիվ նշված չէր): Դրան հակառակ, ընկերություններ կան, որ այս տարի կտրուկ ավելացրել են իրենց հարկերի չափը: Օրինակ, «Մեծ անիվը», որն անցած տարի վճարել էր ընդամենը 48 մլն դրամ հարկ եւ զբաղեցնում էր 213-րդ տեղը, այս տարի՝ վճարել է 80 մլն դրամ: Եթե սրան գումարենք ընկերության վճարած 577 մլն դրամ անուղղակի հարկերը, ապա «Մեծ անիվը» կդառնա շատ խոշոր հարկատու: Նա այժմ այս ցուցակում զբաղեցնում է 45-րդ պատվավոր տեղը: Ասում են, որ այս ընկերության խոշոր բաժնետերը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանն է: Այս թվերից տպավորություն է ստեղծվում, որ Ա. Թումանյանի հրաժարականից հետո ընկերությունը ստվերից փոքր-ինչ դուրս է եկել: Բայց այս կարծիքի հետ համաձայն չէ ընկերության տնօրեն Լեւոն Զորյանը: «Մենք այս տարի ուղղակի ավելացրել ենք մեր ծավալները,- ասում է Լ.Զորյանը: -Գտել ենք նոր գործընկերներ եւ ավելի շատ ապրանք ենք ներկրում»:
Իհարկե, որքան էլ հոգու խորքում չհավատանք պարոն Զորյանին, սակայն չենք էլ կարող պնդել շրջանառվող կարծիքը, թե «Մեծ անիվն» այս տարի սկսել է ավելի շատ հարկ վճարել, որովհետեւ Ա. Թումանյանն այլեւս պաշտոն չունի: Ինչ-որ հետաքրքիր զուգադիպությամբ «Գոշ գազը» նույնպես 2006թ. 9 ամիսներին կրկնակի չափով ավելի շատ է հարկվել՝ 111 մլն դրամ, քան 2005թ. նույն ժամանակահատվածում՝ 63 մլն դրամ: Բայց այս երեւույթին զուգահեռ նվազել է նաեւ որոշ խոշոր ընկերությունների հարկման չափը: «Մուլտի գրուպ» կոնցեռնն անցած տարվա 9 ամիսներին վճարել է 154 մլն դրամ, իսկ այս տարի՝ 133 մլն: Ավելի քան 200 մլն դրամի չափով պակասել է նաեւ «Երեւանի շամպայն գինիների գործարան» եւ «Վեդի ալկո» ընկերությունների վճարած հարկերի չափը: Այս երկու ընկերություններից էլ պատասխանեցին, որ պատճառն իրենց շրջանառության ծավալների նվազումն է:
«Վաճառքի նվազելու պատճառով նվազել է մեր օղու արտադրության չափը,- ասում է «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը: -Դրա համար էլ հարկ քիչ ենք վճարել: Մեր շուկայում ավելանում է ներկրած օղու քանակը, եւ դա բացասաբար է ազդում մեր արտադրության վրա»:
«Ռուսաստանից ահավոր շատ քանակի օղի է ներկրվում,- ասաց «Շամպայն գինիների գործարանի» գլխավոր հաշվապահ Հովհաննես Իսկաջյանը: -Նրանց գինը գրեթե հավասար է տեղական օղիների գնին: Ես չեմ հասկանում, թե դա ինչպես է լինում: Եթե մեծ սպառում ունեն, ուրեմն պետք է ավելի որակով լինեն: Բայց եթե ավելի որակով են, ինչպե՞ս է, որ այդքան էժան են: Մի բան կա, որ չենք կարողանում հասկանալ»:
Գրեթե նույն վիճակն է նաեւ հյութերի շուկայում, եւ կարծիք կա, թե այս երկու ներկրվող ապրանքներն ունեն ստվերային շրջանառություն: Այսինքն, ներկրվում են առանց մաքսային ձեւակերպումների եւ առանց տուրքեր վճարելու: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, թե օղու ստվերային շրջանառությունը վերահսկում է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը: Բացի այս երկու գործարաններից, կան նաեւ շատ այլ արտադրողներ, որոնց շրջանառությունը նվազել է: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ մեր տնտեսության մեջ ներկրումն ավելի արտոնյալ ու շահութաբեր բիզնես է դարձել, քան արտադրությունն ու արտահանումը: Իսկ պաշտոնական վիճակագրությունը հավելում է, որ անցած տարվա համեմատ այս տարի արտահանումը նվազել է 3,4 տոկոսով, ներմուծումն ավելացել է 20 տոկոսով:
Խոշոր հարկատուների շարքից գրեթե դուրս է մնացել հյուրանոցային բիզնեսը: 300-ի ցանկում ընդամենը 3 հյուրանոց է հայտնվել: Այս ցանկում չկա, օրինակ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը: Տպավորություն է ստեղծվում, թե այդ բիզնեսը սեփականատիրոջը շահույթ չի բերում: Բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ պարոն Մանուկյանը հյուրանոցի շենքի վրա եւս երկու հարկ ավելացրեց: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով` այս տարի մեր երկրում զբոսաշրջիկների քանակն ավելացել է: Կիսամյակի տվյալներով` մոտ 10.000 զբոսաշրջիկ ավելի է Հայաստան այցելել: Զբոսաշրջիկների մեծ հոսքը լինում է երկրորդ կիսամյակի սկզբին: Բայց դրան զուգահեռ չի ավելանում հյուրանոցների վճարած հարկերի չափը, ու այդ հանգամանքը ենթադրել է տալիս, որ բիզնեսը մեծամասամբ գտնվում է ստվերում: Վերջում հետաքրքիր է հիշել նաեւ «Կոնվերս» բանկի ցուցանիշները, որն անցյալ տարվա 9 ամիսներին վճարել էր մոտ 729 մլն դրամ հարկ, իսկ այս տարի ցանկում չկա: Ցանկում բանկի Գյումրիի մասնաճյուղը կա, որը վճարել է 540 մլն դրամ հարկ: Բանկի գլխավոր հաշվապահ Արշակ Կարախանյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղն առանձին չպետք է նշվի, դա հենց «Կոնվերս բանկն» է, որ կա: «Բայց այս տարի մեր շահույթներն ավելացել են, պետք է, որ վճարած հարկերն էլ ավելացած լինեին»,- ասաց Ա. Կարախանյանը եւ ավելացրեց, որ հարկայինի ցուցակում սխալ թիվ է գրված:
Իսկ հարկայինի անցած տարվա ցուցակով այս բանկը 9 ամիսներին վճարել է ավելի շատ՝ 594 մլն դրամ շահութահարկ, քան այս տարի՝ 514 մլն դրամ:
Ի դեպ, կարծիք կա, որ խոշոր հարկատուները խուսափում են հարկեր վճարել, որովհետեւ գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար խոշոր գումարներ են անհրաժեշտ: