Երեկ եւս քաղաքական գործիչները, կառավարության անդամներն ու պատգամավորներն օրվա տարբեր ժամերին եւ փոքրիկ խմբերով այցելում էին 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված իրենց գործընկերների շիրիմներին: Իրար երես չտեսնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծված են. ԱԺ բակում կա համապատասխան հուշարձան, ուր յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր ծաղկեփունջը տեղադրել, ապա փոքր-ինչ հեռանալով՝ գլուխը խոնարհել: Զոհվածների հարազատներին Պանթեոնում չհանդիպելու եւ նրանց աչքերին չնայելու, սակայն միեւնույն ժամանակ՝ բոլորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու երրորդ վայրն արդեն Եռաբլուրն է: Ինչ խոսք, կա նաեւ չորրորդ՝ ՀՀ նախագահի նախապատվելի տարբերակը՝ պարզապես չայցելել «առաջարկված» երեք վայրերից եւ ոչ մեկը: Ինչը, այս էլ որերորդ տարին, ակտիվորեն կատարում է Ռոբերտ Քոչարյանը:
Նկատենք, որ հասարակական ակտիվությունն էլ երեկ մեծ չէր: Սակայն հասարակական ակտիվությունը մեծ չէր ոչ միայն այս տարի: Եթե հիշում եք, ահաբեկչությունից հետո փորձ արվեց յուրաքանչյուր հոկտեմբերի 27-ին «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսով հանրահավաք-երթեր կազմակերպել: Բողոքի նման ակցիաները, ճիշտ է, առանձնապես մարդաշատ չէին, սակայն որոշ առումով ճշմարտության բացահայտմանն ակտիվորեն սպասելու փորձ էր: Այսօր արդեն, եթե փորձենք դուրս գալ կեղծ զգացմունքների դաշտից, հանցագործության բացահայտումը հասարակությանն այնքան էլ չի հուզում: Յուրաքանչյուր հանցագործություն ունի իր բացահայտման տրամաբանական ժամկետը, որից հետո այն օբյեկտիվորեն արդեն դադարում է հետաքրքրություն ներկայացնել: Վաղեմության ժամկետը կորցնելով՝ հանցագործության բացահայտումն արդեն՝ բացի սպորտային հետաքրքրությունից եւ որպես նախադեպ ընկալվելուց, այլ արժեք չունի: Հանցագործության կատարումից տարիներ անց, երբ կատարողները, հնարավոր պատվիրատուները վաղուց արդեն կամ զառամյալ ծերունիներ են, կա՛մ Հադեսի թագավորության երկարամյա բնակիչներ, հանցագործության մոտիվների կամ իրական կազմակերպիչների մասին ինֆորմացիան կարող է ծառայել միայն հետաքրքիր փաստավավերագրական ֆիլմի սյուժեի համար: Հանրությունն արդեն տվել է իր գնահատականը մարդասպաններին` նրանց որակելով որպես «վերջացած տականքներ», հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի իր վարկածը, քանի որ պաշտոնական եւ իրականության հետ աղերսներ ունեցող բացահայտման չի սպասում: Այսքա՛նը: Սակայն հանցագործության բացահայտմանը չեն սպասում նաեւ քաղաքական դաշտում, քանի որ տվյալ դեպքում սպասել՝ նշանակում է ակտիվ գործել, պահանջել, հետամուտ լինել: Հանցագործությունից անցել է յոթ տարի, իսկ մենք տեղի ունեցածի մասին գիտենք ճիշտ այնքան, որքան հանցագործության հաջորդ օրը: Պարզապես այս յոթ տարվա ընթացքում անհասկանալի հանգամանքներում կյանքին հրաժեշտ են տվել գործի հետ այս կամ այն չափով առնչվող մի շարք կարեւոր վկաներ: Ժամանակին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր, թե ինքը վստահ է, որ Հունանյանի թիկունքին մարդիկ են եղել, որ նա՝ իր խմբով, դժվար կարողանար իրականացնել այն, ինչ արեց: Որպես ասածի հիմնավորում՝ պարոն Ջհանգիրյանը բերում էր գործից անջատված մասի քննությունը, որի ուղղությամբ, ինչպես ինքն էր վկայում, «ահագին գործ է արված»: Սակայն մեկուսարանում այսօր միմիայն նրանք են, ում բոլորս տեսանք հեռուստացույցով: Ի դեպ, Հունանյանի եւ մյուս հանցագործների մասին: Նրանց որպիսությամբ այսօր որեւէ քաղաքական ուժ չի հետաքրքրվում: Ավելին, թե՛ ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը, թե՛ Գալուստ Սահակյանը, թե՛ Մհեր Շահգելդյանը, երբ դեռ ԱԺ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ էր, հպարտանում էին, թե իրենց չի հետաքրքրում՝ ինչ պայմաններում են պահվում ահաբեկիչները մեկուսարանում: Իբր, գիտե՞ք, այդ վերջացած տականքների ճակատագիրը մեզ չի հուզում: Հասկանալի է, որ ոչ ոք չի առաջարկում Նաիրի Հունանյանի համար տաք գուլպաներ հյուսել, սակայն իրականությանը պարզ նայելու դեպքում ակնհայտ է՝ այդ «վերջացած տականքներն» են միայն այն ինֆորմացիայի կրողը, որը երբեւէ կարող է լույս սփռել հանցագործության կազմակերպիչների եւ այլ մութ դետալների վրա: Նրանց կյանքի, այսինքն՝ ապրելու, ողջ մնալու համար պետք է ստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները: Ակնարկները, թե ոճրագործությունը տեղի է ունեցել իշխանությունների եթե ոչ անմիջական մասնակցությամբ, ապա գոնե լռելյայն համաձայնությամբ, այսօր էլ արդիական են: Սակայն բանն այն է, որ այս նոսր եւ նյութական հիմնավորում չստացած ինֆորմացիան կարծես բավարարում է բոլոր կողմերին. հոկտեմբերի 27-ի իրականացման հարցերի մի շարք պատասխաններ այլեւս ոչ ոք ագրեսիվորեն չի պահանջում: Իմանալ հանցագործության իրական մոտիվները, կազմակերպիչներին, պետք է նշանակի հաջորդ՝ ադեկվատ քայլ: Ինչին առայժմ պատրաստ չէ կողմերից եւ ոչ մեկը: