Երեխան ծնվել է նախկին աղբանոցում

31/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Իշխանությունները, մասնավորապես` սոցիալական եւ առողջապահական ոլորտի պատասխանատուները, բազմիցս հայտարարել են, թե ծնելիության մակարդակը բարձրացնող ռազմավարություն են մշակել: Սակայն չնայած այդ «ռազմավարությանը», այսօր ծնվող երեխաներից շատերը մեծանում են սարսափելի, անմարդկային պայմաններում:

Դժվար է միանշանակ մեղավորներ փնտրել. արդյոք պետությո՞ւնն է մեղավոր, որ երեխա ունենալը տեսականորեն խրախուսելուց բացի` գործնականում աջակցություն չի ցուցաբերում, թե՞ մեղավոր են այդ երեխաների ծնողներն, ովքեր հասկանալով, որ իրենց սոցիալական ծանր պայմաններում երեխա ունենալը ռիսկային է, այնուամենայնիվ, գնում են այդ քայլին: Սոցիալապես խիստ անապահով ընտանիքներում շատ հաճախ կանայք ծննդաբերում են միայն այն պատճառաբանությամբ, թե ժամանակին երեխայից ազատվելու հնարավորություն չեն ունեցել: «Փող չկար, որ աբորտ անեինք»,- մեր զրույցների ժամանակ հաճախ է հնչում այս պատճառաբանությունը:

Նկարում պատկերված երեխան Սարգիսն է, շուտով կդառնա 2 տարեկան: Սարգիսն շնչառության խռխռոցը խեղդում է, ու նա անընդմեջ հազում է: Այս երեխան ծնվել է Պոլիվինիլացետատ գործարանի հանրակացարանային կիսանկուղային սենյակում, որը նախկինում այդ հանրակացարանի աղբանոցն է եղել: Սարգիսի տատն ու մայրը ժամանակին այդ գործարանում են աշխատել, որովհետեւ պետությունը լավ աշխատողներին հնարավորություն էր տալիս հերթագրվել եւ բնակարան ստանալ: Գործարանի լուծարումից հետո նրանց բաժին է ընկել հանրակացարանի աղբանոցը, որն աղբից ու առնետներից ազատելու համար երկար ժամանակ է պահանջվել: «1996 թվից ստեղ ենք ապրում: Մենք բազմանդամ ընտանիք էինք: Ես ու մայրս գործարանում էինք աշխատում ու, որ գործարանն արդեն փլուզվում էր, մեզ որպես բարելավում` հանրակացարանի զիբիլանոցը տվեցին: Մեր սենյակը շենքի զիբիլանոցն ա եղել»,- պատմում է 37-ամյա Արմինեն: Արմինեն ներկայացնում է, թե այդ սենյակում բնակվողներից ով՝ ում բարեկամն է: Բոլորը կանայք են, տղամարդ չկա. «Լիլիթն աղջիկս ա, հես ա կգա, ինքն էլ Սուսաննան ա՝ էլի աղջիկս ա, դպրոցը նոր ա ավարտել: Սարգիսիկը Լիլիթի տղեն ա, թոռնիկս ա: 9-րդ դասարանում փեսես իրան փախցրեց: Լիլիթս հիմա միայնակ մայր ա, որովհետեւ իրանք շատ վատ վիճակում էին, նորից բերել եմ իմ մոտ: Իրանց վիճակն ավելի բեթար ա, շատ անհաջող պայմաններում են ապրում»,- պատմում է նա ու հավելում, որ Սարգիսի հայրն այժմ զինվորական ծառայության մեջ է: Երեխան երկկողմանի սուր թոքաբորբով հիվանդ է, որովհետեւ նրանց մութ ու գարշահոտ խուցը տուբերկուլյոզի բուն է: «Ռեանիմացիայի հիվանդ ա, հաճախ ենք տանում բուժվելու»,- վկայում է Արմինեն՝ ավելացնելով, որ երեխան առողջ է ծնվել, բայց 10 ամսականից հիվանդացել է:

Պատից այն կողմ կոյուղաջրեր են հոսում, ինչի պատճառով Արմինեի սենյակի պատերն ամբողջովին թաց են: «Երկու կոյուղի կա: ԺԷԿ-ի աշխատողին հարյուր անգամ խնդրել, ասել եմ, որ լյուկերը բացի, էդ ջրերն ու անձրեւաջրերը գնան լցվեն լյուկի մեջ, թե չէ, հիմա իմ սենյակի պատերի վրա են լցվում: Սենյակը կիսանկուղային ա, հիմա, եթե դիվանը քաշեմ, կտեսնես, որ պատը թացությունից փտել ա»,- իր ծանր վիճակը ներկայացնում է Արմինեն: Սրճարաններում որպես մատուցողուհի աշխատող Արմինեն այժմ գործազուրկ է, որովհետեւ իր աշխատած բացօթյա սրճարանն արդեն փակվել է: «Շատ տեղեր եմ դիմում, որ գործ ճարեմ, բայց բոլորն էլ նույն բանն են ասում՝ 18-25 տարեկան, բարետես աղջիկներ են պետք: Չգիտեմ, պիտի սպասեմ, թե երբ ամառը կգա, որ մեր կաֆեն բացվի, աշխատեմ»,- ասում է նա՝ այդպես էլ չպատասխանելով իմ այն հարցին, թե ներկա դրությամբ առանց աշխատելու ինչպե՞ս է պահում աղջիկներին ու թոռանը: Նախկինում «Փարոսից» նպաստ էր ստանում, սակայն աղջկա 18 տարին լրանալուն պես նրանց զրկել են այդ գումարից: Ուզում եմ տեսնել Սարգիսի մորը: Կանչում են, գալիս է խիստ հայացքով մի փոքրիկ աղջիկ, ով բոլորովին մայրիկի տպավորություն չի թողնում, որովհետեւ շատ մանկական հայացք ունի: Ատելությամբ նայում է մորն ու հարցնում, թե ինչո՞ւ են իրեն կանչել: Լիլիթը մոր հետ արհամարհանքով է խոսում՝ չնայելով անգամ նրա երեսին: Հարցերիս պատասխանում է միայն ուսերը թափ տալով՝ հասկացնելով, որ խոսելու ցանկություն չունի: Արմինեին հարցնում եմ՝ «Ձեր աղջիկն ինչո՞ւ է էսքան ջղային»: Պատասխանում է՝ «Ներվային շուն ա, միշտ էլ սենց ա»: Դեռ չեմ հասցրել հասկանալ, թե նման պայմաններում ինչպես են մեծացնում սուր թոքաբորբով հիվանդ Սարգիսին՝ Արմինեն անտարբերությամբ ասում է, որ Լիլիթն արդեն երկրորդ երեխային է սպասում: Ասում է՝ «Էդ ներվային վիճակով ո՞նց պիտի լինի՝ չգիտեմ, ամոթ էլ ա ասելը, բայց հնարավորություն չկա, որ տանենք կոնսուլտացիայի: 5 ամսական ա, ինչքան ա, չենք էլ իմանում»: Մոր հրահանգով խոսակցությանը պարտադրված ներկա գտնվող Լիլիթին հարցնում եմ՝ «Ձեր սոցիալական ծանր պայմաններից չե՞ս վախենում, որ պատրաստվում ես երկրորդին ունենալ»: Կոշտ տոնով պատասխանում է՝ «Վախենում եմ»: Լիլիթի ու մոր միջեւ հաճախակի են վիճաբանություններ լինում: Արմինեն կաշկանդվելով աղջկա վերաբերմունքից` անընդհատ փորձում է արդարանալ՝ ասելով, որ նա շատ նյարդային է: Իսկ այդ պատասխանը Լիլիթին ավելի է զայրացնում, ատամները սեղմում է, որ իմ ներկայությամբ մորը չվիրավորի: «Էս վերջերս մեր հարաբերությունները շատ են վատացել: Ես իրան ասում եմ՝ հանի էդ երեխուն, բայց չի ուզում: Ախր ո՞նց ենք պահելու, երեխեն էլ ա չէ՞ մեղք, հեն ա, Սարգիսը ծնվեց ու էս խոնավությունից խեղճ երեխեն խռխռում ա, ընկանք հիվանդանոցի դռները: Էլի փառք Աստծո, շնորհակալ ենք բժիշկներից, որ առանց ոչ մի բանի շատ հոգատարությամբ երեխուն բուժում են: Արաբկիրի ռեանիմացիայում ա պառկում, ու ընտիր բժիշկներ են: Էս հիվանդությունն անընդհատ կրկնվող հիվանդություն ա: Երեխեն ռախիտիկ ա, իսկ էս խոնավությունն անընդհատ բարդացնելու ա վիճակը»,- ասում է Արմինեն ու սկսում թվարկել, թե պետությունն ի՞նչ պարտականություններ ունի նման ընտանիքների հանդեպ: Ասում եմ՝ «Պետությունն իր քաղաքացուն ասում է՝ աշխատիր, ապրիր: Աշխատո՞ւմ եք»: Պատասխանում է՝ «Ես ստամոքսի խոցով հիվանդ մարդ եմ: Ծանրությունն ինձ հակացուցված ա, բայց, ցավոք, ծանր գործեր եմ անում: Ես էլի աշխատում եմ, ինձ ոչ ոք չի պահում, կողքից օգնող չունեմ: Բայց դե, հնարավոր չի, ուզում ես մեջտեղիցդ ճղվելով աշխատի՝ չես հասցնում: Սրճարաններում մատուցող աշխատելն էլ ա արդեն պրոբլեմ դառել, որովհետեւ երիտասարդ աղջիկներ են ուզում: Ես կաֆեներում աշխատել եմ, գիտեմ, որ մարդիկ իրանց հաճույքների համար թվեր են մսխում, վճարունակ են, կաֆեների վրա եսիմ ինչքան փող են ծախսում, բայց ժողովրդի մի մասն էլ, մեր նմանները, հացին կակա են ասում: Պետությունը ո՞նց ա էս ամեն ինչը բացատրում: Գոնե ԺԷԿ-ի պետը էդ լյուկերը բացեր, որ խոնավությունը չորանար, երեխեն չի դիմանա սենց: Պրինցիպի ա ընկել, ով՝ ինչ ուզում, անում ա»: Արմինեին հարցնում եմ՝ «Ամուսին չունե՞ք»: Պատասխանում է՝ «Չէ, բնականաբար»: Հարցնում եմ՝ «Բայց ինչո՞ւ՝ բնականաբար»: Ասում է՝ «Որովհետեւ խմում էր, բաժանվեցինք: Երեխեքին բոլորովին տիրություն չի անում: Ինքն էր ու իրա խմիչքը»: Հարցնում եմ՝ «Չե՞ք պատրաստվում նորից ամուսնանալ»: Ասում է՝ «Չէ, մի անգամ տեսել եմ էդ ինչ բան ա, խրատվել եմ, թշնամուս չեմ ցանկանա, որ իմ օրն ընկնի»: Լիլիթը լուռ է: Երեխան ուժգին լաց է լինում, ուզում է, որ մայրը կրծքով կերակրի: Իսկ նա դժկամությամբ գրկում-կերակրում է ու երբ երեխան խռխռացնելով հազում է՝ կտրուկ շարժումներով նորից իջեցնում է գրկից՝ ասես կուրծք չտալով պատժում է: Երեխան նորից լաց է լինում, սակայն մայրն այլեւս չի արձագանքում: