Բանգլադեշցի վաթսունվեցամյա տնտեսագետ Մուհամեդ Յունուսը գուցե անհայտ մնար, եթե Միացյալ Նահանգների Վանդերբիլտ համալսարանն ավարտելուց եւ
1969 թվականին դոկտորի աստիճան ստանալուց հետո չվերադառնար հայրենիք։
Այսօր ամբողջ աշխարհն է խոսում Յունուսի մասին, որովհետեւ նա՝ մրցելով երկրագնդի ամենաբարեկեցիկ երկրի՝ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարիի հետ, ստացել է 2006-ի խաղաղության Նոբելյան մրցանակը։ Յունուսի հետ մրցանակը կիսել է իր իսկ հիմնադրած «Գրեմին» բանկը։
1974 թվականին ԱՄՆ-ից վերադառնալով Բանգլադեշ՝ նա տեսնում է, որ իր երկրում մարդիկ տառապում են չնչին փողի բացակայությունից: Այդ ժամանակ Յունուսը մտածում է, թե որպես տնտեսագետ գուցե չկարողանա օգնել իր հայրենակիցներին, բայց որպես մարդ փորձում է հասկանալ նրանց հոգսերը: Շատերի հետ զրուցելուց հետո Յունուսը պարզում է, որ նրանց չնչին գումար է հարկավոր գործ սկսելու համար: Նա կազմում է մի ցուցակ, որում քառասուներկու մարդու անուն կար: Քառասուներկու մարդուն հարկավոր էր ընդամենը 27 դոլար: Տեսնելով մարդկանց ոգեւորությունը՝ նա մտածում է. «Ինչո՞ւ չօգնել մարդկանց, եթե կարող ես, իսկ ես կարող եմ»:
Առաջին փորձից ոգեւորված` նա հղանում է միկրովարկերի իր ծրագիրը, այսինքն՝ որոշում է ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել իր երկրի աղքատ բնակիչներին: Յունուսն այս նախագիծը ներկայացնում է մի շարք բանկերի, բայց ոչ մի արդյունքի չի հասնում. նրան մերժում են, ծրագիրը համարում անհեթեթություն: Մեծ ռիսկի դիմելով՝ նա որոշում է անձամբ վարկ վերցնել եւ այդ գումարով փոխառություններ տրամադրել աղքատներին։ Յունուսը համոզված էր, որ աղքատներն ավելի շուտ կվերադարձնեն պարտքերը, քան հարուստները, ովքեր հաճախ չեն էլ վերադարձնում:
NBR ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում՝ խոսելով իր առաջին փորձառության մասին, Մուհամեդ Յունուսը հիշում է. «Ես զրուցում էի մի կնոջ հետ, ով եղեգնյա աթոռակներ պատրաստելով օրական վաստակում էր ընդամենը երկու պեննի։ Եղեգ գնելու համար նրան քսանհինգ սենթ էր հարկավոր, բայց նա չուներ այդ գումարը։ Եղեգը վերցնում էր մի վաճառականից, ում էլ գործն ավարտելուց հետո վաճառում էր աթոռակները՝ շուկայականից շատ ցածր արժեքով»:
Վարկ վերցնել բանկի՞ց, թե՞ պարտք անել վաճառականից, թվում է, տարբերություն չկա: Այդ դեպքում, ո՞րն է Յունուսի նախագծի առավելությունը:
«Երբ պարտք ես վերցնում վաճառականից, նա չի սպասում, որ փող վաստակես, գումար կուտակես ու վերադարձնես պարտքը: Նա քեզանից խլում է քո վերջին պեննին անգամ: Վարկ վերցնելիս, բանկը համբերատար սպասում է, թե երբ կզարգանա գործդ, եւ նույնիսկ հպարտանում, որ կարողացավ եւս մեկին օգնել: Վարկը մարդիկ վերադարձնում են որոշակի ժամանակահատվածում` վեց ամիս, մի տարի եւ այլն»:
Յունուսի ծրագիրը մեծապես նպաստել է աշխարհում աղքատության եւ մուրացկանության նվազմանը, ինչը եւ կարելի է համարել դրա հումանիստական արժեքը։ «Գրեմին» բանկից բացի աշխարհում ֆինանսական ոչ մի հաստատություն վարկ չի տրամադրում աղքատներին եւ մուրացկաններին։ Ավելին՝ չկա մի բանկ, որի հաճախորդների 96 տոկոսը կանայք լինեն եւ որն ունենա 98.5 տոկոս վերադարձելիություն:
«Սկզբնական շրջանում կանայք վարկառուների շատ քիչ տոկոսն էին կազմում,- հիշում է Յունուսը։- Պատճառը հավանաբար նրանց նախապաշարմունքներն էին, պարտք վերցնելու ամոթը եւ բիզնեսից գլուխ չհանելը: Մեզ համար էլ հեշտ չէր փոխել նրանց մտածելակերպը: Բայց մենք կարողացանք բացատրել, որ փող վաստակելով մարդը դառնում է ավելի անկախ, ինքնավստահ, վաստակած գումարը ծախսում իր ուզածի պես»:
Երեսնամյա գործունեության ընթացքում «Գրեմին» բանկն ունեցել է նաեւ դժվարություններ, կանգնել անգամ սնանկացման եզրին, բայց դրա պատճառը եղել է բնական աղետը։ 1998 թվականի ջրհեղեղի հետեւանքով բանկը մեծ կորուստներ կրեց, բայց Մուհամեդ Յունուսը կարողացավ դուրս գալ ծանր իրավիճակից եւ 2002-ին բացեց «Գրեմին-2» բանկը:
«Մի երկրում, որտեղ չկա էլեկտրականություն, միկրովարկեր տրամադրող «Գրեմին» բանկը գործում է ժամացույցի պես»,- NBR ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում ասում է Յունուսը։
Նրա ծրագիրն այնքան մեծ հաջողություն ունեցավ Բանգլադեշում, որ շուտով ներդրվեց աշխարհի տարբեր երկրներում։
Այս տարվա Խաղաղության մրցանակը տալով Մոհամեդ Յունուսին` Նոբելյան կոմիտեն հասարակության խոցելի խմբերին օգնելու պատգամ է տալիս եւ հորդորում հիշել, որ կան մարդիկ, ում աջակցելու համար հարյուր-հազարավոր դոլարներ հարկավոր չեն. նրանց կօգնի նույնիսկ 27 դոլարը: