Քաղաքական գործիչները շարունակում են ներկայացնել ղարաբաղյան
հակամարտության կարգավորման շուրջ իրենց մոտեցումները՝ հետեւյալ հարցերի
շրջանակներում.
1. Միջազգային միջնորդները հայտարարում են առանց փոխզիջումների
հակամարտության կարգավորման անհնարինության մասին: Այս առումով մենք ի՞նչը
կարող ենք զիջել, այսպես ասած, ինչը՝ ինչի դիմաց:
2. Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ կարգավիճակի լուծումը: Ի դեպ, «Ֆիգարո» թերթում
խնդրին առնչվող այսպիսի դիտարկում է արվել. Հայաստանը պետք է
ժամանակավորապես վերահսկի ԼՂ-ն, իսկ կարգավիճակի հարցը կորոշվի 5-10 տարի
անց՝ ժողովրդական հանրաքվեով:
Պարույր Հայրիկյան- Եթե խոսքը գնում է Արցախ- Ադրբեջան հակամարտության
մասին, ապա այստեղ փոխզիջում չկա: Կա Արցախի ինքնորոշման իրավունք, որը
պետք է Ադրբեջանն ընդունի ու սկսի ինքնորոշված Արցախի հետ
բանակցություններ վարել: Եվ միայն այդ բանակցությունների ընթացքում է, որ
պետք է փոխզիջումներ լինեն:
Հանրաքվեի՝ առաջարկվող տարբերակի առիթով ասեմ, որ այն վատ տարբերակ չէ:
Այն հարկադրում է ադրբեջանցիներին՝ հրաժարվել Արցախի ինքնորոշումը
ոտնահարելու կամ տարածքային ամբողջականության հնարովի վեճից:
Վիկտոր Դալլաքյան- Ի՞նչը՝ ինչի՞ դիմաց հարցադրումն արհեստական եմ
համարում: Բանակցային գործընթացը գաղտնի է ընթանում: Իսկ դատողություններ
պետք է անել հայտնի բանի շուրջ: Առհասարակ, մեր պատկերացմամբ, նման
խնդիրները լուծվում են հետեւյալ կերպ. 1-ը պատմական գործոնն է, 2-ը՝
իրավիճակայինը, 3-ը՝ իրավական գործոնը: Եվ խնդիրը պետք է լուծվի հենց այս
գործոնների շրջանակներում: Մեզ համար մաքսիմալ լուծումը ԼՂ միացումն է
Հայաստանին, իսկ մինիմալը, երբ ԼՂ-ն կլինի անկախ պետություն: Այս երկու
լուծումների շրջանակներում միայն կարող են փոխզիջումներ տեղի ունենալ: Ինչ
վերաբերում է, այսպես ասած, գրավյալ տարածքների զիջմանը, ապա պիտի
հիշեցնեմ, որ 98-ից առաջ բանակցություններում 7 շրջանների փոխզիջման
խնդիրը կապվել է ԼՂ կարգավիճակի հետ: Բայց այսօր ֆորմատը փոխվել է: Խոսքը
գնում է ոչ թե գրավյալ տարածքները՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, այլ՝
Հայաստանի որոշակի ապաշրջափակման: Սա Քոչարյանի վարած քաղաքականության
կրախն է: Հետեւապես, 7 շրջանների սակարկությունը բացասական ենք համարում:
Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա ԼՂ-ն 91-ի սեպտեմբերի 2-ին հանրաքվեով հռչակել է իր անկախությունը։
Հարություն Առաքելյան- Մենք չենք գտնում,որ մենք շատ բան ունենք զիջելու:
Թե ինչը պիտի զիջել, ինչը՝ ոչ, դա մեզ չի հետաքրքրում: Մեզ համար կարեւորը
Սփյուռքին մասնակից դարձնելն է ԼՂ-ում ծավալվող շինարարական
գործընթացներին: Միշտ էլ շրջանառության մեջ է եղել, այսպես ասած, գրավյալ
տարածքների փոխզիջման հարցը: Սկզբում երեք էր, հետո դարձավ չորս, այսօր էլ
խոսվում է յոթի մասին: Չմոռանանք, որ խոսքը նույնիսկ հասավ Մեղրիին: Այս
խոսակցություններն անլուրջ ենք համարում:
Այս պահին ԼՂ ժողովուրդն արդեն իսկ հանրաքվեի ճանապարհով իր կարգավիճակի որոշումը կայացրել է 89-ին՝ Հայաստանի հետ միավորմամբ:
Գալուստ Սահակյան – Մի բան հստակ է. փոխզիջումները Հայաստանի
ամբողջականությանը չեն կարող վերաբերել: Մենք տալու ոչինչ չունենք: Ինչ
վերաբերում է գրավյալ տարածքներ ասվածին, ապա այդպիսին մենք չունենք, մենք
ունենք անվտանգությունն ապահովող տարածքներ: Եվ եթե դրվի դրանց խնդիրը,
այդ դեպքում որպես կարեւոր գործոն կհանդիսանա Շաhումյանի, Գետաշենի,
Մարտունաշենի ճակատագրի հարցը եւս:
Անդրադառնամ ԼՂ կարգավիճակի խնդրին։ Այն պետք է լուծվի հետեւյալ կերպ. կա՛մ Հայաստանի կազմում, կա՛մ որպես անկախ պետություն։
Հովհաննես Հովհաննիսյան – Մենք այն կարծիքին ենք, որ ԼՂ խնդրի
կարգավորումը լինելու է փոխզիջման տարբերակով: Սակայն Հայաստանի
տարածքային ամբողջականությունը, ԼՂ կարգավիճակի խնդիրը, Հայաստան-Ղարաբաղ
կապի առկայությունը փոխզիջումների սեղանին դրվել չեն կարող: Մնացած
խնդիրների շուրջ կարելի է բանակցել:
Անդրադառնամ հաջորդ հարցին։ Համաձայն չեմ հանրաքվեի տարբերակի հետ,
մանավանդ, երբ ասվում է, թե դա կարող է լինել 5-10 տարիների ընթացքում։ Դա
նշանակում է՝ հարցի լուծումը այդքան ժամանակով հետաձգել ու մտցնել
փակուղի: ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի հենց այսօր:
Գուրգեն Արսենյան- Հայաստանը որեւէ զիջելու բան չունի, խնդիրը ԼՂ-ինն է:
Ինչ վերաբերում է ինչը՝ ինչի դիմաց հարցին, ապա, բնականաբար, հողը՝
խաղաղության պայմանագրի դիմաց։ Փաստաթուղթ, որը կբացառի պատերազմի
հնարավորությունը: Ինչ վերաբերում է գրավյալ տարածքներին, որին ես ավելի
ճիշտ կանվանեի անվտանգության գոտի, դրանք, ըստ մեզ, դառնալու են
բանակցային գործընթացի առարկա:
Հանրաքվեի ճանապարհով խնդրի լուծումը համարում եմ օպտիմալ տարբերակ: Սակայն՝ մեկ պայմանով, որ հանրաքվեն անցկացվի միայն ԼՂ-ում։
Կիրո Մանոյան- Փոխզիջումների հարցը լուծվում է ոչ թե հայտարարությունների
միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ: Այլապես փոխզիջման հարցը
մեզ համար նշանակում է, որ մենք պիտի պահպանենք այն, ինչ ունենք, եւ
Ղարաբաղը կմիանա Հայաստանին։ Ինչ վերաբերում է 7 շրջաններին, դրանք
առեւտրի ենթակա չեն: Կրկնում եմ, բանակցությունների ընթացքը ցույց կտա:
ԼՂ կարգավիճակը մեկն է՝ Հայաստանին միանալը: Ինչ վերաբերում է ձեր նշած
դիտարկմանը՝ հանրաքվեի մասին, դրանում ոչ հստակ շատ կետեր կան, օրինակ, թե
ովքե՞ր են լինելու հանրաքվեի մասնակիցները:
Անդրանիկ Հովակիմյան – Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչը ինչի դիմաց պետք
է տալ: Թե ի՞նչ է զիջվելու, խնդիրը հենց այնպես չի կարելի դնել, որովհետեւ
հենց սա էլ բանակցությունների նյութ է:
Դառնանք կարգավիճակի խնդրին։ Ինձ միշտ ասում են, ինչո՞ւ ենք պնդում
փուլային տարբերակը։ Խնդիրը հետեւյալն է. կարգավիճակի խնդրում երկու
կողմերն ունեն մեծ պրոբլեմներ, հետեւապես, երբ սկսում են կարգավիճակից
խոսել, բանակցությունները մտնում են փակուղի։ Սա է պատճառը, որ մենք
պնդում ենք՝ կարգավիճակի խնդիրը թողնել հետագայի համար եւ սկսել այլ
հարցերից: Դրա համար էլ այլ տարբերակ, քան փուլայինն է՝ չկա: Վստահ ենք,
եթե կարգավիճակի հարցը բանակցությունների միջոցով չի լուծվում, վաղ թե ուշ
մեզ պարտադրելու են գալ լուծումների, որոնք մեր օգտին չեն լինելու: Ինչ
վերաբերում է նման հանրաքվեի անցկացմանը, մեզ հայտնի չէ, թե այդ
հանրաքվեին ովքե՞ր են մասնակցելու, կամ դրա փոխարեն ի՞նչ ենք զիջելու: