Եթե մորթին շատ է խոնավացել, պետք է վրան առատորեն շաղ տալ բորաթթվի փոշի եւ փռել ծածկոցի վրա, այդպես թողնել մինչեւ հաջորդ օրը, այնուհետեւ հագուստը թափ տալ, խոզանակով մաքրել այնպես, որ մորթու վրա փոշու հետք չմնա։
Կարակուլը խորհուրդ չի տրվում մաքրել խոզանակով։ Ավելի լավ է այն զգուշությամբ թափ տալ փայտիկով։
Մորթին մաքրելու համար պետք է խոզանակը թրջել բենզինի եւ լվացքափոշու լուծույթի մեջ եւ սանրել։ Հետո մորթին սրբել կարտոֆիլի ալյուրով մինչեւ բենզինի հոտն անցնի, թափ տալ ալյուրը, սանրել։
Գլխարկների խնամքը
Թավշամահուդե լայներիզ գլխարկները կարելի է մաքրել մանր աղով։ Այն լցնել գլխարկի վրա եւ սրբել կոշտ խոզանակով։ Կարելի է նաեւ անուշադրի սպիրտի եւ ջրի հավասար քանակությամբ լուծույթ պատրաստել, կոշտ կտորը թրջել լուծույթում, մաքրել կեղտոտ տեղերը, հետո սրբել չոր լաթով, սանրել կոշտ խոզանակով եւ չորացնել։
Օձիքների, գլխարկների վրայից յուղի, քրտինքի հետքերը կարելի է մաքրել բենզինով կամ 1 թեյի գդալ անուշադրի սպիրտը եւ 3 թեյի գդալ աղը լուծել 0,5 լ ջրի մեջ, կտորը թրջել այդ լուծույթով եւ սրբել։
Տղամարդկանց գլխարկների կեղտոտված աստառը մաքրում են անուշադրի սպիրտի ու ջրի լուծույթով (1։10 հարաբերությամբ)։
Այն մասերը, որոնք անմիջապես շփվում են գլխի, մազերի հետ, շատ շուտ յուղոտվում են։ Լաթը թրջել բենզինի կամ անուշադրի սպիրտի եւ դենատուրատի հավասար քանակությամբ պատրաստված լուծույթի մեջ եւ սրբել։
Բայց գույնի գլխարկները կարելի է սրբել սպիտակ լաթը թրջելով հնգական ճաշի գդալ քացախի, անուշադրի սպիրտի եւ կես գդալ աղի լուծույթով, մաքրել եւ սրբել չոր լաթով։
Մորթե գլխարկները մաքրելուց, չորացնելուց հետո պետք է փաթաթել թղթով եւ պահել արկղի մեջ, որի տակ դնել թանզիֆի մեջ փաթաթած «Անտիմոլ»-ի կամ «Դեզմոլ»-ի հաբեր։