Ընտրական օրենքի, գազամուղի, փղի եւ այլնի մասին

29/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Թեեւ ԱԺ-ն երեկ ավարտեց Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների քննարկումը, իսկ քվեարկությունն էլ նախատեսված է այսօր, սակայն տեղի ունեցածը դժվար է քննարկում անվանել: Այս մասին նշեց նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ում խոսքերով՝ ելույթ ունեցողներն իրենց հասանելիք ժամանակի չնչին մասն էին հատկացնում ԸՕ-ին եւ խոսում էին ուրիշ ամեն ինչի մասին:

ԸՕ փոփոխությունների քննարկման ժամանակ իր ելույթի ընթացքում ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե «փղի տեղ ձեզ թող ոչ մեկը չդնի»: Այսկերպ ՄԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին, ով նախօրեին հիշեցրել էր հայտնի առակն այն մասին, թե ինչպես է փիղը նկար նկարում, հետո մյուս գազանները գալիս լրացումներ են անում, իսկ վերջում էլ ասում, թե սկզբնական նկարն ավելի լավն էր: Գ. Արսենյանի խոսքերով՝ փիղը Հայաստանի լանդշաֆտին բնորոշ կենդանի չէ: Ինչեւէ, Գ. Արսենյանի կարծիքով՝ ԸՕ փոփոխությունների կենսունակությունը կերեւա ընտրություններից հետո: Իսկ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը չի մասնակցելու ԸՕ փոփոխությունների նախագծի քվեարկությանը եւ դեմ է նախագծին, քանզի նրանում բացակայում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին դրույթը: Դաշնակցությունը կողմ է ԸՕ առաջարկվող փոփոխություններին, իսկ ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի ելույթից էլ դժվար էր հասկանալ, թե տվյալ դեպքում, ի վերջո, ինչպե՞ս է քվեարկելու ՕԵԿ-ը: Հ. Բիշարյանը նախ նշեց, թե ոչ ոք միամիտ չէ, որ հավատա, թե հնարավոր է լիարժեք ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ապա ավելացրեց, թե «բայց կեղծիքն էլ պետք է չափ ունենա»: ԸՕ փոփոխությունների նախագծին «Արդարություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու: Խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը նշեց, թե վստահության դեֆիցիտն ընտրակեղծարարներին չպատժելու հետեւանք է, եւ ընտրախախտումներին մասնակցած պատգամավորներին խորհուրդ տվեց ներողություն խնդրել: «Մի հատ ներողություն խնդրեք, ասեք, որ այլեւս այդպիսի բան չեք անի: Ժողովուրդը կների, կասի՝ լուրջ մարդիկ են, որ ներողություն են խնդրում, եւ վստահության դեֆիցիտը կվերանա»,- ասաց նա: Իսկ ժողովրդից ներողություն խնդրելու կոչ անողներին էլ պատասխանեց Տ. Թորոսյանը՝ ասելով. «Ինքներդ անձամբ ներողություն խնդրեք ժողովրդից: Ասեք` ժողովուրդ ջան, կներես, որ սխալվեցինք, որ հանձնաժողովներից մեր անդամներին հետ կանչեցինք»: Իսկ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ բոլորին էլ հայտնի է, թե որ կողմ են թեքվում մեծամասնականով ընտրվող պատգամավորները՝ իշխանական: Ըստ նրա, դա հասկանալի է, եւ մեղադրելու բան չկա, քանզի մեծամասնականով ընտրվում են ոչ թե ժողովրդի կողմից սիրված ուսուցիչներն ու բժիշկները, այլ բիզնեսմենները, որոնց բիզնեսը կախված է գործադիրից: Ինչեւէ, հնչեղություն ունեցող մյուս հարցի՝ «Հասարակության եւ պետության կարիքների սեփականության օտարման մասին» օրինագծի քննարկումն էլ կշարունակվի վաղը: Հիշեցնենք, որ այս օրինագիծը երկու անգամ մերժվելուց հետո արդեն երրորդ անգամ, չնչին փոփոխություններով բերվել է ԱԺ: Կառավարությունն այս անգամ օրինագծից հանել է մի հոդված, որի արդյունքում փոխհատուցում ստացած բնակիչներն այլեւս չէին կարողանալու դատական կարգով բողոքարկել նախկին որոշումները: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի պնդմամբ՝ դրա փոխարեն կառավարությունը մեկ այլ «խուճուճ» հոդված է մտցրել, որը գրեթե նույն բանն է նշանակում: Ռ. Պետրոսյանը վստահեցրեց, թե իրեն խաբել հնարավոր չէ:

Երեկ նաեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն էր, որի ընթացքում, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Ա. Աշոտյանի հարցին՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաստատեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի պնդումներն այն մասին, որ հայ-վրացական սահմանի ճշգրտման աշխատանքներն իրականացվում են 1939 թվականի քարտեզի հիման վրա, քանզի դա միակ ամբողջական քարտեզն է: Հիշեցնենք, որ ըստ Վ. Դալլաքյանի, Հայաստանն այդ դեպքում կկորցնի 300 քկմ տարածք: Վ. Օսկանյանը նշեց, թե եթե խնդիրը վերաբերում է պետության սահմանին, ապա թերեւս այդ հարցն ի վերջո արժանանալու է ԱԺ վավերացմանը, եւ պատգամավորներն այդ ժամանակ կարող են ասել իրենց խոսքը: Երեկ հարցուպատասխանի ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ Իրան-Հայաստան գազամուղը շահագործման կհանձնվի ժամկետից շուտ՝ այս տարվա վերջին: Ի դեպ, լրագրողների հարցերին պատասխանելով, երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չժխտեց, որ Հայաստանն Իրան-Հայաստան գազամուղի վերաբերյալ բանակցում է Ռուսաստանի հետ: «Մենք ընդհանրապես վաճառքի մասին չենք խոսում, ընդամենը կարող է պատահի, որ Հայաստանը իր կողմից կանոնադիր կապիտալի մեջ ներդրում անի, կամ համատեղ ուժերով այդ ներդրումը կատարենք, որովհետեւ անտրամաբանական կլինի Հայաստանում պահել գազի երկու բաշխիչ ցանցեր,- նշեց վարչապետը՝ հավելելով,- Առանձին մենք ունենք ցանց կամ խողովակ, եւ կա «ՀայՌուսգազարդը»: Երբ ժամանակը գա, եւ մենք կարողանանք ճնշման տակ դնել խողովակը եւ գազը ստանալ, քննարկումներն ավելի կոնկրետ կլինեն»: Ըստ վարչապետի, ռուսական կողմի հետ բանակցության բոլոր մանրամասները հաղորդվում են իրանական կողմին, քանի որ «մեր հիմնական գործընկերն Իրանն է»: Իսկ Հայաստանի քաղաքացիները գազամուղի ապագայի վերաբերյալ բանակցությունների մասին կիմանան, «երբ ժամանակը գա»: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ վստահեցրել է, թե մեր երկիրն այդ գազամուղը որեւէ մեկին չի տվել: «Մի բան կարող եմ ասել, մենք Իրան-Հայաստան գազամուղը որեւէ մեկին չենք տվել: Որեւէ փաստաթուղթ չկա: Ես ձեզ նորից եմ խոստանում, որ ես կխնդրեմ «ՀայՌուսգազարդի» ղեկավարին, որպեսզի ինքն ամենայն մանրամասնությամբ այդ խնդիրների մասին խոսի»,- լրագրողներին վստահեցրեց պաշտպանության նախարարը: Վերջինս, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՕԵԿ խմբակցության այն մեղադրանքներին, թե ինքն ու վարչապետը սեւ քարոզչություն են կազմակերպում ՕԵԿ-ի դեմ ու բացի այդ էլ խոչընդոտում են այդ կուսակցությանը` մամուլով եւ հեռուստատեսությամբ հանդես գալու, նշեց. «Ոչ միայն ՕԵԿ խմբակցության, այլ ընդհանրապես պատգամավորներից ոչ մեկը դատախազ չէ, որ ինձ եւ հանրապետության վարչապետին ինչ-որ մի բանում մեղադրի: Մի բան կարող եմ ասել, որ ինձ համար այս ամբողջը ծիծաղելի է, ուղղակի զավեշտական է: Ես շատ ավելի կարեւոր գործեր ունեմ, քան գնալու կամ մեկին հանձնարարելու, որ Գյումրիում կամ Վանաձորում ինչ-որ մեկի հարցազրույցը չտպեն կամ եթեր չարձակեն: Այնքան կարեւոր բաներ կան այս երկրում»: Պաշտպանության նախարարը երեկ պատասխանել է նաեւ օրհներգի հետ կապված հարցին ու նշել, թե եթե առաջարկվեր հիմնի մի տարբերակ՝ Չարենցի բառերով եւ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, ապա ինքը կլիներ այդ հիմնի ամենամեծ երկրպագուներից մեկը: Հիմնի մասին խոսելով` երեկ վարչապետ Ա. Մարգարյանն էլ ասել է, թե դեկտեմբերին երկիրը պետք է ունենա այնպիսի պետական օրհներգ, որն «ընկալելի լինի բոլորի համար»: Ըստ վարչապետի, Ա. Խաչատրյանի երաժշտությունն ընկալելի է, սակայն եթե բառեր չկան, իր մոտ ասոցիացվում է հին տեքստը: