Ոչ դատախազ եմ, ոչ ոստիկան, որ անուններ տամ

29/10/2006

Անդրադառնալով օրերս «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած այն հայտարարություններին, թե ինքը բարեբախտաբար կառավարության նիստերի 80%-ին չի մասնակցում, կոռուպցիոն անուններ գիտի` չի ասում եւ այլն՝ վարչապետը կարծիք է հայտնել, թե Վ. Օսկանյանն այդ «ձեւով չէր ուզում ասել, ինչպես մեկնաբանվում է»: «Եվ անկախ նրանից, թե ինքը մասնակցո՞ւմ է կառավարության նիստերին, թե՞ ոչ, ինքը պատասխանատու է կառավարության գործունեության համար, որի մասին ինքն ասել էր: Ըստ իս, թյուրըմբռնում է եղել հարցի ու պատասխանի միջեւ»,- հավելել է Ա. Մարգարյանը: Վերջինս հայտնել է նաեւ, որ գոհ է Վ. Օսկանյանի աշխատանքից, այլապես կդիմեր նախագահին, որպեսզի նրան ազատեր: Անդրադառնալով թերթին տված իր հարցազրույցին` Վ. Օսկանյանը երեկ ասել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսելիս ինքը նկատի է ունեցել կառավարության ռազմավարական ծրագիրը, որն իր կարծիքով՝ պետք է ավելի լուրջ կիրառել: ՀՀ ԱԳՆ նախարարը հայտարարել է, թե ինքը ոստիկանություն կամ դատախազություն չէ, որպեսզի տա կոռումպացվածների անուններ: «Ծրագիրը, ես ասում եմ, եկեք ավելի լուրջ կիրառենք եւ խնդիր դնենք քաղաքական ուժերի առաջ, որպեսզի հաջորդ ընտրարշավի ընթացքում իսկապես այդ հարցերին անդրադառնան եւ ժողովրդին խոստումներ տան»,- երեկ ասել է նա: Վ. Օսկանյանի խոսքերով՝ դա քննադատություն չէ կառավարության հասցեին: «Դրանք խնդիրներ են, որ ես բարձրացնում եմ եւ շարունակելու եմ բարձրացնել»,- ավելացրել է նա: Վ. Օսկանյանը նաեւ համամիտ չէ այն գնահատականին, թե վերջին շրջանի իր ելույթները թելադրվում են նախագահի հավանական թեկնածու լինելու տրամաբանությամբ: Նրա հավաստմամբ՝ ինքն իր ո՛չ ելույթները, ո՛չ հայտարարությունները այդ տրամաբանության մեջ չի դիտարկում: «Ես ուղղակի գտնում եմ, որ հաջորդ խորհրդարանի ընտրության ժամանակ այս հարցերի մասին արժե խոսել: Եթե ուզում ենք վերջապես երկրում լրացուցիչ տեղաշարժ արձանագրել, կարողանալ մրցակցությունը պահել տարածաշրջանում, նոր ռեսուրսների որոնման հետեւից պետք է գնալ: Եվ այդ ռեսուրսները կան: Դրանք վերակենդանացնելու, ակտիվացնելու համար լուրջ, երկրորդ սերնդի բարեփոխումներ են պետք: Ես որեւէ մեկին չեմ քննադատում դրա մեջ: Կառավարությունն արել է` ինչ որ արել է, եւ շարունակում է անել»,- ասել է Վ. Օսկանյանը: