Մեր պատվիրակությունը մեղավոր չէ

07/05/2005 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ինչպես եւ սպասվում էր, հունվարի 25-ին Եվրախորհրդի Խորհրդարանական
վեհաժողովը ձայների մեծամասնությամբ, գրեթե առանց փոփոխությունների,
ընդունել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Դեյվիդ Աթկինսոնի
զեկույցը։ «Կողմ» է քվեարկել 128 պատգամավոր, «դեմ»՝ 5, «ձեռնպահ»՝ 1։
Զեկույցն ակնհայտորեն հայանպաստ չի ստացվել։ Մեզ համար առավել վտանգավոր
են հատկապես այն կետերը, որտեղ արձանագրված է, որ «անջատողական ուժերը
դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը», Եվրախորհրդի անդամ
պետությունը գրավել է օտարերկրյա տարածքներ, եւ այլն։ Մտահոգիչ է նաեւ այն
փաստը, որ Լեռնային Ղարաբաղի՝ ինքնիշխանության բարձր մակարդակ ունենալու
իրավունքն ընդունվում է միայն այն վերապահումով, «եթե այս հակամարտության
վերջնական կարգավորումը չի կանխատեսում Լեռնային Ղարաբաղի անմիջապես
անջատումն Ադրբեջանից»։ Պարզ ասած, ընդունվում է, որ Լեռնային Ղարաբաղն
ինքնորոշման իրավունք ունի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության
շրջանակներում։
Այսպիսով, ԵԽ ԽՎ-ն արձանագրում է, որ Հայաստանն ագրեսոր է (այլ երկրի
տարածք է գրավել), որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է անջատողականների
վերահսկողության տակ, եւ, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային
ամբողջականության շրջանակներում։ Ճիշտ է՝ զեկույցն իր մեջ նաեւ դրական
լիցքեր է պարունակում։ Մասնավորապես՝ ոչ մի խոսք չկա Հայաստանի տարածքը
ռմբակոծելու մասին, չի շոշափվել Հայաստանի նկատմամբ տնտեսական
պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը, եւ այլն։ Բացի այդ, զուտ
բարոյական առումով, մենք, ինչպես միշտ, հաղթել ենք։ Օրինակ. հայկական
պատվիրակության ներկայացրած առաջարկներին, որպես կանոն, միացել են 20-25
այլ պատվիրակներ, մինչդեռ ադրբեջանցիների առաջարկների տակ, իրենցից բացի,
որեւէ մեկի ստորագրությունը չի եղել։ Ճիշտ է, մեր ներկայացրած
առաջարկներից միայն մեկն է ընդունվել, բայց դա մեր բարոյական հաղթանակի
փառահեղությունն ամենեւին չի նսեմացնում։
Եվ, այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե Աթկինսոնի զեկույցն իր մեջ
առանձնահատուկ նորություն էր պարունակում։ Պարզապես գնահատականները
փոքր-ինչ ավելի կոշտ էին, եւ Ադրբեջանը հետագայում փոքր-ինչ ավելի
արդյունավետությամբ կարող է այս զեկույցն օգտագործել միջազգային
կառույցներում։ Ի վերջո, բոլորի համար էլ հասկանալի է, որ
հակամարտությունը կարգավորվելու է ո՛չ այս հարթության մեջ, եւ
Եվրախորհուրդն ամենեւին էլ այն կառույցը չէ, որի որոշումները պարտադիր են
լինելու Հայաստանի կամ Ադրբեջանի համար։ Պարզապես յուրաքանչյուր նման
զեկույց կամ գնահատական ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը՝
բանակցությունների վճռական փուլից առաջ։ Իսկ դա կարող է մտահոգիչ լինել
միայն այն դեպքում, եթե Հայաստանն ընդհանրապես մտադիր է մասնակցել
բանակցություններին։ Եթե բանակցությունները ձեւական են լինելու, ուրեմն
բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքերի թուլացման մասին էլ կարելի է
չմտահոգվել եւ, դրա փոխարեն, օրումեջ հայտարարել մեր «հերթական
դիվանագիտական հաղթանակների» մասին։
Շատ ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ մեր հասարակությունը ստեղծված
աննպաստ իրավիճակից ելքեր փնտրելու փոխարեն՝ ինքն իրեն միայն մի հարց է
տալիս՝ ո՞վ է մեղավոր։ Եվ հասարակության մեջ արմատավորվում է այն միտքը,
թե պատճառը ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության վատ աշխատանքն է։ Իբր՝ եթե
մերոնք լավ աշխատեին, նիստերին մասնակցելու փոխարեն հաճույքների հետեւից
չընկնեին, ամեն ինչ լավ կլիներ։ Սա բավականին լուրջ մոլորություն է։ Ճիշտ
է, մեր պատվիրակության անդամներն իսկապես փայլուն չեն աշխատել, բայց եթե
Հայաստանը ԵԽ ԽՎ-ում նույնիսկ յոթ Չերչիլ ունենար, դրանից Եվրախորհրդի
դիրքորոշումը հազիվ թե փոխվեր։ Բուն պատճառը Հայաստանի իրականացրած
արտաքին քաղաքականությունն է, որի առջեւ դրված նպատակները, համենայն դեպս՝
այսօր, հակասության մեջ են ինչպես՝ Եվրախորհրդի, այնպես էլ՝ բոլոր մյուս
միջազգային կառույցների հռչակած սկզբունքների հետ։ Իհարկե, կարելի է նաեւ
հակառակը ձեւակերպել. այսինքն՝ պատճառը միջազգային կառույցների հռչակած
սկզբունքներն են, որոնք, ցավոք, հակասության մեջ են մեր արտաքին
քաղաքականության առջեւ դրված խնդիրների հետ։ Դրանից հարցի էությունը չի
փոխվի։
Այլ կերպ ասած, մենք երկու ճանապարհ ունենք։ Կամ պիտի վերանայենք մեր
արտաքին քաղաքականության հիմնադրույթները, կամ մի կերպ դիմանանք ու
սպասենք, մինչեւ միջազգային հանրությունը վերանայի իր սկզբունքները։ Ամեն
դեպքում, ճանապարհի ընտրության իրավունքը մեր հասարակությանն է պատկանում։