Իրագործումը՝ փուլային, ընդունումը՝ փաթեթային

29/10/2006

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններում տարածքների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: «Տարածքների հարցը կքննարկենք միայն ու միայն այն դեպքում, եթե վերջնականապես հստակվի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը»,- նշել է նախարարը, հավելելով, թե «միայն այդ դեպքում մենք մանրամասների մեջ կմտնենք տարածքների հարցում»: Ըստ նախարարի, խոսքը ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական տարածքների մասին է: «Տարածքներ ասելով` մենք հասկանում ենք բոլոր տարածքները՝ նաեւ Ղարաբաղի հյուսիսային եւ արեւելյան շրջանները, Մարտակերտը եւ Մարտունին: Շահումյանը նույնպես փաթեթի մաս է կազմում»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: «Այդ հարցերը տարբեր շերտերում, տարբեր հարթության վրա են գտնվում, բայց բոլորն էլ փաթեթի մաս են կազմում՝ ես դա կարող եմ հաստատել»,- նշել է նա: Երեկ արտգործնախարարը նաեւ ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իսկապես նոր մտքեր են ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա, այդ մտքերը համանախագահները ներկայացրել են դեռեւս հոկտեմբերի 6-ին, Մոսկվայում իր եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում: Նախօրեին Փարիզում տեղի ունեցած նախարարների եւ համանախագահների հանդիպմանը հակամարտ կողմերը ներկայացրել են այդ նոր մտքերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Հիշեցնելով, որ Փարիզ այցելելուց առաջ ինքն այցելել էր Ստեփանակերտ ու հանդիպել ԼՂ ղեկավարության հետ, Վ. Օսկանյանը երեկ նշել է, թե Հայաստանը ներկայացրել է նաեւ ԼՂ դիրքորոշումը: Ըստ նախարարի, դատելով Փարիզի հանդիպման ընթացքում ներկայացված դիրքորոշումներից, նոր մտքերի վերաբերյալ համաձայնության եզրեր չկան: Նախարարները եւ համանախագահները որոշել են կրկին փորձել, այս անգամ` նոյեմբերի 14-ին, Բրյուսելում, որից հետո համանախագահները կգան տարածաշրջան: Իսկ մինչ այդ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, Վ. Օսկանյանն ավելորդ է համարում: Հաստատելով, որ տարածքների հանձնման հարցն իսկապես առկա է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցության օրակարգում, նախարարը շեշտել է, թե բանակցությունը վարվում է փաթեթով, իսկ փաթեթում առաջնայինը ԼՂ ժողովրդի ինքնորոշման եւ ԼՂ կարգավիճակի հարցն է: Եվ չի բացառվում, որ «կարգավորման փաթեթի իրագործումը լինի փուլային, բայց ընդունումը լինելու է անպայման փաթեթային»: