Մեղքերի թողություն եւ նոր մեղքեր

29/10/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Անդրադառնալով ռուս-վրացական` հետզհետե սրացող հարաբերություններին` քաղաքագետն ասաց, որ մեզ` հայերիս պետք է քիչ հետաքրքրեն դրանք, քանզի վրացիները միշտ կմնան մեր հարեւանները, իսկ ռուսները` մեր դաշնակիցները: «Մենք միշտ ապրելու ենք կողք կողքի: Կողմնորոշում հայտնելով` Հայաստանը խոցելի է դառնում թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Վրաստանի համար»,- ասաց Լ. Մելիք-Շահնազարյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը եւ Բելառուսն արդեն իրենց դիրքորոշումն արտահայտել են ռուս-վրացական հարաբերությունների շուրջ` առաջարկելով երկու երկրների միջեւ միջնորդի դեր ստանձնել: Սակայն ըստ քաղաքագետի, նման բան կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի եւ Վրաստանի ցանկության դեպքում: Լ. Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Վրաստանի շրջափակման շարունակվելու դեպքում ՀՀ բնակչությունն իր վրա կզգա դրա բացասական հետեւանքներն` անկախ Հայաստանի դիրքորոշումից: Քաղաքագետը լավատեսությամբ է մոտենում հայ-ռուսական հարաբերություններին` գտնելով, որ դրանք չեն սրվի: Ընդ որում, այս առումով բանախոսը քննադատեց այն, որ հայկական մամուլը հեղեղված է կա՛մ խիստ պրոռուսական, կա՛մ էլ պրովրացական հրապարակումներով:

«Ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի մոտեցումը նախեւառաջ պետք է բարոյական լինի, հնարավորինս փորձի մեղմել այդ հարաբերությունները, իսկ մեր ուղղակի միջամտությունը պետք է սահմանափակվի միայն եւ միայն մեր հայրենակիցների շահերով»,- գտնում է Լ. Մելիք-Շահնազարյանը: Նա նաեւ մտահոգված է, թե ովքեր կզբաղեցնեն Ջավախքում ռուսական զորքերի տեղը: «Մտահոգիչ է նաեւ Վրաստանին արագացված կարգով ՆԱՏՕ-ի կազմ ընդունելու ծրագիրը: Եթե Ջավախքում պետք է տեղակայվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակն, ապա դա նշանակում է, որ հայկական բանակն այնտեղ ավելի շուտ պետք է հայտնվի»,- նշեց քաղաքագետն` ավելացնելով, որ ինքն ամենեւին էլ պատերազմ չի հրահրում։ Նա համոզված է, որ Ջավախքում ռուսական զորքերը թուրքականով փոխարինելու դեպքում կարճ ժամանակահատվածում Ջավախքը կհայաթափվի, իսկ հայ կամավորականները կսկսեն պաշտպանել ջավախահայերի շահերը: «Եթե պետություններ կան, որ իրենց մեկ կամ մի քանի քաղաքացիների համար պատրաստ են պատերազմ սկսել, ապա մենք ավելի մեծ առիթ ունենք ջավախահայերին պաշտպանելու համար: Այսօր նման քաղաքականություն է վարում Ադրբեջանը` մասնակցելով Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների քաղաքական եւ տնտեսական կյանքին»,- ասաց Լ. Մելիք-Շահնազարյանն` այդ քաղաքականությունը համարելով շատ ճիշտ:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին` քաղաքագետը նշեց, որ գալու է մի օր, երբ եւ՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հասկանալու են, որ ստիպված են լինելու մի սեղանի շուրջ նստել ԼՂՀ-ի հետ: Լ. Մելիք-Շահնազարյանը գտնում է նաեւ, որ Եվրոպան եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր ավելի շատ շահագրգռված են ոչ թե Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, այլ դրա կոնսերվացմամբ, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն: Քաղաքագետի մեկնաբանությամբ` Եվրոպան այսօր «պատրաստ չէ նոր հարված ստանալ»` նավթի գների բարձրացման եւ այլ գործընթացների տեսքով:

Լ. Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հայաստանյան այցին եւ հայ-ֆրանսիական հարաբերություններին: «Աննախադեպ էր ոչ միայն Շիրակի այցը, այլեւ նրա ջերմ ընդունելությունը` թե՛ իշխանությունների եւ թե՛ ժողովրդի կողմից: Չեմ կարծում, որ որեւէ մի երկրում Ժակ Շիրակն արժանացած լինի նման ընդունելության»,- ասաց քաղաքագետը` այդ այցը համարելով «մեր արտաքին քաղաքականության ձեռքբերումներից մեկը», քանզի այցից հետո Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրենքի նախագիծը: Դրական համարելով Ֆրանսիայի այս քայլը` քաղաքագետն, այնուամենայնիվ, գտնում է, որ դա եվրոպական գերտերության համար «մեղքերը քավելու միջոց» էր: «Մենք մոռանում ենք, որ 1877թ. ընդունված բեռլինյան կոնվենցիայով Ֆրանսիան երաշխավորում էր Արեւմտյան Հայաստանի բնակչության անվտանգությունը: Ընդամենը 15 տարի հետո սկսվեցին հայերի տեղահանությունն ու ջարդերը: Բնականաբար, Ֆրանսիան բարոյական պատասխանատվություն է զգում տեղի ունեցածի համար: Հայոց ցեղասպանությունը դատապարտելուն ուղղված Ֆրանսիայի գործունեությունը պատիվ է բերում այդ երկրին, եւ դա նաեւ մեղքերը քավելու միջոց է»,- գտնում է Լ. Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, եթե այս օրենքն ընդունվի, Հայաստանը կարող է իրեն ապահով զգալ Թուրքիայի եւ Արեւմուտքի ռազմական հնարավոր ոտնձգություններից:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում Ֆրանսիայի ունեցած դերին, ապա, ըստ քաղաքագետի, Ֆրանսիան հասկանում է, որ ինքն այստեղ «շատ է ուշացել», քանզի կան Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը: Լ. Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Ֆրանսիան մեր տարածաշրջանում զուտ տնտեսական շահեր ունի: