Հայը, ռուսը, վրացին ու Կարապետյանը

29/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրն Կարապետյանն անդրադարձավ երկու խնդրի, որոնցից մեկն առնչվում էր Ջավախքին։ Ա. Կարապետյանը, մասնավորապես, խոսեց «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ Վահագն Չախալյանի մասին, որին ձերբակալել են Հայաստանի սահմանն անօրինական կերպով հատելու համար։ «Նոր Ժամանակների» նախագահը տեղեկացրեց, որ «երիտասարդը» վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրահանգով ճանաչվել է persona non grata (անցանկալի անձ), եւ նրա մուտքը Հայաստան արգելվել է։ «Ազգային անվտանգության հետ կապված այդ ի՞նչ խնդիրներ են եղել, որ նրա անձնագրի մեջ մուտքն արգելող նշում է եղել։ Եվ եթե մուտքը չի թույլատրվում, ինչո՞ւ են թողել ներս, հետո ծեծել ու ձերբակալել»,- հարցնում է Ա. Կարապետյանը եւ հարցով էլ պատասխանում. «Արդյո՞ք սրանով մեր իշխանությունները կատարել են Մ. Սահակաշվիլու եւ Վրաստանի հատուկ ծառայությունների հրահանգը»։

Այս վերջին հարցի պատասխանն Ա. Կարապետյանը տվեց արդեն իր հաջորդ հարցադրման մեջ՝ Սահակաշվիլու պատվերով մինչեւ ո՞ւր ենք գնալու։ Միգուցե զարմանալի է հնչում, որ ՀՀ իշխանությունները կարող են Սահակաշվիլու պատվերը կատարել, սակայն բանախոսի կարծիքով` «պլանկան» այնքան է իջել, որ դա էլ է հնարավոր. «Վաղը-մյուս օր հնարավոր է խամաճիկ դառնան ոչ թե Սահակաշվիլու, այլ նրա օգնականի ձեռքին»։

Իսկ հանուն ինչի՞ մեր իշխանությունները կարող են Վրաստանի կամակատարը դառնալ։ Այս հարցին Ա. Կարապետյանն ինքն էլ հստակ պատասխան չունի, կան միայն ենթադրություններ. «Որ Սահակաշվիլին ամերիկացիների մոտ լոբբինգ անի, որ իրենք մնա՞ն։ Մեկ է՝ չեն մնալու։ Դեռ հարց է՝ Սահակաշվիլին կմնա՞, թե՞ չէ… Թե՞ վախենում են, մտածում են` ինքը ամերիկացիների հետ լավ է, մենք էլ մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ չփչացնենք։ Այսպիսի պետական քաղաքականություն չի լինում»։

«Նոր Ժամանակների» ղեկավարը գտնում է, որ հարկավոր է վրացիների հետ խոսել կոնկրետ ծրագրով, պետական մակարդակով հարցեր քննարկել, ոչ թե «խնդրել, որ Սահակաշվիլին հանդիպում կազմակերպի Ռոբերտ Քոչարյանի եւ Բերեզովսկու միջեւ… Բա էդ ի՞նչ «եղբայրության» համար ենք Վրաստանին 6000կմ հող զիջել, որ չթողնե՞ն իրենց տարածքով Ռուսաստանի հետ տրանզիտ իրականացնենք»։

Լրագրողների այն հարցին, թե չափից դուրս ռուսամետության մեջ մեղադրվող ՀՀ իշխանություններն ինչպե՞ս կարող են այդպես արագ փոխվել, պրն Կարապետյանը պատասխանեց. «Մեր իշխանություններն ամսվա առաջին 10 օրը ռուսամետ են, 10 օրը՝ ամերիկամետ, իսկ վերջին 10 օրը՝ պարզ չի»։

Իսկ այդ ամենը, ըստ բանախոսի, կարելի է բացատրել մի պարզ պատճառով՝ իշխանությունը պահելու մարմաջ, եւ նրանք ոչ թե ռուսամոլ կամ ամերիկամոլ են, այլ փողամոլ։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա կատարելիք այցին, ապա Ա. Կարապետյանը գտնում է, որ Իրանի իրավիճակի եւ գազի մատակարարման հարցերից բացի կքննարկվի նաեւ Ջավախքի խնդիրը, քանի որ «ռուս գործընկերներին Հայաստանի կրավորական կեցվածքն անհասկանալի է»։

Ստացվում է՝ ռուսներն ավելի շատ են մեր մասին մտածում, քան մենք ինքներս։ Սակայն այս համատեքստի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում, օրինակ, Վերին Լարսի անցակետը փակելը, որով Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջը փաստացի շրջափակման է ենթարկել։ Ա. Կարապետյանը գտնում է, որ մի լուրջ խոսակցություն էլ պետք է ռուսների հետ ունենալ, մանավանդ, որ ռուսներն էլ են շահագրգռված հարաբերությունները ճշտելու հարցում։ «Ռուսաստանում գիտակցում են, որ կրավորական կեցվածքը ոչ թե ժողովրդինն է, այլ մեր իշխանություններինը։ Ռուսաստանը տեսնում է, որ ինքը ստրատեգիական պարտնյոր չունի»,- կարծում է Ա. Կարապետյանը՝ նշելով, որ վերջում կարելի է հանդիպել նաեւ երեքով՝ Քոչարյանը, Սահակաշվիլին եւ Պուտինը։

Մյուս կարեւոր հարցը, որի մասին խոսեց Ա. Կարապետյանը, վերաբերում էր վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռին։ Բանախոսի կարծիքով, իշխանություններն ամեն կերպ փորձում են մոռացության տալ այս ողբերգության մանրամասները։ «Հակոբ Հակոբյանի հարցը քննարկելիս ԱԺ-ում բոլորը հավաքվեցին, խառնվեցին իրար։ Իսկ ինքնաթիռն ընկավ, 113 մարդ զոհվեց, ԱԺ-ն այդպիսի ակտիվություն չցուցաբերեց»։ Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ ըստ իրենց աղբյուրների, աղետից անմիջապես հետո Հայաստան է ուղարկվել մի հեռագիր, որում ասված է՝ «ինքնաթիռն անհայտացել է ռադարի էկրանից»։ Պրն Կարապետյանը նշեց, որ զրուցել է մասնագետների հետ եւ կարող է ասել՝ դա նշանակում է մի բան. ինքնաթիռը պայթել է։ «Նոր Ժամանակների» նախագահը եւս մի քանի հարցեր հնչեցրեց՝ կրիմինալ խմբավորման կողմից եղե՞լ է ինքնաթիռը Սոչիում իջեցնելու փորձ, փող կամ ադամանդ տեղափոխե՞լ են, թռիչքից առաջ VIP սրահում ստուգվե՞լ է զենքի կամ պայթուցիկ նյութերի առկայությունն ուղեւորների մոտ, եւ վերջապես՝ կապ կա՞ աղետի եւ անմիջապես դրանից հետո Բրյուսելում վառված ինքնաթիռի միջեւ։ Ա. Կարապետյանը, վկայակոչելով իր աղբյուրները, նշեց, որ հրդեհի մատնված ինքնաթիռի մեջ եղել են աղետի ենթարկած Ա-320-ին վերաբերող տեխնիկական փաստաթղթեր։ Ա. Կարապետյանը տեղեկություն ունի նաեւ, որ աղետից առաջ այդ ինքնաթիռով 3 ամիսը մեկ Սոչի է տեղափոխվել ոսկի եւ թմրանյութ։

Ինքը՝ պրն Կարապետյանը, հույս չունի, որ դատախազությունն այս հարցերին կպատասխանի։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է հարց տալու իմաստը, եւ պատասխաններ ումի՞ց են ակնկալվում, բանախոսն ասաց՝ «Կարեւորն այն է, որ այդ հարցերը միշտ լինեն ուշադրության կենտրոնում»։ Ամենայն հավանականությամբ, ռուսամետ քաղաքական հայացքներ ունեցող Արամ Կարապետյանը, որ վերջին ժամանակներս անընդհատ հանդես է գալիս էքսցենտրիկ հայտարարություններով ու պահվածքով, ոչ թե իրապես մտահոգված է այդ հարցերով, այլ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել՝ իր քաղաքական կշիռն ու «գինը» բարձրացնելու նպատակով: Այդուհանդերձ, «Նոր Ժամանակների» ղեկավարն իր այդ հարցերը պաշտոնապես ուղարկել է Դատախազություն եւ խոստանում է` հետաքննության ավարտից հետո, երբ կլինի վերջնական եզրակացություն, հրապարակել նաեւ իրենց սեփական եզրակացությունը։

Հ.Գ. Մեր այն դիտարկմանը, որ շատ հնարավոր է, իր հարցերին այս անգամ էլ պատասխանի Տիգրան Ուրիխանյանը, Ա. Կարապետյանը նկատեց՝ այդ դեպքում կնշանակի` իրականում նա է իշխանության ղեկին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին՝ պահանջելով իր դեմ քրեական գործ հարուցել եւ ստուգել Տ. Ուրիխանյանի ներկայացրած մեղադրանքները։