– Պապաս ինձի առչավկա ա բերել,- ասում էր մեր բակից մի տղա։
– Առչավկա չի, ավչարկա ա,- ասում էինք մենք, բայց տղան համառորեն շարունակում էր «առչավկա» ասել։
Սկզբում մտածում էինք, որ մեր ուղղման մեջ նախանձ է տեսնում, դրա համար չի ասում ճիշտ ձեւով, հետո հասկացանք, որ «առչավկայի» մեջ նրան դուր է գալիս «առչ» արմատը, որ իբր հերիք չի ցեղական շուն է, հետն էլ՝ մի քիչ արջ։ Բայց կարեւորը սա չէր, կարեւորն այն էր, որ տղան շուն պահելու մասին շատ յուրօրինակ պատկերացում ուներ։ Երբ հարցնում էինք` ինչի՞դ է պետք ցեղական շունն, ասում էր՝ «որ ում վրա ուզենամ, ֆաս տամ»։
Սա իմ մանկության հիշողությունների հազարավոր պատառիկներից մեկն է միայն, եւ դժվար թե հենց այս տղային ու իր շանը հիշեի, եթե չլինեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած վերջին օրինագիծն ու Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան։
«Հայաստան, իմ բարեկամ» խորագրով հայ-ֆրանսիական տարին բացելուց անմիջապես հետո Ֆրանսիայի խորհրդարանը կատարեց Թուրքիայի մուտքը Եվրամիություն ձգձգելու ամենակարեւոր քայլը։ Այն, ինչը մինչ այդ համարվում էր բանակցությունների առարկա, բարձրացվեց քրեորեն պատժելիության մակարդակի։ Ասել, թե դա արեց Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ մեծ սիրուց, դժվար թե ճիշտ լինի։ Ասել, թե դա արեց համամարդկային արժեքների նկատմամբ մեծ սիրուց, նույնպես սխալ է։
Այս գործում հաստատ մեծ ներդրում ունեցած Շառլ Ազնավուրն էր նույնիսկ զարմացել օրենքի անհեթեթությունից։ Երբ աշխարհում բազմաթիվ ցեղասպանություններ են եղել, ո՞նց կարող է միայն հայերի ցեղասպանության ժխտումը լինել քրեորեն պատժելի։ Շառլ Ազնավուրը՝ լինելով ազնիվ արվեստագետ, մտքով անգամ չէր անցկացրել, որ Ֆրանսիայի պապան երեխուն «առչավկա» ա նվիրել եւ հիմա նա ում վրա ուզենա՝ ֆաս կտա։
Մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին՝ նույնպես լինելով ազնիվ արվեստագետ (բազմաթիվ գեղարվեստական գրքերի հեղինակ է), այնքան բարեկիրթ գտնվեց, որ Հայաստանին հրաժեշտ տալուց առաջ օրինագծի հաշվով գլուխ գովելու փոխարեն, շատ քաղաքավարի ձեւով հասկացրեց, թե Ֆրանսիան արեց ի՛ր գործը, դուք տեսեք ոնց եք ապրում ձե՛ր հարեւանի հետ։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հայերի ցեղասպանության ժխտումն արգելող օրինագծի ընդունումից հետո տարածաշրջանային գամփռի մեր համբավը միջազգային ասպարեզ դուրս եկավ։ Դրա համար էլ Կոնստանտին Զատուլինը՝ գալով Հայաստան, բարկացած մեզ ֆաս է տալիս Վրաստանի վրա։ Այդպես բարկանում է շնատերն, ով հանկարծ նկատում է, որ իր պահած, մեծացրած, վարժեցրած շունը ենթարկվում է «չուժոյի» հրամաններին։ «Ուրեմն մենք էնքան չկանք, որ Ֆրանսիան ձեզ ֆաս տա Թուրքիայի վրա»,- մտածում է Զատուլինն ու հիշում երանելի այն ժամանակները, երբ Հայաստանը հսկա Սովետի մի պստիկ մասն էր, ու իրենք էլ վաթսունականներին «ազգային զարթոնք» էին բեմադրում Երեւանի հրապարակներում։ Զատուլինը կասկածում է, որ վաղն էլ ՆԱՏՕ-ն ֆաս կտա, մյուս օրը՝ Միացյալ Նահանգները։
Իսկ ինչո՞ւ ոչ։ Իրանի դեմ գործողություն սկսելուց առաջ ԱՄՆ-ի Սենատը կվերցնի ու կընդունի մի օրինագիծ, որը քրեական պատիժ է նախատեսում Ավարայրի ճակատամարտում հայերի բարոյական հաղթանակը կասկածի տակ առնողների համար։ Դե գնա ու մի հաչա հարեւանիդ վրա։
Այս ամենը կարող էր ծիծաղելի լինել, եթե չլիներ ողբերգական, եւ կարող էր ողբերգական չլինել, եթե ողբերգության դուռն հասած չլիներ ամբողջ երկիրը՝ իր բոլոր համակարգերով։ Մի ընդդիմությունն ի՞նչ է, որ չունի երեքհազարամյա (շատերի կարծիքով` անգամ հինգհազարամյա) մեր ժողովուրդը։ Մի ընդդիմության եղածն ի՞նչ է, որ չկա ու չի կանգնում-ասում՝ սպասեք, էս ո՞ւր եք տանում մեր երկիրը։
Յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ՝ ի սրտե ատելով յուրաքանչյուր իշխանավորի, հոգու խորքում ուրախանում է իշխանությունների այս ձեռքբերման համար, որովհետեւ երկիր ու պետություն ստեղծելը ծանր աշխատանք է, իսկ հարեւաններին ատելը՝ հոբբի։
Եվրամիությունը Թուրքիայի առաջ պայմանների մի երկար շարան է դրել, որոնք կատարելուց հետո կքննարկի այդ երկրին ընդունելու հարցը։ Ըստ նախնական պայմանավորվածության` քննարկումները տեւելու են տասը տարի։ Չեմ կարծում, թե Եվրոպան բծախնդիր է լինելու պայմանների հերթականության հարցում։ Եվրոպան մեր հարեւանների ու նաեւ մեզ հետ աշխատում է «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով։ Եվ եթե Թուրքիան, ասենք, ներողամիտ լինի իր ըմբոստ նոբելյան մրցանակակրի հանդեպ, ով կոչ է արել հիշել հայերի ու քրդերի ցեղասպանությունը, Եվրոպան դա կհամարի կարեւոր հերթական քայլ։ Եվ եթե Թուրքիան ձեռի հետ մի երկու հատ էլ գենդերային պրոբլեմ լուծի, նրա շանսը կլինի անկասկած։ Վերջում Թուրքիան անպայման կընդունի Հայոց ցեղասպանությունը, եւ դա կանի Եվրամիության մուտքի մոտ ոտքերը սրբելիս, երբ արդեն ճշտած կլինի, թե ինչ աշխարհագրությամբ է կցվելու եվրոպական քաղաքակիրթ ընտանիքին։
Դա կլինի 2015 թվականի ուշ աշնանը, եւ Վարդան Օսկանյանի խոստացած հարյուր տարվա մենությունից կմնա ընդամենն իննսունը։