«Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրությունը»,- նշված է Սահմանադրության 108-րդ հոդվածում: Սահմանադրության այս փոփոխությանն ապրիլին հետեւեց կառավարության որոշումը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կմշակի Երեւանի մասին օրենք: Երեւանի կառավարման նոր մոդելի ընտրության համար հանձնաժողովը քննարկում էր երկու տարբերակ: Առաջինը մշակել էր հանձնաժողովը:
«Հանձնաժողովն ի սկզբանե որոշեց, որ առավելագույնս պետք է փորձել պահպանել ձեւավորված ավանդույթները, կառույցները, այն՝ ինչ որ լավն է,- ասում է հանձնաժողովի անդամ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: -Այդ պատճառով մենք ենթադրում էինք, որ թաղային համայնքները պետք է պահպանել, թեպետ կարելի էր այդ համայնքներում վարչատարածքային փոփոխություններ անել, համայնքները բերել մի ծանրության: Երեւանում ունենալ ընտրովի կառավարում՝ համամասնական ընտրված ավագանի եւ ավագանու կազմից ու ավագանու կողմից ընտրված քաղաքապետ: Իսկ թաղային համայնքներում ունենալ ուղիղ կերպով ընտրված ավագանի եւ ուղիղ կերպով ընտրված թաղապետ, կամ ավագանու կողմից ընտրված թաղապետ, եւ երրորդ տարբերակը՝ քաղաքապետի կողմից նշանակված թաղապետ»:
Այս տարբերակով կլուծվեր Սահմանադրության հիմնական պահանջը՝ Երեւանի քաղաքապետը կլիներ ընտրովի, բայց կընտրվեր ոչ թե բնակիչների, այլ ավագանու կողմից: Սրան զուգահեռ առաջարկվեց մեկ այլ տարբերակ, որի հեղինակը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էր: Երկրորդ մոդելի համաձայն` Երեւանը պետք է դիտել որպես քաղաքային համայնքների մեծ ագլոմերացիա: Այսինքն` Երեւանի 12 համայնքները պետք է դառնան առանձին փոքր քաղաքներ իրենց տեղական ինքնակառավարումով, իրենց ընտրովի ավագանիով ու ընտրովի քաղաքապետերով: Այդ փոքր քաղաքների բոլոր մեծ ու փոքր խնդիրները պետք է լուծի հենց այդ քաղաքի ղեկավարությունը: Բայց ենթադրվում է, որ այդ մեծ ագլոմերացիան կունենա նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք հատուկ են բոլոր քաղաքներին եւ կապ ունեն միմյանց հետ: Դրանք պետք է լուծվեն միասնաբար: Այդ միասնաբար իրականացումը պետք է դրվի պետական կառավարման որեւէ մարմնի՝ մարզպետի կամ տարածքային կառավարման նախարարի վրա: Այնպես, ինչպես մյուս քաղաքային ու գյուղական համայնքներն իրենց գլխին ունեն պետական կառավարում՝ մարզպետարան: Բայց այս դեպքում պետական կառավարման այդ մարմինը պետք է ունենա միայն վերահսկողական ֆունկցիա: Որոշում կայացնելու իրավունք չպետք է ունենա:
«Բնակչի համար լավագույն տարբերակը միանշանակ սա է, երկրորդ կարծիք լինել չի կարող,- իր մոդելի մասին ասում է Նարեկ Սարգսյանը: -Այսօր թաղապետարանները չունեն իրենց բնակչի հարցերը կարգավորող լիազորություններ: Այդ լիազորությունների մեծ մասը կենտրոնացված է քաղաքապետի ձեռքում: Բնակիչն ինչ-որ մի հարց լուծելու համար ընկնում է թաղապետարան-քաղաքապետարան քաշքշուկի մեջ: Այդ հարցերի 80 տոկոսն ունեն տեղական նշանակություն եւ պետք է լուծվեն հենց այդ համայնքում: Մեր առաջարկած մոդելով բնակիչն ընտրելու է իր քաղաքապետին եւ իր խնդիրների լուծումը պահանջելու է նրանից: Այդ դեպքում քաղաքապետի կախվածությունն իր ընտրողից ու պարտավորությունը նրա նկատմամբ մեծ է լինելու: Նշանակովի քաղաքապետն այդ պարտավորվածությունը չի զգում բնակիչների նկատմամբ: Նույնն է նաեւ ավագանու կողմից ընտրված քաղաքապետի դեպքում, ես կասեի, որ նրա կախվածությունն ընդամենը այդ 30-40 ավագանիներից կլինի»:
Ն. Սարգսյանի առաջարկած մոդելի հետ համաձայն են թաղապետերից շատերը: Նրանք այն կարծիքին են, որ այսօր իրենք իրավունք չունեն իրենց համայնքում գլոբալ խնդիրներ լուծել՝ հողհատկացում կատարել, շինարարության թույլտվություն տալ, որեւէ բան արգելել, լիարժեք պատասխանատվություն կրել որեւէ խնդրում եւ այլն, քանի որ այդ լիազորությունները տրված են միայն քաղաքապետին: Բացի այդ, եթե, օրինակ, թաղապետարանի համապատասխան մասնագետը գտնում է, որ, ասենք, տվյալ շինարարական նախագիծը քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով է իրականացվում, ապա թաղապետարանն իրավունք չունի դա արգելել: Այսինքն՝ թաղապետերը, որոնք ի տարբերություն նշանակովի քաղաքապետի, ընտրովի մարմին են, այսօր չունեն համայնքային նշանակության շատ հարցեր լուծելու լիազորություններ:
«Եթե լիազորությունները հավասարեցվի քաղաքապետի լիազորություններին, ապա կդառնա մեր մոդելը, եւ անիմաստ կլինի թաղապետ կոչել: Կամ էլ՝ ինչո՞ւ 220.000 բնակչություն ունեցող Էրեբունին պետք է թաղ համարվի, իսկ 20.000 բնակչություն ունեցող Արթիկը՝ համայնք: Բացի այդ, Երեւանի սահմանները գծվել են մեխանիկորեն: Նուբարաշենը ոչ մի կերպ չի կարելի Երեւան համարել: Խորհրդային տարիներին Երեւանի սահմանները մեխանիկորեն մեծացվել են, որ Մոսկվան թույլտվություն եւ գումարներ տա մետրո կառուցելու համար: Լավ են արել, բան չունեմ ասելու: Հիմա պետք է գտնել արդյունավետ կառավարելու այլ մոդել»:
«Նարեկ Սարգսյանն ասում է, որ Երեւանը մի համայնք չէ, ես ներքուստ զգում եմ, որ դա մի համայնք է: Երեւանը մասերի չի բաժանվում, դու վիտուալ գծեր ես քաշում, որպեսզի կառավարման մոդելդ լավ լինի,- ասում է Վ. Տերտերյանը: -Ո՞վ ասաց, որ եթե հողհատկացումը թաղապետերն անեն, բոլորը գոհ ու երջանիկ կլինեն: Ով հող ստացավ՝ նա երջանիկ կլինի, ով չստացավ՝ կդժգոհի: Ո՞վ ասեց, որ թաղապետարաններին մեծ լիազորություններ տալու դեպքում բնակիչների քաշքշուկը կվերանա: Այստեղ կարեւոր է, որ մատուցված ծառայությունների որակը բարձր լինի, ոչ թե` ո՞վ է մատուցում այդ ծառայությունը: Իհարկե, հանձնաժողովի տարբերակի դեպքում լիազորությունների վերաբաշխում կլինի: Տեղական նշանակության լիազորությունները պետք է թաղապետարան գան եւ հակառակը: Մենք գիտակցում ենք, որ այս երկու տարբերակներն էլ ունեն խոցելի տեղեր: Պետք է գտնել ոսկե միջինը, որն ավելի մեծ արդյունավետություն կապահովի»:
Հանձնաժողովի տարբերակի ամենավիճարկելի հարցը թերեւս այն է, որ Երեւանի քաղաքապետը չի ընտրվի ուղղակիորեն: Կընտրեն համամասնական կարգով ընտրված ավագանիները, եւ կընտրվի ավագանու կազմում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի թեկնածուն: Այս դեպքում արդեն վտանգ կա, որ քաղաքապետը կդառնա իրեն առաջադրած ուժի կամակատարը: Վ.Տերտերյանը համաձայն չէ նաեւ այս մտքի հետ. «Նա կամակատար չի կարող լինել, որովհետեւ օրենքը հստակ կնկարագրի իր լիազորությունները: Ոչ ոք դեռ չի ապացուցել, որ համամասնական սկզբունքով ընտրված ինստիտուտները պակաս արդյունավետ են, քան մեծամասնականով ընտրվածները: Այլ բան է, թե ո՞ր երկրում, պատմական ո՞ր ժամանակաշրջանում ո՞ր մոդելն է ավելի լավ աշխատում: Երեւանի դեպքում մենք առաջարկել ենք ավագանի ընտրել համամասնական կարգով, որովհետեւ իր մասշտաբով ու ծավալով երկրի մեծ մասն է կազմում: Երկրի այս մեծ մասի կառավարումը պիտի քաղաքականացվի: Երեւանի կառավարումն իր վրա պետք է վերցնի քաղաքական մի ուժ, որովհետեւ Երեւանի քաղաքապետն ավելի շատ գործադիր ֆունկցիաներ իրականացնող մարմին է: Նրան պետք է քաղաքականությունից հեռու պահել, քաղաքականությունը տեղափոխել ավագանու ինստիտուտ: Որպես կանոն, եվրոպական քաղաքականությունն աշխատում է ներքեւի մակարդակում անել ուղիղ ընտրություն, վերեւի մակարդակում՝ քաղաքական ընտրություն»:
Շատ ցածրաձայն, բայց խոսվում է Երեւանի կառավարման երրորդ մոդելի մասին: Այս դեպքում թաղային համայնքները պահպանվում են, իսկ քաղաքապետն ընտրվում է ուղղակիորեն՝ բնակիչների կողմից: Բայց արի ու տես, որ այս տարբերակը ոչ մեկին դուր չի գալիս: Ոչ ոք չի ուզում, որ Երեւանի քաղաքապետը կախված լինի միայն բնակիչ ընտրողից եւ ղեկավարի Հայաստանի բնակչության կեսին: Այս դեպքում նա դառնալու է նախագահին գրեթե հավասար ղեկավար: Այս տարբերակը քաղաքական առումով վախեցնում է բոլորին եւ հավանաբար այդ պատճառով էլ ընդհանրապես չի դառնա քննարկման առարկա: Կքննարկվեն հանձնաժողովի եւ Նարեկ Սարգսյանի առաջարկած տարբերակները: Բայց քննարկումները կարծես թե առժամանակ դադարեցվել են: Քննարկումներ չեն լինում նաեւ թաղային համայնքների ու հանրային լսումների մակարդակով: Բացի այդ, երկու տարբերակների մասին դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել նաեւ քաղաքական ուժերը: Կարծես թե սպասում են բարձրագույն իշխանությունների տեսակետին: Նրանք ինչ կողմնորոշում ունեցան, իշխանամետները կպաշտպանեն, իսկ ընդդիմադիրները դեմ կարտահայտվեն: