Ազգային ժողովի վերջին թամաշան գերազանցեց բոլոր սպասելիքները։ Խոսքն, իհարկե, պատգամավորների օգտագործած բառապաշարի մասին չէ` դրանով վաղուց արդեն ոչ մեկին չես զարմացնի։ Խոսքն այն ապշեցուցիչ անկեղծության մասին է, որով հանրապետականներն ու ՕԵԿ-ականները մեղադրում էին միմյանց։ Ընդ որում, ինչպես եւ պետք էր սպասել, կողմերն ի վերջո ձեւակերպեցին առանցքային հարցը. ո՞վ է ավելի շատ գողացել ժողովրդից եւ պետությունից։ Հանրապետականներն, օրինակ, պնդում էին, որ ամենաշատը ՕԵԿ-ն է «տարել»։ Չի բացառվում։ Բայց ուշադրություն դարձրեք «ամենաշատը» բառի վրա։ Դա նշանակում է, որ բոլորն էլ «տարել են», պարզապես ամենաակտիվը ՕԵԿ-ն է եղել, հետեւաբար` այսօր խոսելու տեղ չունի։ Ի դեպ, քանի որ ՕԵԿ-ական պատգամավորների ելույթներում կոնկրետ անձանց հասցեին կոնկրետ մեղադրանքներ հնչեցին, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն։ Կամ կոռուպցիայի մեղադրանքներով, կամ զրպարտության։ Դա էլ թող Դատախազությունը որոշի։
Բայց ինչի՞ց սկսվեց ամբողջ այս պատմությունը։ Սկսվեց նրանից, որ ՕԵԿ-ականները հայտարարեցին, թե իշխանությունները (ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը) հալածում են իրենց, չեն թողնում ժողովրդի հետ հանդիպել, հեռուստաեթեր չեն տալիս, եւ այլն։ Մի խոսքով, թույլ չեն տալիս քարոզչություն իրականացնել։ Ահա եւ հանգեցինք ամենակարեւոր հարցին։ Իսկ ընդհանրապես կուսակցությունների ինչի՞ն է պետք քարոզչությունը։
Չէ, իսկապես, սովորաբար նախընտրական քարոզչությունը մեծ նշանակություն է ունենում այն երկրներում, որտեղ իշխանությունները ձեւավորվում են ժողովրդի կամքով։ Ցավոք սրտի, հիմքեր չկան պնդելու, թե մինչեւ հիմա Հայաստանում իշխանությունները ձեւավորվել են ազատ-արդար-թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Ավելին` հիմքեր չկան պնդելու նաեւ, թե առաջիկա ընտրություններն ինչ-որ բանով տարբերվելու են նախորդներից։ Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ իշխանությունները պարզապես նկարելու են նախապես համաձայնեցված թվերը` անկախ նրանից, թե ինչպես է քվեարկել ժողովուրդը (կամ անկախ նրանից` քվեարկե՞լ է ժողովուրդը, թե՞ ոչ)։ Ուրեմն ինչի՞ համար են կուսակցությունները քարոզչություն իրականացնում։
Նախ` քարոզչության ձեւերի մասին։ Իշխանական կուսակցությունները գերադասում են «կոնկրետ գործը»` ասֆալտապատում, կարտոֆիլի սերմացու, անվճար բուժօգնություն, դոնորական արյուն եւ այլն։ Ընդդիմադիր կուսակցությունները «տեխնիկական պատճառներով» նախապատվությունը տալիս են գեղեցիկ խոստումներին։ Բայց այս երկու մեթոդներն էլ որեւէ կապ չունեն ոչ քաղաքականության, ոչ էլ, առավել եւս, պետության ապագայի հետ։ Խնդիրն ի վերջո այն չէ, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են ավելի բարի, ազնիվ կամ պերճախոս, խնդիրն այն է, թե ինչ ուղղությամբ պիտի զարգանա պետությունն առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այլ կերպ ասած, նորմալ կլիներ, եթե կուսակցությունները ոչ թե ժողովրդին կարտոֆիլի սերմացու կամ անվճար բուժօգնություն առաջարկեին, այլ բացատրեին, թե ինչ են իրենք պատրաստվում անել, որպեսզի այդ նույն ժողովուրդն ի վիճակի լինի օգտվել վճարովի (այսինքն` ավելի որակյալ) բուժօգնությունից, կարողանա լուրջ եկամուտներ ստանալ եւ այդ եկամուտներով իր հավանած սերմացուն գնել, եւ այլն։ Ասվածն, ի դեպ, վերաբերում է նաեւ ընդդիմությանը։ «Օրինաց երկիրն», օրինակ, մի անգամ բնակիչների ավանդների վերադարձի հարց է բարձրացրել ու մինչեւ հիմա դա դրոշակ դարձրած` աջուձախ ծածանում է։ Բայց ի՞նչ կապ ունի դա պետության ապագայի եւ զարգացման ռազմավարության հետ։ Ըստ էության, դա նույն կարտոֆիլի սերմացուն է. տվյալ պահին մարդկանց որոշ չափով օգուտ է, բայց մեծ հաշվով` ոչ մի հարց չի լուծում։
Ի վերջո, քաղաքական կուսակցությունների խնդիրը «ժողովրդի մատից փուշ հանելը» չէ, այլ նորմալ պետություն կառուցելը։ Այսինքն` այնպիսի պետություն կառուցելը, որտեղ ժողովրդի մատը փուշ չմտնի։ Իսկ դրա համար պետք է գոնե հստակ պատկերացում ունենալ, թե ինչպես պիտի լուծվեն պետության առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրները` Ղարաբաղի հարց, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորում, կոռուպցիայի դեմ պայքար, եւ այլն։ Լուծեք այս հարցերը, եւ ժողովուրդն այլեւս ոչ ձրի սերմացուի կարիք կունենա, ոչ անվճար բուժօգնության։ Բայց այսօր «քարոզչություն իրականացնող» ոչ մի կուսակցություն` ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր, այս հարցերի մասին չի խոսում։
Դառնանք բուն հարցին. ինչի՞ համար է այս քարոզչությունը, եթե ընտրությունների արդյունքները, միեւնույն է, նկարվելու են։ Ըստ էության, նպատակները մի քանիսն են։ Առաջին` որպեսզի նախընտրական պայքարը տեղափոխվի բոլորովին այլ հարթություն, եւ խնդրի քաղաքական մասը (հաջորդ չորս տարիների զարգացման ռազմավարությունը) ընդհանրապես երկրորդ պլան մղվի։ Անվճար սերմացու ստացած գյուղացին հո չի՞ կարող հարցնել, թե «ինչպե՞ս է ձեր կուսակցությունը վերաբերվում ղարաբաղյան խնդրի կարգավորման փարիզյան սկզբունքներին»։ Շատ-շատ` ասի` «գիտե՞ք, ախր ցորենի սերմացու էլ չունեմ»։ Կամ անվճար բուժօգնություն ստացածը հո չի՞ հարցնելու, թե` «խնդրում եմ, բացատրեք ձեր կուսակցության վերաբերմունքը հայ-թուրքական հաշտեցման ամերիկյան նախաձեռնության նկատմամբ` աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում»։ Շատ-շատ` ասի` «էկել-էկել եք, մի հատ էլ բաջանաղիս թոքերը լսեք, մեծ մարդ ա»։
Երկրորդ պատճառը թերեւս այն է, որ, ըստ էության, 2007թ. ԱԺ ընտրությունների «քվոտաները» դեռեւս վերջնականապես չեն ճշտվել, եւ քաղաքական ուժերը այս կերպ հիմնավորում են իրենց ամբիցիաները։ Բացի այդ էլ, արդեն այսօրվանից պետք է եւ՛ մեր հասարակությանը, եւ՛ միջազգային հանրությանը նախապատրաստել ընտրություններից հետո հրապարակվելիք արդյունքներին։ Կա եւս մի պատճառ. այսօրվա «քարոզչությունն» ավելի շատ ոչ թե ընտրությունների օրվա, այլ հաջորդ մի քանի օրերի համար է։ Կարեւոր չէ, որ այդ «քարոզչությանը» ենթարկվածները գնան եւ քվեարկեն։ Ավելի կարեւոր է, որ դրան հաջորդած օրերին չմասնակցեն ընդդիմության կազմակերպելիք հանրահավաքներին։
Այնպես որ, ամեն ինչ մտածված է։ Քարոզչության վրա արված ծախսերը երբեք ավելորդ չեն լինում։