2002թ. ՀՀ կառավարությունը եւ Ամերիկայի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը
համատեղ հիմնեցին Հայաստանի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը: Հայաստանի
Հանրապետությունը Հիմնադրամում ներդրել է Կասկադի կիսավարտ կառույցը եւ
թանգարանի համար անհրաժեշտ հողատարածք՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 13 հա
տարածք: Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը հանձն է առել միջոցներ ներդնել՝
թանգարանի կառուցման եւ Կասկադի շինությունն ավարտին հասցնելու համար:
Կասկադին հարակից հողատարածքները, որ հանձնվեցին հիմնադրամին, աջ կողմից
ծավալվում են մինչեւ Մատենադարան եւ հետեւի կողմից շարունակվում՝ դեպի
Երիտասարդական պալատ: Խոսակցություններ կան, թե Գաֆէսճեանների սահմանն
այնքան է մոտենում Մատենադարանի գլխավոր շենքին ու պահոցներին, որ
անվտանգության խնդիր է առաջացրել: Մի մտահոգություն եւս. հիմնադրամն այդ
տարածքում մտադիր է կառուցել թանգարան, գեղարվեստական իրերի խանութ, նաեւ՝
ռեստորան ու սրճարան: Եթե սննդի օբյեկտները կառուցվեն Մատենադարանին մոտ,
ապա այդ տարածքում հայտնված առնետների վազքը դեպի շենք եւ պահոցներ դժվար
կլինի փակել: Պարզ է, թե ինչ կլինի ամբողջ հավաքածուի ճակատագիրը:
Հողահատկացման որոշումը կառավարությունն է կայացրել եւ հենց
կառավարությունն էլ պետք է այդ խնդիրը հաշվի առներ: Այս դեպքում հասկանալի
է Էդուարդ Բալասանյանի նկատողությունը, թե իրենց պետք է նախօրոք
զգուշացնեին. «Մատենադարանն ինձ համար համարվում է մշակութային
կարեւորագույն օբյեկտ: Մենք չենք մոտենալու, չենք վնասի ո՛չ շենքին, ո՛չ
էլ բունկերին,- ասում է պարոն Բալասանյանը: – Հետո, առաջին անգամ եմ
լսում, որ մեր հողի տակ բունկեր կա: Ես լսել եմ, որ Մատենադարանն ունի
բունկեր արժեքավոր նյութերի համար, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ այդ
տարածքը մեզ տված լինեն»:
Տարածքն, այնուամենայնիվ, տվել են ու կանգնել փաստի առաջ: Ասում են՝ հիմա
փոխզիջումների համար բանակցություններ են գնում Գաֆէսճեանների եւ
Մատենադարանի միջեւ: