Երբ Ազգային ժողովում դոլար-դրամ փոխարժեքի թեմայով լսումներ էին ընթանում, ներկաներից մեկը՝ մի գործարար, ոչ մի կերպ չէր հասկանում՝ ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ամեն ինչ վերցրել իր վրա ու փորձում պատասխան տալ անգամ այն հարցերին, որոնք իրեն չեն առնչվում։
Եթե խոսքը վերաբերում է դրամի արժեւորման պատճառներին, ապա ԿԲ-ն պետք է փորձի բացատրություն տալ։ Սակայն եթե խոսում են հետեւանքներից, ապա այստեղ «մեղադրյալի» դերում պետք է հայտնվեր առաջին հերթին կառավարությունը՝ ի դեմս Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, որը ոչ կերպ չի արձագանքում տեղի ունեցող գործընթացներին։ Սակայն բոլոր այն մարդիկ, ովքեր 2 օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ դիտել են «5-րդ անիվ» հաղորդումը եւ լսել են ԿԲ նախագահի խորհրդական Ներսես Երիցյանին, այլեւս չեն զարմանա, որ քննադատության թիրախ դառնում է հենց ԿԲ-ն։
Հենց սկզբում հեռուստադիտողներին անակնկալ էր սպասվում. հարցման արդյունքում պարզվեց, որ ստուդիայում գտնվողների 78%-ը խնայողությունները պահում է դոլարով։ Իսկ հեռուստադիտողների զանգերից հետո այդ համամասնությունը գրեթե հավասարվեց։
Սակայն դա դեռ ամենը չէր։ Պարզվում է՝ մեր հասարակության մի ստվար հատված փորձ չի անում աշխատել եւ հույսը դրել է դրսից եկող փողերի վրա։ Սա` ըստ Ներսես Երիցյանի։ Ցավոք, ներկաներից ոչ ոք չհարցրեց՝ բա ինչի՞ վրա հույս դնեն, մի քանի կոպեկ գործազրկության նպաստի՞։ Պրն Երիցյանն էլ չպարզաբանեց, թե նորմալ վարձատրվող այդքան թափուր աշխատատեղեր Հայաստանում որտե՞ղ է տեսել։ Որքան հայտնի է՝ ԿԲ հավաքարարների թափուր տեղերն արդեն խոստացված են ԱԺ պատգամավորներին։
Չենք կարող ասել, թե ԿԲ նախագահի խորհրդականը, որը մեծ թվով մարդկանց պարզապես մեղադրեց «անկյալության» մեջ, արտահայտում էր իր սեփակա՞ն կարծիքը, թե՞ ԿԲ-ն այս հարցի շուրջ էլ է հարցումներ անցկացել։ Պրն Երիցյանը բնակչությանը մեղադրեց նաեւ այն բանի համար, որ վստահում են այլ երկրի արտարժույթին։ Ինչ վերաբերում է դրամի արժեւորման վնասակար ազդեցությանը, հատկապես արտահանող ճյուղերի վրա, ԿԲ խորհրդականի կարծիքով` դա չափազանցված է, որովհետեւ նրանք «բոլոր ծախսերն անում են դոլարով, տակը «մի երկու կոպեկ» բան է մնում, որ դրամով են անում»։ Իհարկե, միլիոնների գործարքներ անող ԿԲ ներկայացուցիչը կարող է «էրկու կոպեկի» մասին ունենալ իր ուրույն պատկերացումները։ Պրն Երիցյանը պարզապես ուզում էր ասել, որ մեր գործարարներն աշխատավարձի, հումքի եւ այլնի ծախսերը մեծ մասամբ անում են դոլարով, չնայած, որ օրենքը դա արգելում է, եւ այս դեպքում փոխարժեքի տատանումն էական ազդեցություն չի կարող ունենալ նրանց գործունեության վրա։
Սակայն թե՛ պրն Երիցյանի, թե՛ Տիգրան Սարգսյանի՝ ԱԺ-ում ասած խոսքերից կարելի է եզրակացնել, որ ԿԲ-ն այլեւս մտադիր չէ քավության նոխազ ծառայել։
Այսպես, երկար ժամանակ դրամի արժեւորումը ԿԲ-ն բացատրում էր տնտեսական աճով, պնդում էր, որ այդտեղ որեւէ սարսափելի բան չկա, եւ տնտեսության համար դաժան հետեւանքներ չի ունենա։ Եվ միեւնույն ժամանակ պատասխանում էր, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում։ Այսինքն, հանդես էր գալիս «ամբարտավան» դիրքերից եւ «ՏոՏՐՏՑՍՈ»-ի սկզբունքով պատասխանում իր հասցեին ուղղվող բոլոր քննադատություններին։ Սակայն արդեն սկսեցին ընդունել, որ դրամի արժեւորումն արդյունք է ոչ թե տնտեսական աճի, այլ դրսից եկող փոխանցումների (որոնք երկնիշ աճ ունեցող երկրին սազական չեն)։ Դրամի արժեւորումն էլ խփում է ներքին արտադրողներին. սա էլ են արդեն ընդունում։ Միեւնույն ժամանակ, Տ. Սարգսյանը փորձեց մեղադրանքը շուռ տալ հենց ԱԺ-ի դեմ, որն օրենքով ամրագրել է գնաճը զսպելու գերակայությունը։ ԿԲ-ն սկսեց բացեիբաց հայտարարել, որ լողացող փոխարժեքի պայմաններում մենք ունենալու ենք կա՛մ գնաճ, կա՛մ դրամի արժեքավորում։ Իսկ որ փոխարժեքը լողացող է, դա էլ Տ. Սարգսյանն ինքնուրույն չի որոշել։ ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանն էլ նույն հաղորդման ժամանակ հայտարարեց, որ խնդիրը միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ լուծել, հարկավոր է հաշվի առնել նաեւ ֆիսկալ քաղաքականությունը։ Սա նշանակում է՝ պետք չէ միայն մեզ մեղադրել, մեղադրել պետք է նաեւ կառավարությանը։ Իսկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հետաքրքիր բնորոշում տվեց՝ խե՜ղճ Կենտրոնական բանկ։ «Այսքան ժամանակ չեմ լսել, որ կառավարությունն անհանգստություն հայտնի ստեղծված վիճակի համար»,- ասաց Բ. Ասատրյանը։
Մենք էլ չենք լսել, որ, օրինակ, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն անհանգստություն հայտներ արտադրության եւ արտահանման աղետալի վիճակի առնչությամբ։ Այս կառույցը ժամանակին իր անվան միջից հանեց «արդյունաբերություն» բառը, քանի որ անիմաստ է լինել գոյություն չունեցող ոլորտի գերատեսչություն։ «Տնտեսական զարգացման» տեսակետից էլ կարեւորը երկնիշ թվերն են։ Կապ չունի՝ «էլիտարնե՞ր» ենք սարքում, թե՞ կազինոներ։ Սակայն գոնե առեւտրի մասով անհանգստություն պետք է լիներ, քանի որ արտաքին առեւտրի դեֆիցիտը գնալով մեծանում է։ Այսուհանդերձ, այս գերատեսչությունն իրականում շատ ավելի քննադատության արժանի դիրք է բռնել, քան ԿԲ-ն։ Օրինակ, Կ. Ճշմարիտյանը հայտարարում է, որ արտահանման ծավալներն ընկել են, բայց դա արժեւորման հետեւանք չէ։ Արտահանողներին էլ խորհուրդ է տալիս մոդեռնիզացվել կամ հրաժարվել շահույթի մի մասից։ Իրենք արտադրողներին օգնելու պես «մանր հարցերով» չեն զբաղվում, այլ զբաղվում են «Սի Էն Էն»-ով Հայաստանը գովազդելով։ Որ հետո շատ տուրիստներ գան, շատ դոլար մտնի, ու երբ դոլարի գինը հասնի 200 դրամի, հիմա էլ սկսեն զբոսաշրջիկներին մեղադրել։
Ու զարմանալի է՝ այսքան ժամանակ ինչպե՞ս է այս գերատեսչությանը հաջողվել հարմար թաքնվել ու խուսափել քննադատությունից։ Թեեւ պետք է նշել, որ մարդկանց այնքան էլ չի հետաքրքրում՝ իշխանության կոնկրետ ո՞ր ճյուղն է մեղավոր ստեղծված վիճակի համար՝ Կենտրոնական բա՞նկը, Կառավարությո՞ւնը, թե՞ Ազգային ժողովը։ Բոլորն էլ գոյատեւում են հասարակության հաշվին, եւ մարդկանց մուծած հարկերով արտասահմաններում շրջելուց ու գեղեցիկ անուններով անիմաստ կոնֆերանսներ անելուց բացի, պարտավոր են մի քիչ էլ հարկատուների մասին մտածել։
Իսկ առայժմ ամեն մեկն իր համար գծել է պարտավորությունների մի շրջանակ, որից ոչ մի գնով չի ուզում դուրս գալ՝ իրենց խնդիրը չէ։ Ամեն մեկն ունի իր անելիքը՝ մեկը գնաճ է զսպում, մյուսը` «Սի Էն Էն»-ով զբաղվում, երրորդն էլ պարզ չի, թե ինչով է զբաղված։ Իսկ թե դրանից դուրս ի՞նչ է տեղի ունենում, ոչ ոքի չի հետաքրքրում։ Դժվար է հավատալ, որ ցանկության դեպքում չի կարելի հավաքվել, միասնական լուծումներ գտնել, կոորդինացված գործել՝ կոնկրետ խնդիրը լուծելու համար։ Չէ՞ որ պետք եղած դեպքում իշխանությունները լա՜վ էլ միմյանց հետ համաձայնության են գալիս։ Մարդու մտքին տեղ լինի։ Կամ էլ պետք է ենթադրել, որ մեր իշխանավորների գրպանին դրամի արժեւորումը շատ չի խփում։ Չէ՞ որ նրանց եկամտի միակ աղբյուրը՝ աշխատավարձը, հայկական դրամով է։