Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը

07/05/2005

«Քրոնիմետ» ընկերությունը՝ 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան»
ԲԲԸ-ն՝ 15% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն եւ «Արմենիան
մոլիբդենիում փրոդակշն» ՓԲԸ-ն՝ յուրաքանչյուրը 12,5% բաժնեմասով:
«Քրոնիմետ» ընկերությունը նաեւ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի
բաժնետոմսերի 51%-ի փայատերն է, այսինքն, վերջին հաշվով «Քրոնիմետ»-ը ձեռք
է բերել Զանգեզուրի ՊՄԿ-ի բաժնետոմսերի 66,25%-ը: Ովքե՞ր են նշված
ընկերությունների սեփականատերերը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների,
«Քրոնիմետն» այնքան էլ գերմանական չէ, ինչքան որ ներկայանում է, եւ այս
ընկերությունում իր հետաքրքրություններն ունի ՀՀ նախագահի առաջին օգնական
Արմեն Գեւորգյանը: «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը
պատկանում է Պարույր Հայրիկյանին, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն»-ի
սեփականատերը Կարեն Կարապետյանն է, դե՛, իսկ «Զանգեզուր մայնինգ»-ը
պատկանում է Մաքսիմ Հակոբյանին, որը փաստացի վերահսկում է նաեւ Կապանի եւ
Ագարակի կոմբինատները: Կապանի դեպքում՝ պարոն Հակոբյանը վերահսկողությունն
իրականացնում է եղբոր՝ Մարտուն Հակոբյանի միջոցով, որին նշանակել է այդ
կոմբինատի տնօրեն: Հանրությանն անհայտ սույն գործարարը, որն, ի
տարբերություն օլիգարխների, տնօրինում էր պետության սեփականությունը,
Սյունիքի մարզում բարեգործի իմիջ է ստեղծել՝ աջ ձեռքով պետության գրպանից
գողացած գումարների մի չնչին մասը ձախով մարզի բնակչության անապահով
խավերին բաշխելով: Ձեռքի հետ էլ հասցրել է իր նախարարի համար գնել «Տոյոտա
Պրադո» թանկարժեք ջիփը, որի ձեռքբերումը նույնպես կատարվել է կոմբինատի
միջոցներով:
«Չունեմ»,- այսպես հերքեց Պարույր Հայրիկյանն այն լուրերը, թե Զանգեզուրի
Պղնձամոլիբդենային կոմբինատի Երեւանի Մաքուր երկաթի գործարանի
բաժնետոմսերի որոշ մասն իրեն են պատկանում: «Հոգեկան հիվանդ, ինչքան
ուզեք, կան, որոնք կարող են նման լուրեր տարածել,- ասաց Հայրիկյանը՝
հավելելով,- իհարկե, շատ կուզենայի այնտեղ բաժնեմաս ունենալ: Նաեւ
բարոյական իրավունք ունեմ, որովհետեւ 90-ականների ամենահարուստ քաղաքական
գործիչներից եմ եղել ու կարող էի ունենալ: Բայց, ցավոք, չունեմ»: