Օրերս ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ, Ստեփանակերտում տեղի ունեցավ Համաարցախյան երիտասարդական առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին թվով 60 երիտասարդներ՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից:
Շրջաններից եկած երիտասարդների կողմից բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին զբաղվածությանը, ազատ ժամանցին, տեղեկացվածությանը եւ այլն: Երիտասարդները նշեցին նաեւ, որ ամեն քայլափոխի խախտվում են երիտասարդների իրավունքները, սակայն շատերը նույնիսկ չգիտեն իրենց իրավունքների եւ դրանք պաշտպանելու մեխանիզմների մասին:
Գյուղաբնակ երիտասարդները փաստեցին, որ աշխատանք չունենալու պատճառով շատ երիտասարդներ չեն ամուսնանում, ինչը հետագայում նպաստում է գյուղի «մարմանը»: «Գյուղեր կան, որտեղ դպրոցում համարյա աշակերտներ չեն մնացել, գյուղերը մեռնում են»,- նշել է Հադրութի երիտասարդներից մեկը:
Խորհրդակցության վերջում երիտասարդները դիմում են հղել ԼՂՀ իշխանություններին, երկրի շահագրգիռ իրավասու կառույցներին, անհատ բարերարներին: Դիմումի մեջ մասնավորապես նշվում է, որ երիտասարդները, հանդիսանալով արցախյան գոյապայքարում հաղթանակած սերնդի ժառանգորդներ, ազգային եւ համամարդկային արժեքների կրողներ, բարձր դասելով հայրենի պետության ու ժողովրդի շահերը, հավատարիմ մնալով հայոց պետականության զորացման սկզբունքներին, հայ ազգային, հոգեւոր-մշակութային արժեքներին, ընդգծելով հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության կարեւորությունը, խնդրանքով դիմում են՝ երիտասարդական պետական քաղաքականության լիարժեք իրականացման համար Ստեփանակերտում կառուցել Երիտասարդական համալիր, երիտասարդական բոլոր միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծել Արցախի երիտասարդական հիմնադրամ, շրջկենտրոններում ստեղծել երիտասարդական ակումբներ` ապահովելով նյութատեխնիկական բազան, հանրապետական միջոցառումների մի մասը տեղափոխել շրջկենտրոններ, եւ այլն:
Երիտասարդները նաեւ նշեցին, որ գյուղական երիտասարդական կյանքի աշխուժացման, երիտասարդին գյուղում պահելու նպատակով երիտասարդներին անհրաժեշտ է տրամադրել երկարաժամկետ անգրավ վարկեր, երիտասարդ ընտանիքներին ապահովել բնակարաններով, ինչպես նաեւ՝ ապահովել երիտասարդների լիարժեք զբաղվածությունը` երիտասարդ կադրերի մասնագիտական վերապատրաստման, նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծման, փոքր եւ միջին բիզնեսի մեջ երիտասարդության մասնակցության խրախուսման եւ այլ հնարավոր միջոցներով: «Պետականորեն լուծել երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները, այդ թվում` օրախնդիր հիփոթեքային ծրագրի իրականացման եւ նրա հետագա ընդլայնման միջոցով, անհապաղ քննել ու վերացնել հանրապետական ծննդատանը տիրող կամայականությունները»,- նշվում է դիմումի մեջ:
Խորհրդակցության մասնակիցները որոշել են հետեեւողականորեն լինել բարձրացված հարցերի լուծման մեջ: Ի դեպ, շատերի գնահատմամբ, Ղարաբաղում երիտասարդների ուժերով սկսվում է ինքնակազմակերպման մի նոր գործընթաց: