Հեռուստաբժշկության անակնկալները տիեզերքում

29/10/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Երկրագնդի վրա հեռուստաբժշկությունը սկիզբ է առել այն օրվանից, երբ բժիշկը խորհրդատվության նպատակով վերցրել է հեռախոսն ու զանգահարել իր կոլեգային»,- ասում է «Դիագնոստիկա» կենտրոնի հեռուստաբժշկություն ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Հարություն Մուրադյանը: Նրա ներկայացմամբ, ժամանակակից հեռուստաբժշկությունը բաժանված է երկու հիմնական ուղղությունների` ներքին, որը գործում է տվյալ երկրի ներսում, եւ միջազգային հեռուստաբժշկություն, այսինքն` երկրից երկիր:

Միջազգային հեռուստաբժշկության ամենամեծ օրինակը Հայաստանի անվան հետ է կապված, երբ 1988թ. երկրաշարժից հետո հումանիտար օգնության շրջանակներում արբանյակային կապով սկսել է գործել հեռուստակամուրջ Երեւանի եւ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի միջեւ, որը ֆինանսավորել է ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիզերական ինստիտուտը: «ՆԱՍԱ-ի հետաքրքրությունների շրջանակներում է հեռուստաբժշկությունը, որովհետեւ նրանց գլխավոր նպատակն է` բժշկությունը տեղափոխել տիեզերք, այդ պատճառով ՆԱՍԱ-ի հիմնական գումարները ծախսվում են Միացյալ Նահանգների հեռուստաբժշկության զարգացման համար: Այդ ծրագրերը շատ հեռու են գնում, քան մենք պատկերացնում ենք: Օրինակ, Մարս մոլորակի վրա մարդիկ կարող են տարիներով բնակվել ու, եթե տիեզերագնացին բժշկական օգնություն է պետք ցուցաբերել, ապա ավելի ձեռնտու է ոչ թե բժշկին ուղարկել այնտեղ, այլ համապատասխան ծառայությունը կազմակերպել երկրի վրայից: Նրանք նույնիսկ վիրահատություն են իրականացնում հեռավորության վրա, դրա համար տեղադրված են ռոբոտացված համակարգով հատուկ վիրահատական սեղաններ: ԱՄՆ-ում նաեւ բազմաթիվ հանգամանքներ խանգարում են, որպեսզի ցանկացած ոք կարողանա դիպչել հիվանդին: Օրինակ, Հայաստանից մեկնած փորձառու բժիշկը, զուտ իրավաբանական անջրպետների պատճառով, մեծ ցանկության դեպքում էլ այնտեղ չի կարող անարգել վիրահատություն իրականացնել: Հիվանդի նույնիսկ սուբյեկտիվ բողոքի դեպքում էլ մեծ իրավաբանական խնդիրներ կարող են ծագել: Այդ պատճառով, այնտեղ ներարկումները շատ դեպքերում բժիշկներն են կատարում, այլ ոչ թե բուժքույրերը: Դա Միացյալ Նահանգների առանձնահատկություններից է: Հեռուստաբժշկությունն այս երկրում բանտերում է շատ տարածված, քանի որ բանտարկյալներն ավելի քիչ քաղաքացիական իրավունքներից են օգտվում: Ամերիկացիները հեռուստաբժշկությունն օգտագործում են նաեւ քաղաքական նպատակներով»,- ասում է Հ. Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հեռուստաբժշկությանը, ապա, մեր զրուցակցի հավաստմամբ, ներկայումս մեզ մոտ այն մի քանի ազգային առանձնահատկությունների եւ սովորույթների պատճառով չի կարողանում իրեն արդարացնել: Նախ, վատորակ ինտերնետային կապի շնորհիվ խափանվել է ներքին հեռուստաբժշկությունը Իջեւանի մարզային ճյուղի հետ: «Բացի այդ, երբ սկսեցինք միջազգային հեռուստաբժշկությունում օրինական փաստաթղթերով աշխատել, ուրիշ խնդիրներ էլ առաջացան, նույնիսկ էթիկական բնույթի: Պարզվում է, այսօր Եվրոպայում առողջապահության մի ամբողջ ճյուղ է ստեղծված, որը կոչվում է բիոէթիկա, դա մի գիտություն է, որը զբաղվում է հիվանդի իրավունքներից բխող հարցերով, այսինքն, հարց է առաջանում, թե արդյոք հիվանդը ցանկանո՞ւմ է, որ իր տվյալները տարածվեն ամբողջ աշխարհում, չէ՞ որ ինտերնետի միջոցով այդ ինֆորմացիան հասու է շատերին: Թեպետ հայերի ազգային առանձնահատկության մեջ չի մտնում բողոքելը եւ դրանով փող աշխատելը: Ինչպես նշեցի` այդ մեթոդն արտասահմանում, մանավանդ` ԱՄՆ-ում է շատ տարածված: Իրավաբանները վխտում են հիվանդանոցներում, գործ են փնտրում, նույնիսկ հիվանդներին դրդում են բողոքել բժիշկների դեմ: Սակայն մենք Հայաստանում առնչվեցինք այլ հոգեբանական խնդրի հետ, որը նաեւ անսպասելի էր. հայ բժշկին շատ դժվար է ստիպել, որ նա խոստովանի, որ ինքը խորհրդատվության կարիք ունի: Բժիշկները խուսափում են դրանից: Մենք դիմեցինք «երկրորդ կարծիք» հասկացության օգնությանը, որի դեպքում գործում է այն չգրված օրենքը, որի համաձայն` որոշիչը բուժող բժշկի կարծիքն է: Սակայն այդ քայլն էլ չարդարացրեց, որովհետեւ մեր ազգային մտածելակերպի ստերեոտիպերում, եթե բժիշկը դիմում է երկրորդ կարծիքի տարբերակին, ապա հիվանդը կասկածում է այդ բժշկի գիտելիքներին: Եթե բժիշկը կարծում է, որ տարակարծություն կարող է լինել, արդեն բուժական պրոցեսում առաջ է գալիս դիսոնանս: Դրա համար մեր ծառայությունը մեծ դժվարություններով է գործում, եւ կոնկրետ հիվանդի համար «արգելակվեց» այդ ծառայությունը: Նույն հոգեբանական խնդիրներն առաջացել են եւ Մոսկվայում, եւ Կիեւում»,- նշում է Հ. Մուրադյանը: Հեռուստաբժշկության ընձեռած բժշկական խորհրդատվությունից Հայաստանում այս տարի օգտվել է ընդամենը 3 մարդ: Ինչպես տեղեկացնում է կենտրոնի հեռուստաբժշկություն ծառայության ղեկավարը, հեռուստաբժշկության բնագավառում Հայաստանը միջազգային համագործակցության համար պատրաստ է միայն տեխնիկապես: Նրա հավաստմամբ, բժշկական խորհրդատվությունը հիմնականում հեշտ է իրականացնել ռադիոլոգիական պատկերների միջոցով, երբ ժամանակակից թվային տեխնիկայի շնորհիվ այդ լուսանկարները հայտնվում են ԱՄՆ-ի ցանկացած բժշկի առջեւ: Ռադիոլոգի խոսքերով, սկզբնական շրջանում ինտերնետային հեռուստաբժշկությունը գործել է ԱՄՆ-ի Ելի համալսարանի հետ, հետո համագործակցությունը տեղափոխվել է Վերջինիայի համալսարանի հեռուստաբժշկության լաբորատորիա: Այս ժամանակահատվածում նշված ծառայությունից հասցրել են անվճար օգտվել շատ ճանաչված մարդկանց կանայք ու ծնողներ, որոնց անունները նա չկարողացավ նշել: Սակայն հետո այս ծառայության, այսինքն` կոնսիլիում խորհրդատվության համար 100 ԱՄՆ դոլարի չափով գումար է սահմանվել, ինչը շատերի համար ներկա պայմաններում խոշոր գումար կարող է համարվել: «Մենք խորհրդատվությունը կազմակերպում ենք «օն-լայն» ձեւով. ինտերնետի միջոցով կարողանում ենք հսկել նաեւ դրսում վիրահատված հիվանդի հետվիրահատական ընթացքը: Արտասահմանցիներն էլ են շահագրգռված այս ծառայության իրագործմամբ, քանի որ ՆԱՍԱ-ի կողմից դրամաշնորհ ունեն շահած եւ պետք է ցույց տան, որ իրենց ծառայությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշում է Հարություն Մուրադյանը: