2004թ. սկսած ՀՀ առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա իրականացվում է 25,5 մլն ԱՄՆ դոլարի երկրորդ վարկային քառամյա ծրագիրը, որը հիմնականում ուղղված է հիվանդանոցային համակարգի արդիականացմանը:
Այս համատեքստում 2005թ. իրականացվում է նաեւ բուժհաստատությունների միավորման գործընթացը, որը մեզանում ստացել է բուրգ անվանումը: Ինչո՞ւ բուրգ, որովհետեւ անհայտ ինչ-որ մեկը դրանք նմանեցրել է բուրգերի, եւ միավորված բուժհաստատություններն այդպես էլ սկսել են կոչել, չնայած ամբողջ աշխարհում դրանք հայտնի են միավորում անվամբ: Ինչեւէ, խնդիրն անունների մեջ չէ, որովհետեւ, եթե խորամուխ լինենք անունների մեջ, կնկատենք, որ դրանք, չգիտես ինչու, եկեղեցիների անուններով են կոչել, օրինակ` Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մարիամ Աստվածածին: Խնդիրը բովանդակության մեջ է: Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի կարծիքով, առողջապահական համակարգն այսօր ապրում է ծանր ռեֆորմների իրականացման ժամանակաշրջան, չնայած դրան, նրա խոսքերով, այսօր մեր բնակչության 90 տոկոսը դժգոհ է հիվանդանոցային առկա համակարգից: «Միաժամանակ պետությունն էլ է դժգոհ, որովհետեւ համակարգը սխալ է կառուցված: Ընդհանրապես հիվանդանոցային համակարգը շատ բարդ է: Այն նկարագրվում է գերկարողություններով: Այս խնդիրն առկա է հիմնականում Երեւանում, որտեղ մինչեւ բուրգերի ստեղծումը 47 հիվանդանոց կար, որոնք աշխատել են խիստ թերծանրաբեռնվածությամբ, իսկ 1 մլն բնակչության հիվանդացությունը, աշխարհում ընդունված նորմատիվներով եթե հաշվի առնենք, անգամ խիստ մատչելիության պարագայում, ապա դրանք շռայլություն կարելի է համարել: Այդ հիվանդանոցներն աշխատել եւ աշխատում են իրենց հնարավորությունների 30-40 տոկոսով: Դրա համար բյուջեի միջոցներն անընդհատ ավելացնում ենք եւ արդյունք չենք ստանում: Եթե անգամ ֆինանսական խնդիրներ չլինեին, եւ դիմելիությունը ավելանար, մեր հիվանդանոցները կմնային թերբեռնված, որովհետեւ համակարգը ձեւավորվել է Սովետական Միության ժամանակ, որի արդյունավետության ցուցանիշը եղել է շատ մահճակալների առկայությունը: Փորձը ցույց է տալիս, որ մահճակալների ուղղակի կրճատումը չի բերում այն արդյունավետությանը, որն անհրաժեշտ է համակարգի արդյունավետության համար: Խոսքը նոր տեխնոլոգիաների ներդրման մասին է: Ժամանակակից հիվանդանոցի նկարագիրն ամբողջ աշխարհում փոխվել է. դա ոչ թե մեծ հիվանդանոցն է, այլ այն հիվանդանոցը, որտեղ շատ հիվանդներ են բուժվում: Մենք փորձում ենք ներդրումների վրա հիմնված համակարգից անցնել արդյունքի վրա հիմնված համակարգի: Այսինքն, բժիշկների կատարած աշխատանքի արդյունավետությունը նաեւ կախված է նրանց ունեցած հիվանդների քանակից: Ցանկացած զարգացած եւ ոչ զարգացած երկրների համար 80 տոկոսն այն մինիմալ տոկոսն է, որի իջնելու դեպքում հիվանդանոցը փակվում է: Այսօր Հայաստանն իր հիվանդանոցային համակարգով իրեն դրսեւորում է ամենահարուստ երկրի նման, որովհետեւ պահում է այն բոլոր հիվանդանոցները, որոնք 30 տոկոսով են աշխատում»,- նշում է ԾԻԳ-ի ղեկավարը, որի կարծիքով` ամբողջ աշխարհում ապացուցված ամենաարդյունավետ ճանապարհը նմանատիպ ծառայությունների միավորումն է: Տարածված կարծիք կա, թե օպտիմալացումն իր հետ բերում է գործազուրկների մեծ բանակ: Այս առումով նա հավաստիացնում է, որ ոչ մի մասնագետի կրճատման խնդիր չի առաջանում, փոխարենը կրճատվում են ավելորդ հաշվապահությունները, պահակները եւ ավելորդ համակարգչային մասնագետները: Այսօր Երեւանում կա 3 բուրգ` «Գրիգոր Լուսավորիչը», «Սուրբ Մարիամ Աստվածածինը» եւ «Համալսարանական կլինիկան»: Չորրորդ միավորումը, որը Քանաքեռ-Զեյթունն է եղել, դուրս է մնացել ծրագրից: Յուրաքանչյուր միավորման համար նախատեսված է ներդնել 3 մլն դոլար: Մեր հարցին, թե, եթե այդքան արդյունավետ է բուրգերի կազմավորման ուղին, ինչո՞ւ մնացած հիվանդանոցներում էլ այն չի ներդրվում, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Համաշխարհային բանկը ցույց է տալիս այն ճանապարհը, որով կարելի է շարժվել: Մենք այս ճանապարհով պիտի ցույց տանք մնացածներին, որ սա առաջ գնալու, զարգացման միակ ճանապարհն է: Այս ճանապարհով կարելի է խուսափել սոցիալական ցանկացած բացասական երեւույթներից: Նախնական տվյալներով, բուրգերում ծանրաբեռնվածությունն ավելացել է, օրինակ «Գրիգոր Լուսավորիչում» 2004 թվականից` 54 տոկոսից այն հասել է 70 տոկոսի: Սա արվել է մեխանիզմների շնորհիվ: Բուրգերում արդեն արձանագրվում է մեծ առաջընթաց, իսկ մնացած հիվանդանոցներում այսպիսի աճ չկա: Այդ բուրգերն այսօր պետական ամենալավ հիվանդանոցներն են: Թյուր կարծիք կա, որ եթե բուրգերում ներդրումներ են արվում, ուրեմն դրանք ամենավատն են: Ներկայումս ընթանում է սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Վերանորոգումների համար նույնպես գումարներ կտրամադրվեն»,- հավաստիացնում է Սերգեյ Խաչատրյանը: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ 2005թ. կազմավորված բուրգերից դուրս մնացած հիվանդանոցները չպետք է սրտնեղեն ՀԲ-ից, որովհետեւ նախատեսված գումարները բավականացրել են միայն երեքի համար: Ինչպես նախանշում է պրն Խաչատրյանը, մնացած հիվանդանոցները պետք է օրինակ վերցնեն եւ զարգանան այս ուղիով: Իսկ թե արդյոք ՀԲ-ի նման հարուստ ֆինանսավորողներ կգտնվե՞ն այդ օրինակելի ճանապարհին, թե՞ ոչ, դա երկրորդական հարց է:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն, բուրգերից ավելի շատ տուժել են գլխավոր բժիշկները, որովհետեւ մի քանի հաստատություն ներառող բուրգը կառավարում է ընդամենը մեկ տնօրեն եւ մեկ գլխավոր բժիշկ: Այդ ծանրաբեռնվածության արդյունքում, սակայն, կարող է տուժել նրանց կատարած աշխատանքի արդյունավետությունը: